Առաջնորդի (թե՞ ժողովրդի) փնտրտուք

Առաջնորդի (թե՞ ժողովրդի) փնտրտուք

2018-ի ապրիլին մեզ թվաց, թե վերջ է տրվում մեր երկրում տիրող անօրինականությանն ու անարդարությանը: Բայց շատ արագ պարզվեց (համենայն դեպս, ինձ և ինձ նմանների համար), որ սխալվել ենք: Պարզվեց, որ ոչ թե մրից հելանք՝ մրջուրն ընկանք, այլ ընկանք էն բանի մեջ... Ու դեռևս խարխափում ենք այդտեղ՝ չգտնելով դուրս գալու ուղիներ:

Պատերազմի ժամանակ ազգովի երկրորդ անգամ խաբվեցինք. խաբվեցինք «հաղթելու ենք» ոգևորիչ խոսքին: Պատերազմից հետո էլ երրորդ անգամ, բայց այս անգամ խաբվեցինք ինքներս մեզ: Որովհետև մեզ գրագետ ու խելացի համարելով՝ մեր հույսը դրեցինք «պողոսների» վրա: Ասում են՝ աստված մարդուն երեք հնարավորություն է տալիս հաջողության հասնելու համար: Մենք երեքն էլ ստացանք ու վատնեցինք՝ մնալով ձեռնունայն: Զարմանալիորեն, մեզ նույնիսկ չորրորդ հնարավորությունն էլ տրվեց ի դեմս ԶՈՒ ԳՇ ղեկավարության հայտարարության: Սակայն պարզվեց, որ այն օգտագործելի չէ՝ ճիշտ ինչպես գործարանային արատով մեքենան: Հիշում եք, չէ՞, հայկական «ԵՐԱԶ» մեքենաները. դրա նման մի բան:

Պատերազմի ավարտից անցել է արդեն ավելի քան մեկ տարի, ու մենք դեռևս փնտրտուքների մեջ ենք: Սակայն մենքը հասարակությունը չէ, և ոչ էլ գոնե դրա մեծ մասը: Մեծ մասը զարմանալիորեն թքած ունի հայրենիքի, դրա ճակատագրի վրա: Ավելի զարմանալի է, որ դրա չգիտեմ որ հատվածն իրեն գրագետ և նույնիսկ խելացի է համարում: Համենայն դեպս, հանրակրթությունից բացի նաև բուհական ուսումնառություն է անցել ու դիպլոմ ստացել: Այս վերջինը մարդու ուղեղի մեջ չի տեղավորվում՝ ինչպե՞ս կարելի է բուհի դիպլոմ ունենալ ու նման հարցում անտարբեր լինել: Ինչպե՞ս կարող է իրեն գրագետ ու խելացի համարող անձը հավասարվել այն կնոջը, որ պատրաստ է հանուն մերօրյա կեղծ «փրկչի»՝ թուրքին մորթելու հանձնել իր թոռներին: Բայց արի ու տես, որ նույն ձևով են մտածում վերոնշյալ անձինք: Իսկ սիրիացի քուրդ կինն ասում էր, որ տասը զավակ ունի, որպեսզի կեսն իր կյանքը հանուն իր հայրենիքի տա: Այն հայրենիքի, որ դեռևս որպես պետություն չի կազմավորվել: Փաստորեն ստացվում է, որ հայաստանյան իր բնակարանում կամ առանձնատանն ապրող ու իրեն գրագետ ու խելացի համարող նիկոլապաշտ անձը շատ ավելի ցածրակարգ կենդանի է, քան սիրիական անապատի վրանում ապրող քուրդ կինը: Ներողություն եմ խնդրում քուրդ կնոջից, որ նրան ևս բաժին հասավ «կենդանի» բնորոշումը:

Մնացինք մենք մեզանով՝ այն փոքրամասնությունը, որ ստեղծված իրավիճակից դուրս գալու ելքեր է փնտրում: Միաժամանակ, առաջնորդ է փնտրում, իսկ իրենց առաջնորդ համարողները՝ ժողովուրդ: Ու ոչ մի ձևով մեր այդ երկու մասերն իրար չեն հանդիպում: Ու ոչ էլ գտնվում է այն բանաձևը կամ քիմիական տարրը, որ մեկտեղ կբերեր այդ երկուսին: Իսկապես, որ դաժան իրավիճակ է. ժողովրդի մեծ մասն անտարբեր է, մի փոքր մասն առաջնորդի փնտրտուքի մեջ է, իսկ առաջնորդները՝ ժողովրդի: Կարելի է խելագարվել, բայց դա էլ հարցի լուծում չէ: Դա արևմտյան թուրքին ու ադրբեջանցի կոչված արևելյան թուրքին ձեռնտու տարբերակ է: Իսկ ինչ ձեռնտու է նրանց, չի կարող նույնիսկ տեսականորեն ձեռնտու լինել մեզ: Այդպիսին է մեր ճակատագիրը՝ դրա դեմ կռիվ տալ չես կարող: Բայց կարող ես փոխել՝ եթե ելքը գտնես ու գնաս առաջ: Ու քո փոքր թվով հանդերձ այնքան հզորանաս, որքան երկու հազար տարի հայրենիքից զրկված ու դեռ հարյուրամյակը չլրացած մեկ այլ պետությունը՝ Իսրայելը: