Նիկոլ Փաշինյանը ներկայացավ դատարան․ նա կհարցաքննվի

Նիկոլ Փաշինյանը ներկայացավ դատարան․ նա կհարցաքննվի

Արթուր Այվազյանի (Մանախ) գործով որպես վկա քիչ առաջ դատարան ներկայացավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Մինչ նրա գալը անվտանգության աշխատակիցները եկել էին դատարան եւ զննում էին տարածքը։ 

Նշենք, որ տեւական ժամանակ էր, ինչ այս գործով նիստերը տեղի չէին ունենում Փաշինյանի պատճառով, նրան որպես վկա պետք է հարցաքննվեր, սակայն նա դատարան չէր ներկայանում․ մեկ անգամ ԱԺ-ում կառավարության ծրագիրն էր ներկայացնում, մյուս անգամ Բելգիայի Թագավորությունում էր, վերջին անգամ էլ Վիեննայում էր։

Ըստ մեղադրական եզրակացության՝ Արթուր Այվազյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, 31.03.2017թ․ ժամը 22:40-ի սահմաններում Անդրանիկի փող․ թ․ 53 շենքի բակում անթաքույց արհամարհանք դրսևորելով հասարակության հանդեպ, «Ելք» դաշինքի համակիր Հայկ Սարգսյանի նկատմամբ բռնություն գործադրելով, կոպիտ կերպով խախտել է հասարակական կարգը:
Միջադեպը եղել է «Ելք» դաշինքի քարոզարշավի ընթացքում եռագույնի շուրջ առաջացած խոսակցությունից, որի արդյունքում զենք է գործադրվել: Արթուր Այվազյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 2-րդ մասով (Խուլիգանություն, որը զուգորդվել է անձի նկատմամբ բռնություն գործադրելով) եւ 235-րդ հոդվածի 1-ին մասով (ապօրինի կերպով զենք պահելը կամ փոխադրելը):