Պուտինի ԱԽ նիստը եւ Բաքու-Նովորոսիյսկ նավթամուղը

Պուտինի ԱԽ նիստը եւ Բաքու-Նովորոսիյսկ նավթամուղը

Ոչ պաշտոնական աղբյուրներից հայտնի է, որ այսօր վաղ առավոտյան ադրբեջանական նավթը վերստին սկսել է հոսել Բաքու-Նովորոսիյսկ խողովակաշարով: Նավթի արտահանման այդ ուղին փակ էր ընթացիկ տարվա հունվարի 1-ից: Իրազեկ շրջանակները խոսում են, որ այդ ընթացքում ռուս-ադրբեջանական բանակցությունների մի քանի փուլ է ընթացել, բայց՝ ապարդյուն: Եւ ահա յոթամսյա դադարից հետո Ադրբեջանը վերսկսում է նավթի առաքումը դեպի Ռուսաստան: 1994թ. «դարի համաձայնագրից» հետո Ադրբեջանը, BP-ին եւ Ռուսաստանը ջենտլմենական պայմանավորվածություն ունեին, որ ադրբեջանական նավթի 80 տոկոսն արտահանվի Բաքու-Ջեյհան, 20-ը՝ Բաքու-Նովորոսիյսկ խողովակաշարով: Այս տարեսկզբին, ինչպես արդեն ասվեց, Ադրբեջանը միակողմանիորեն խախտել էր պայմանավորվածությունը:

Հայ-ադրբեջանական սահմանային լարվածության ֆոնին դեպի Ռուսաստան ադրբեջանական նավթի արտահանման վերսկսումն, անշուշտ, քաղաքական, կարելի է անգամ ասել՝ աշխարհաքաղաքական իմաստ է ստանում: Մանավանդ եթե նկատի ունենանք, որ դրանից ժամեր անց Ռուսաստանի նախագահը գումարել է Անվտանգության խորհրդի նիստ եւ պատրաստակամություն հայտնել ստանձնելու միջնորդի դեր, որպեսզի իրավիճակը լիցքաթափվի եւ վերահաստատվի հարաբերական կայունությունը: Ո՞րն է Բաքու-Նովորոսիյսկ նավթային տրանզիտի տնտեսական գինը՝ կարեւոր չէ: Քաղաքական արժեքն անկասկած ավելի բարձր է: Ադրբեջանի եւ Ռուսաստանի պարագայում դա ակնհայտ է, մանրամասնելու հարկ չկա: Ո՞րն է լինելու մեր շահաբաժինը: