Կառավարությունը գիտնականներին ուլտիմատում է ներկայացրել․ ինչ հայտարարություն կընդունվի

Կառավարությունը գիտնականներին ուլտիմատում է ներկայացրել․ ինչ հայտարարություն կընդունվի

Գիտությունների ազգային ակադեմիայում մեկնարկել է տարեկան ընդհանուր ժողովը, որի գլխավոր թեման ՀՀ պետական բուհերի խոշորացման և գիտահետազոտական կազմակերպությունների հետ ինտեգրման հարցի քննարկումն է։

Բացման խոսքում ԳԱԱ նախագահ Աշոտ Սաղյանը ցավով արձանագրեց, որ ոչ մի քննարկումներում, նախաձեռնություններում ակադեմիան ներգրավված չէ, ավելին՝ պետական օղակներից իրեն ասել են, որ դա ակադեմիայի գործը չէ։

Այս պահին դեռ ընթանում է ընդհանուր ժողովը, որի ընթացքում էմոցիոնալ եւ խիստ ելույթներ են հնչում։ Մասնավորապես՝ պատմաբան Աշոտ Մելքոնյանը, Բյուրականի աստղադիտարանի տնօրեն Արեգ Միքայելյանը նշեցին, որ կառավարությունն իրենց հետ ուլտիմատումներով է խոսում եւ մինչև 2027թ․ հունվարի 1-ն իրենց ժամանակ է տվել՝ մտածել այս խոշորացման ուղղությամբ, այլապես 2027թ․ հունվարի 1-ից պետությունը չի ֆինանսավորելու ակադեմիական համակարգում գտնվող ինստիտուտները, ավելին՝ մինչ 2027 թվականն էլ որպես «պատժիչ գործիք» կիրառելու է գիտնականների ատեստավորման կարգը։ Դրա մասին մենք բազմիցս գրել ենք։ Սա շատ բարդ ընթացակարգ է, որը շատ քիչ գիտնականներ են ի զորու հաղթահարել։

Նշենք, որ գիտնականները վճռական են տրամադրված։ Նրանք համատեղ հայտարարություն կընդունեն, որում կարտահայտվի նրանց դիրքորոշումը ակադեմիական քաղաքի վերաբերյալ։