Ռուսաստանի կազմակերպությունները հրաժարվում են հանդիպել Սինանյանի հետ

Ռուսաստանի կազմակերպությունները հրաժարվում են հանդիպել Սինանյանի հետ

Իմքայլականների թիմը վերջերս ակտիվորեն «քայլում» է ՌԴ մայրաքաղաքի ուղղությամբ: Փաշինյանի վստահելի նախարար Սուրեն Պապիկյանը հայ-ռուսական բարձրագույն հանձնաժողովում հայկական կողմի ներկայացուցիչն է, որը պետք է քննարկի հայ-ռուսական օրակարգի հարցերը: ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն էլ պատրաստվում է երկարատեւ ուղեւորության դեպի ՌԴ: Նա փետրվարի 24-ից մինչեւ մարտի 7-ը այցելելու է տարբեր քաղաքներ՝  Մոսկվա, Տյումեն, Սարատով, Եկատերինբուրգ, ռուսական սփյուռքի, գործարար շրջանակների հետ է հանդիպելու, համագործակցության հարցեր է քննարկելու, ինչպես ներկայացնում է նրա գրասենյակը: 

Սինանյանը գալիս է՝ ՌՀՄ կառույցներն Աբրահամյանի տակից հանելո՞ւ

Սակայն Մոսկվայում համոզված են, որ Սինանյանի բուն նպատակը ՌԴ-ում, որտեղ աշխարհի ամենամեծ հայկական սփյուռքն է, Նիկոլին հավատարիմ ռուսական կազմակերպություններ ունենալն է, նիկոլական քաղաքականությանն ընդդիմացող «Ռուսաստանի հայերի միությանն» այլընտրանք ստեղծելն ու միության տարածաշրջանային կառույցներն Արա Աբրահամյանի «տակից» դուրս բերելը: Որքանով դա կհաջողվի, կերեւա, բայց ՌՀՄ Մոսկվայի գործադիր կոմիտեի  ղեկավար Շահեն Պետրոսյանին, կարծես, արդեն «դուրս են բերել»: Մեր տեղեկություններով, Զարեհ Սինանյանը նրան պատրաստվում է իր ներկայացուցիչը նշանակել Մոսկվայում: 

Նախապատրաստելով իր այցը՝ Սինանյանը փետրվարի 22-ին հանդիպել է «Ի գործ» ծրագրով Հայաստանի պետական մարմիններում աշխատող ռուսական սփյուռքի ներկայացուցիչների հետ: «Իգործականներն իրենց քաղաքների սփյուռքին վերաբերող մտքեր են փոխանակել, ինչպես նաեւ այն մասին, թե ինչ հարցեր կարող են ակտուալ լինել տեղացի հայերի համար»,- ասվում է հանձնակատարի գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ: 
Փաստորեն, Սինանյանն իր այցի օրակարգը ձեւավորելիս հանդիպում է կառավարահպատակ ռուսաստանցիների հետ, որոնց աջակցության հարցում վստահ է: Մինչդեռ ՌԴ սփյուռքի ներկայացուցիչները, այնտեղ բնակվող հայերն իրենց «կուռքերն» ունեն՝ ի դեմս Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի, Սամվել Կարապետյանի (Տաշիր Սամո), այլոց: Ինչ վերաբերում է Զարեհ Սինանյանին, ապա վերջինս ՌԴ-ում առանձնապես համարում չունի: Ռուսաստանի հայերը նրա աջակցությունը չեն զգացել անցած տարվա դժվարին պահերին, երբ չէին կարողանում վերադառնալ հայրենիք, կորցրել էին աշխատանքը եւ մնացել փողոցներում, երբ միջադեպեր էին տեղի ունենում ադրբեջանցիների հետ: Այն ժամանակ Զարեհ Սինանյանը բացակա էր: 

Ինչպե՞ս են այս ամենին վերաբերվում Ռուսաստանի հայերի միությունում

Արդյո՞ք Սինանյանն իր այցի շուրջ որեւէ քննարկում ունեցել է իրենց հետ, եւ ո՞րն է Սինանյանի գալու նպատակը: Ռուսաստանի հայերի միության մամուլի ծառայությունից, մեր հարցերին պատասխանելով, նշեցին, որ իրենց հայտնի չէ, թե ինչ նպատակով է Սինանյանը ժամանում Ռուսաստան, իրենք ոչ մի պաշտոնական նամակ նրանից չեն ստացել, բայց գիտեն, որ գալիս է: «Եղել է հանդիպելու բանավոր առաջարկ, նրա գրասենյակից բազմաթիվ զանգեր են եղել մեր տարածաշրջանային կազմակերպություններ՝ երկիմաստ հարցերով, որոնց նպատակն էր՝ շրջանցելով կենտրոնական գրասենյակը, կապեր հաստատել ռեգիոնների հետ: Այս անգամ միության վարչությունը Սինանյանին հանդիպելու իմաստ չի տեսնում: Մենք երկու անգամ ընդունել ենք պարոն Սինանյանին՝ գրասենյակում, նրա հետ հանդիպելու նպատակով եկել էին ռեգիոնալ բաժինների ղեկավարները՝ Կամչատկայից մինչեւ Մուրմանսկ, Կրասնոդարից եւ Ստավրոպոլից, Ուֆայից մինչեւ Օմսկ եւ Նովոսիբիրսկ: Ելույթ են ունեցել, առաջարկել են, հարցեր են բարձրացրել եւ պաշտոնապես փոխանցել են մեր առաջարկների փաթեթը: Բայց, դատելով արձագանքից, ռեակցիայի բացակայությունից, գլխավոր հանձնակատարի գրասենյակին չի հետաքրքրում համագործակցությունը:

Ըստ էության, քննարկելու ոչինչ չկա, բացի մեկ հարցից, թե ուր անհետացան փողերը, որոնք սփյուռքը պատերազմի ժամանակ ուղարկել է «Հայաստան» համահայկական գրասենյակի հաշիվներին: Բայց Ռուսաստանի հայերի միությունը, ինչպես հայտնի է, գումար չի հավաքել, այլ խորհուրդ է տվել մեր բոլոր բաժիններին եւ կողմնակիցներին՝ կոնկրետ երկու օֆիցիալ հաշիվների ուղղել միջոցները, եւ, դատելով այն վճարային փաստաթղթերից, որոնք մեզ մոտ հավաքված են, միջոցներն այդ փոքր չեն եղել: Ցավոք, Սինանյանի գրասենյակի ստեղծմամբ, Հայաստանի հետ կապը գործնականում կտրվել է: Ցավոք, այն երկարամյա նախագծերը, որոնք միությունն իրականացնում էր Հայաստանում՝ պետության հետ համատեղ, սառեցված են:

Մենք ամեն տարի կազմակերպել ենք եւ անցկացրել ենք մրցույթներ, գումարային պարգեւներ ենք շնորհել գիտնականների, երգահանների, գրողների, լրագրողների, նկարիչների եւ այլն: Անցյալ տարի՝ հայերի եւ ադրբեջանցիների միջեւ հուլիսյան բախումների օրերին, որոնք կազմակերպվել էին Բաքվից, Սինանյանը քարլռություն է պահպանել: Նույնը եղել է պատերազմի օրերին: Մենք գործել ենք ինքնուրույն եւ արդյունավետ, որովհետեւ 20 տարի աշխատել ենք ու աշխատում ենք, այդ թվում՝ նաեւ Հայաստանում, անկախ նրանից, թե ով է իշխանության ղեկին: Արդեն սեպտեմբերի 30-ին մարդասիրական օգնության առաջին խմբաքանակը ՌՀՄ-ն ուղարկեց Ստեփանակերտ: Այժմ էլ այդ աշխատանքը շարունակվում է, բայց գլխավոր հանձնակատարի գրասենյակում գաղափար չունեն այս ամենի մասին: Օրինակ՝ այն մասին, որ ՌՀՄ Ստավրոպոլի բաժանմունքը, ուր մշտապես ուղարկում են տարատեսակ էմիսարների՝ կասկածելի միավորումների մեջ ներքաշելու համար, պատերազմից հետո հովանավորում է Հադրութից եկած 20 ընտանիքների, որ կազմակերպվում են լոգիստիկ կառույցներ եւ փոխաբեռնման կետեր, որպեսզի բեռներն Արցախից եւ Հայաստանից հեշտ հասնեն Ռուսաստանի հարավ եւ տեղափոխվեն այլ ռեգիոններ:

Վերջապես, Արցախում ՌՀՄ-ն արդեն նախապատրաստական աշխատանքներ է իրականացնում՝ բնակավայրը կորցրած արցախցիներին տներով ապահովելու համար, իսկ Հայաստանում Կուզբասի բաժանմունքը կազմակերպում է կարի արտադրամաս, որպեսզի ժամանակավորապես Հայաստան տեղափոխված անձինք ունենան աշխատանք, վաստակելու հնարավորություն: Հարցրեք Սինանյանին, ի՞նչ գիտի նա աշխարհի ամենամեծ սփյուռքի այս եւ մյուս իրագործումների մասին: Այսօր, որքան մեզ հայտնի է, Ռուսաստանի բոլոր լուրջ կազմակերպությունները եւ նույնիսկ այն փոքրաթիվ հասարակական միավորները, որոնք աջակցել են ներկայիս իշխանությանը «բաժանիր, որ տիրես» ոգով, հրաժարվում են Սինանյանի հետ հանդիպելուց: Բայց հասկանալի է, որ կգտնվեն մարդիկ, որոնց համար կարեւոր է ծանոթանալ եւ լուսանկարվել իշխանության որեւէ ներկայացուցչի հետ: Հենց այդ մարդկանց վրա էլ նա անում է իր հաշվարկը՝ ձգտելով Ռուսաստան այնպիսի համառությամբ, որն ավելի օգտավետ կիրառում կարող էր ունենալ»: 

Ճի՞շտ է, որ Մոսկվայի Ձեր գրասենյակի ղեկավարին Սինանյանը պատրաստվում է իր ներկայացուցիչը դարձնել Ռուսաստանում: Արա Աբրահամյանի գրասենյակից այս հարցը չցանկացան մեկնաբանել՝ ասելով. «Այս հարցով լավ կլինի դիմեք Սինանյանին կամ Շահեն Պետրոսյանին: Մենք չենք կարող մեկնաբանել այդ նշանակման հավանականությունը, քանի որ ներկա պահին Զ. Սինանյանը եւ Շ. Պետրոսյանը հավասարապես հեռու են Ռուսաստանի հայերի միությունից»:  

Ո՞նց կարելի է Գլենդելի նախկին քաղաքապետին գործուղել Ռուսաստան

«Ես առհասարակ չեմ հասկանում՝ ո՞նց կարելի է Գլենդելի նախկին քաղաքապետին գործուղել Ռուսաստան, եւ ո՞ւր էր Զարեհ Սինանյանը «ծիրանային պատերազմի» ժամանակ: Հիմա գալիս է, երեւի որ ռեգիոնները հանի Արա Աբրահամյանի կառույցների տակից»,- մեկնաբանում է մոսկվաբնակ քաղաքագետ Մարիամ Հովսեփյանը, որը սովորաբար մասնակցում է հայ համայնքի բոլոր միջոցառումներին: Համավարակի առաջին ամիսներին, երբ մեր հայրենակիցները չէին կարողանում վերադառնալ հայրենիք ու գիշերում էին «Դոմոդեդովո»-ում, Մարիամն օգնում էր նրանց, ինչով կարողանում էր, ամեն օր օդանավակայանում էր՝ ապահովելով նաեւ նրանց կապը հայկական մեդիայի հետ: