Հայկ Մարությանն այս անգամ էլ ավտոբուսների մրցույթում է «խաղեր տվել»

Հայկ Մարությանն այս անգամ էլ ավտոբուսների մրցույթում է «խաղեր տվել»

Այս տարվա ապրիլի 20-ին Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանն իր ֆեյսբուքյան էջում գրառում կատարեց՝ հայտարարելով, որ այդ օրը ստորագրել է 161 հատ 8,6 մետրանոց նոր քաղաքային ավտոբուսների ձեռքբերման պայմանագիր։ Գրառմանը կից նա տեղադրել էր չինական Zhong Tong ավտոբուսի լուսանկարը՝ ցույց տալով, որ հենց այսպիսի ավտոբուսներ են վեց ամսվա ընթացքում մատակարարվելու եւ մտնելու երեւանյան երթուղիներ։ Ավտոբուսները, ըստ Մարությանի, CNG Green line («կանաչ») շարժիչով են, ինչը նշանակում է, որ դրանք հագեցած են գազով աշխատող ներքին այրման շարժիչով։ Այսինքն՝ այնքան էլ «կանաչ» չեն, բայց դիզելային կամ բենզինային շարժիչով փոխադրամիջոցների համեմատ ավելի քիչ են աղտոտում մթնոլորտը։ 
Առաջին հայացքից գեղեցիկ ու դրական թվացող այս նորության տակ, կարծես թե, հերթական խայտառակ կոռուպցիոն սխեման է թաքնված։ Համենայնդեպս, այդ մասին է վկայում տարրական տրամաբանությունը։

Բանն այն է, որ Երեւանի քաղաքապետն այս դեպքում եւս, ինչպես աղբատար «ԿամԱԶ»-ների մրցույթի ժամանակ, տեխնիկական պարամետրերն արհեստական կերպով հարմարեցրել է կոնկրետ մեկ ընկերության, այս դեպքում՝ չինական նշված ընկերության արտադրած ավտոբուսների տեխնիկական պարամետրերի հետ, որպեսզի այլ ընկերություն չկարողանա մասնակցել ու հաղթել։ Բայց ինչպես աղբատար մեքենաների դեպքում, այս անգամ էլ մցրույթին որոշել է մասնակցել բելառուսական «ՄԱԶ» ընկերությունը՝ ներկայացնելով գին-որակի ընդունելի համադրությամբ ժամանակակից ավտոբուսներ։ Բայց Հայկ Մարությանը որոշել է, որ պետք է մրցույթում հաղթի իր «կպցրած» չինական այս անհասկանալի ընկերությունը։ Թե ինչ շահ ունի նա այս հարցում, կարելի է կռահել։ Երեւի նույն շահը, ինչ «ԿամԱԶ»-ների դեպքում է ունեցել։

Եվ եթե «ԿամԱԶ»-ների դեպքում շարժիչի տվյալների մասով էին մանիպուլյացիա արել, որ այլ ընկերությունը հանկարծ չհաղթի, այս ավտոբուսների պարագայում էլ որոշել են դիմապակու կառուցվածքի եւ եւս երկու այլ մանր, ոչ էական «չափանիշներ» սահմանել, որ մրցակից ընկերությունը դուրս մղվի։ Ընդ որում, այս անգամ մրցույթը «ՄԱԶ»-ի վրա բավականին թանկ է նստել․ նրան պարզապես գցել են սեւ ցուցակ՝ անհասկանալի հիմնավորմամբ եւ օրենքի խախտմամբ։ «ՄԱԶ»-ի ներկայացուցիչը հաստատեց մեր այս տեղեկությունը՝ նշելով, որ իրենց համար անընդունելի է ֆինանսների նախարարության որոշումը, եւ իրենք պատրաստվում են բողոքարկել այն, որ դուրս գան սեւ ցուցակից։

Իսկ ի՞նչ է տեղի ունեցել, ինչպե՞ս է «տենդերների գուրու» Մարությանը հերթական անգամ հասել իր նպատակին։ Բանն այն է, որ նրա հրապարակած չինական Zhong Tong մակնիշի ավտոբուսների դիմապակին հին, «սովետական» տարիների ավտոբուսների ոճով՝ երեք մասից է բաղկացած․ երկու մեծ դիմապակի եւ մեկ հորիզոնական բարակ շերտ։ Սա ե՛ւ անվտանգության, ե՛ւ ամրության, ե՛ւ տեսադաշտի առումով պակաս էֆեկտիվ է, քան մեկ ամբողջական մեծ ապակին։ Առհասարակ, ժամանակակից ավտոբուսները վաղուց այլեւս նման կառուցվածքով դիմապակիներով չեն սարքվում։ Բայց քաղաքապետը որոշել է, որ մրցույթին կարող են մասնակցել միայն այն ավտոբուսները, որոնք ունեն նման կտրտած ապակիներ։

Դրա համար նրանք մրցույթի տեխբնութագրում հատուկ նշել են, որ ավտոբուսի դիմապակին պետք է բաղկացած լինի երեք մասից. «Դիմապակի (հողմապակի) եւ պատուհաններ՝ կողային (այդ թվում` վարորդի կողքի) ապակիների վրա շարժական բացովի փեղկերի, դիմապակին՝ եռաշերտ, երեք կտորից բաղկացած, ետեւի ապակին՝ թրծված»: Այս եւ մի քանի այլ նախադասություն բավական են եղել, որ բելառուսական ընկերությունն ի սկզբանե զրկվի մրցույթում հաղթելու հնարավորությունից։


Արդյունքում «ՄԱԶ» մակնիշի առաջարկած ավտոբուսները չեն համապատասխանել մրցույթի չափանիշներին եւ դուրս են մնացել պայքարից։ «ՄԱԶ»-ի առաջարկը մերժվել է նաեւ սրահի հատակի կառուցվածքի պատճառաբանությամբ։

Մրցույթի հայտարարության մեջ նշել են, որ ուղեսրահի հատակը պետք է պատրաստված լինի կվարցային ավազից, ամուր, ջրակայուն, դիմանա եղանակային բոլոր պայմաններին, լինի հեշտ մաքրվող։ «ՄԱԶ»-ն առաջարկել է դարձյալ նմանատիպ հատակ, բայց այլ հումքից պատրաստված՝ չսահող, հեշտ մաքրվող։ Նաեւ անվադողերի չափերի մասով են այնպիսի պարամետրեր նշել, որ դարձյալ «ՄԱԶ»-ը չհամապատասխանի։

Եվ այս ամենի պատճառով ոչ միայն «ՄԱԶ»-ը չի հաղթել մրցույթը, այլեւ նրան սեւ ցուցակ են գցել, որպեսզի երկու տարի այլեւս չկարողանա մասնակցել որեւէ մրցույթի եւ, ըստ էության, չխանգարի իրենց պլանների իրականացմանը։