Շատ դժբախտ մարդ է Նիկոլը

Շատ դժբախտ մարդ է Նիկոլը

Բառիս բուն իմաստով շատ դժբախտ մարդ է Նիկոլ Փաշինյանը։ Արցախում, Հայաստանում հասկացանք, որ մարդիկ նրանից փախչում են։ Եթե ինքը ֆիզիկական գոյություն չլիներ, այլ ասենք մի տարածք լիներ, առանց այլևայլության մարդիկ կասեին՝ ինչների՞ս է պետք, հանձնենք, թող գնա։ Ամայի, դժբախտ ու դժգույն մի տարածք է, արժե՞ գլուխ դնել։ Բայց քանի որ ինքը տարածք չէ, այլ Նիկոլ Փաշինյանն է, փորձենք հասկանալ՝ եթե իր հանձնած տարածքները, որոնց մասին ասում էր, որ «դժբախտ ու դժգույն են» , ինքը ինչու՞ է դժբախտ։

Արցախում ու Հայաստանում հասկացանք, թե նրան ինչու՞ են «շշում» , գոնե Ադրբեջանում, Թուրքիայում նրան մեծարեն։ Հասկացանք, որ Արցախում ու Հայաստանում բոլորիս «դաղել է, ասեղի ծակով անցկացրել, թշնամու ջաղացին էլ ջուր է լցրել» և դրա համար մարդիկ իրենց տեղը չեն գտնում․ աջ ու ձախ քրեական հոդվածներին ենթակա վիրավորանքներ են արտաբերում, Ադրբեջանին, Թուրքիային  ի՞նչ է արել։

Առոք-փառոք, տեղը տեղին Արցախը վերցրել ու նրանց է հանձնել, ասել կարդաշներ, առեք, քաղաքավարի կերեք՝ դանակ- պատառաքաղով, հանկարծ միանգամից համփ չանեք։ Կերեք ու կշտացեք։ Հաշվի է առել քաղաքավարության բոլոր կանոնները, անգամ իրավունքի տեսանկյունից անձեռոցիկ է մատուցել։ Հայաստանի տարբեր փափուկ մասերից կտորներ է հյուրասիրել, ասելով՝ լիացե՜ք․․․ Որ պակասություն անի, ձայն հանեք։ Մեծ-մեծ Թուրքիա է գնացել՝ Էրդողանի երդմնակալությանը, կարգով, շարքով բոլորի սիրտը շահել։ Ասել, խոսել, ծիծաղել, ծիծաղեցրել, իհարկե, ինչպես Արարատ Միրզոյանը կասեր՝ դիվանագիտական առումով։ Հիմա երկու կողմն էլ՝ և՛ հայկական, և ադրբեջանական, սադրիչ նկարներ են հրապարակում։ Հայկական կողմին հասկացանք, որ սադրում են, բա թուրքական, ադրբեջանական լրատվամիջոցները ինչու՞ են սադրում։ Նրան փառաբանող հոդվածներ, նկարներ գցելու փոխարեն, այնպիսի նկարներ են դնում, որ ուզում ես հարցնել՝ կասե՞ք էս մարդը ձեզ լավությունից բացի ի՞նչ է արել, որ այդպես նսեմացնում եք։ Որ ասում են լավություն անողի գդակը ծակ է, հիմա Փաշինյանինն է։ Է՞լ ինչ անի, որ գոհ մնաք։ Որ մարդու արածը չեն գնահատում, ամենադժբախտ մարդն է նա։