Անառողջ մթնոլորտ կենդանաբանական այգում․ կրճատվում են աշխատակիցներ, սատկել է ուղտը

Անառողջ մթնոլորտ կենդանաբանական այգում․ կրճատվում են աշխատակիցներ, սատկել է ուղտը

Այս տարվա հունվարից Երեւանի կենդանաբանական այգու աշխատակիցները կա՛մ հեռացվում են աշխատանքից, կա՛մ սեփական դիմումի համաձայն հեռանում։ Աշխատակիցների հավաստմամբ, այգու տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Վլադիմիր Սիմոնյանն աշխատողներին կանչում եւ առաջարկում է դիմում գրել-հեռանալ, քանի որ նրանք նախկին տնօրեն Ռուբեն Խաչատրյանի թիմից են, եւ չի ուզում նրանց հետ աշխատել։ Ավելին՝ նախկին տնօրենի հրաժարականը պահանջած անձինք ներկայիս տնօրենի ԺՊ-ի հետ մտերիմ հարաբերություններ ունեն եւ ազատ ելումուտ են անում այգի։ 

Այգում տիրող անառողջ մթնոլորտի մասին այգու աշխատակիցներն արդեն իսկ ահազանգել են քաղաքապետարանի «թեժ գիծ», ավելին՝ որոշները պատրաստվում են դիմել նաեւ դատարան՝ իրենց խախտված իրավունքները վերականգնելու համար: 

Այս պահի դրությամբ աշխատանքից ազատվել են կենդանիների խնամքի բաժնի համակարգողը, միջազգային կապերի պատասխանատուն, իրավաբանը, մարդկային ռեսուրսների կառավարիչը, ազատման դիմում են ներկայացրել պահեստապետը, շահագործման բաժնի պատասխանատուն, հաշվապահը, ազատման առաջարկ է արվել արտահանման եւ ներմուծման մասնագետին, այգու հավաքարարին։ Հրավիրված ժողովներից մեկի ժամանակ տնօրենի ԺՊ-ն ասել է, որ աշխատակիցներն այսուհետ ստանալու են միայն հաստիքային աշխատավարձ եւ ոչ մի հավելավճար, ինչը նույնպես դժգոհություն է առաջացրել աշխատակիցների շրջանում, որոնց խոսքերով՝ տնօրենի ԺՊ-ն կենդանիների խնամքի բաժնի աշխատողներին միմյանց դեմ է տրամադրում՝ պահանջելով բացատրագրեր, զեկուցագրեր գրել իրար դեմ։  

Այգու հավաքարար Ալիդա Բարսեղյանը, ով 23 տարի այգու մաքրությամբ է զբաղվել, չի պատրաստվում դիմում գրել եւ հեռանալ։ «Ինչ-որ մեկը զանգել է իմ տղային, ասել՝ թող գա դիմում գրի, ազատվի, բայց ինչի՞ համար գրեմ․ նախ՝ ինքը տնօրեն չի, հետո՝ ես տեղը տեղին մաքրում եմ, նույնիսկ «Սանիտեքի» գործերն եմ անում, որ աղբը տարածք չլցվի։ Պարոն Խաչատրյանը նույնիսկ ինձ ասում էր՝ բավական ա մաքրես, ավել-սավոկն անընդհատ քո ձեռքն ա․․․։ Ես անընդհատ աշխատել եմ, հիմա սա առաջին դեպքն է, որ ինձնից դժգոհ են»,- ասում է տիկին Ալիդան, ով չգիտի, թե որն է  իրեն աշխատանքից ազատելու պատճառը։ Գուցե տարիքային խնդրո՞վ է պայմանավորված։ «Տարիքն ի՞նչ կապ ունի, տարածք մաքրելը տարիքի հետ կապ չունի, թող գան՝ իմ մաքրածն էլ տեսնեն, ջահելների արած գործն էլ»։ 

«Տնօրենն ասել ա՝ դիմում գրեք, բայց ես դիմում չեմ գրում,- ասում է կենդանիների արտահանման եւ ներմուծման մասնագետ Սուրեն Մուրադյանը։- Պատճառաբանել ա, որ էդ հաստիքը մեզ պետք չի։ Մոտավորապես մի 10 հոգի արդեն կրճատել է ու կարեւոր բաժինների մասնագետներ՝ շինարարության պետ, պահեստապետ, կենդանիների մասնագետ»։ Մուրադյանը չի պատրաստվում դիմում գրել եւ հեռանալ․ «Մոտ 6 տարի է՝ այստեղ աշխատում եմ։ Թե՛ հարգանք ու պատիվ կա, թե՛ մարդկային մտերմությունը, հիմա միանգամից այդ ամեն ինչը վերացնելը գիտե՞ք ինչ է՝ մարդասպանություն»։        

Մտորելու տեղիք է տալիս նաեւ կենդանիների վիճակը․ օրերս սատկել է այգու 2 ուղտերից մեկը։ «Հետաքրքիրն այն է, որ Ռուբեն Խաչատրյանի ժամանակ մի հատ ծիտ էր սատկում, ամբողջ հեռուստատեսությունները գալիս էին այստեղ, 4 օր առաջ էդ մեծ ուղտը սատկեց, ոչ մի աղմուկ չեղավ․․․ ասում են՝ հիվանդություն է ունեցել, ո՞վ է հասկանում»,- ասում է Մուրադյանը։   
Թե ընդհանուր առմամբ ինչպես է գնահատում տնօրենի նոր ԺՊ-ի աշխատանքը, Մուրադյանն ասաց․ «Օրական մի նորելուկի բերում տեղավորում է աշխատանքի, մեզ էլ ասում է՝ դուրս եկեք, այդ հաստիքները պետք չեն»։ 

Մարդկային ռեսուրսների կառավարիչ Ազնիվ Գրիգորյանը նույնպես հեռացվել է աշխատանքից։ Ինչո՞ւ։ «Ինձ բացակայության հիմքով է ազատել աշխատանքից, բայց ես իրեն տեղյակ էի պահել, որ չեմ գնալու աշխատանքի»,- ասում է նա, ով ապօրինի է համարում տնօրենի ԺՊ-ի այդ քայլը։     

Կենդանաբանական այգու տնօրենի ԺՊ Վլադիմիր Սիմոնյանը մեզ հետ զրույցում նշեց, որ ինքը չի հեռացրել ոչ մեկի, այդ նրանք են հեռացել։ «Որոշ մարդիկ երկու տեղ էին աշխատում, եւ դիմում են գրել այն մարդիկ, ովքեր աշխատում են նաեւ ուրիշ հիմնադրամում»,- ասաց նա՝ ակնարկելով Ռուբեն Խաչատրյանի «Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը»։  

Այն դիտարկմանը, որ ազատվում է նախկին տնօրենի կադրերից եւ իր մարդկանց է բերում, Սիմոնյանն ասաց․ «Գործավարը, գլխավոր կենդանաբույծը, կենդանաբույժը, հաշվապահները, գնումների բաժնի աշխատակիցները՝ բոլորն աշխատում են, ովքեր մոտիկ են եղել նախկին տնօրինության հետ։ Աշխատում են այն մարդիկ, ովքեր աշխատել են ե՛ւ Կենդանաբանական այգում, ե՛ւ հիմնադրամում։ Ու էն, որ ես առաջարկել եմ կամ դրդել եմ ազատման դիմում գրել, չի համապատասխանում իրականությանը․․․ ինձ էլ ուրիշ ինֆորմացիա է հասել, որ կա՛մ Կենդանաբանական այգում, կա՛մ էս հիմնադրամում։ Եվ քանի որ Կենդանաբանական այգում ավելի քիչ գումար են ստանում, նախընտրել են գնալ հիմնադրամ»։

Այգին մաքրության կարիք չունի՞, որ ուզում են ազատել հավաքարարին։ «Տիկին Ալիդայի հետ նման խոսակցություն դեռ չենք ունեցել, բայց եթե առավոտյան գաք եւ տեսնեք տիկին Ալիդայի աշխատանքը, Ձեզ համար ամեն ինչ պարզ կլինի»։

Թե որն է ուղտի անկման պատճառը, ապա, ըստ նրա, կենդանին «պրոբլեմներ ուներ», դրա մասին ամիսներ առաջ էլ գիտեին, բայց չհաջողվեց փրկել ուղտի կյանքը։ 

Աշխատակիցների դիտարկմամբ, չնայած քաղաքապետարանն արգելել էր այգու տարածքում գործող սրճարաններն աշխատեցնել, մինչեւ քաղաքապետարանը մրցույթ չհայտարարի, բայց Նոր տարվա միջոցառման ժամանակ սրճարաններից մեկն աշխատել է։ 

Փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանը սա բացատրում է նրանով, որ այգում կան գործող սրճարաններ, որոնց պայմանագիրը երկարատեւ է կնքվել քաղաքապետարանի հետ․ «Եվ այն տնտեսվարողները, որոնց պայմանագրերը կնքված են եղել քաղաքապետարանի հետ եւ եղել են պայմանագրային ժամկետի մեջ, մենք որեւէ գործառույթ չենք իրականացրել եւ իրավունք էլ չունենք, այդ տնտեսվարողները շարունակել են իրենց գործունեությունը, մինչեւ պայմանագրի ավարտը։ Գուցե խոսքն այն սրճարանների մասին է, որ ունեն երկարատեւ օգտագործման պայմանագիր քաղաքապետարանի հետ, իսկ մենք դադարեցրել ենք միայն նրանց լիազորությունը, որոնք պայմանագրերը կնքել են մեկ տարով»։

Ինչ վերաբերում է Կենդանաբանական այգում իրականացվող կրճատումներին, ապա քաղաքապետարանն ի պաշտոնե միջամտելու իրավունք չունի, եւ իրենց ենթակայությամբ գործող կազմակերպությունները աշխատակազմի ընտրությունն ինքնուրույն են անում։ Վիրաբյանը նաեւ նկատում է, որ աշխատակիցները ցանկացած դեպքում իրենց իրավունքները կարող են վիճարկել դատարանում։ «Եթե մենք առեւերույթ տեսնենք, որ կա ճնշում աշխատակիցների վրա, եւ դա բարձրաձայնեն, ու մենք այդ փաստարկները ստանանք, բնականաբար, համապատասխան արձագանք կլինի մեր կողմից»,- ասում է ու հավելում, որ Կենդանաբանական այգու տնօրենի պաշտոնի համար մրցույթ կհայտարարվի 6-ամսյա ժամկետում՝ օրենքով սահմանված կարգով։