Փաշինյանը հրապարակային վստահեցրեց, որ պատրաստ է հերթական միակողմանի զիջումներին

Փաշինյանը հրապարակային վստահեցրեց, որ պատրաստ է հերթական միակողմանի զիջումներին

Ինչպեսեւ սպասելի էր, Նիկոլ Փաշինյանն ասուլիս էր կազմակերպել, որ Ադրբեջանի իշխանությանը վստահեցնի, թե ինքը պատրաստ է առանց որեւէ նախապայմանի հանձնելու Հայաստանի վերահսկողության տակ գտնվող այն տարածքները, որոնք Ադրբեջանը համարում է իրենը եւ պահանջում է վերադարձնել: Փաշինյանը պատրաստակամություն հայտնեց այդ տարածքները հանձնել միակողմանիորեն՝ դրա դիմաց ոչինչ չպահանջելով, այդպիսով զիջում կատարելով իր նախկին դիրքորոշումից, ըստ որի՝ Ադրբեջանը պետք է վերադարձնի Հայաստանի Հանրապետության օկուպացված տարածքները, որոնք անհամեմատ ավելի մեծ են, քան Հայաստանի վերահսկողության տակ գտնվող տարածքները, իսկ Հայաստանը՝ իր վերահսկողության տակ գտնվող տարածքները:

Փաշինյանն այնպես էր բեմադրել ասուլիսը, որ առաջին իսկ հարցը պարզ էր, որ վերաբերում է տարածքները հանձնելուն։ Այնպես, որ հնարավորություն ունենա ցուցադրել, թե ինչ ջանասիրությամբ է կատարել տնային աշխատանքը՝ բավարարելով Ադրբեջանի ակնկալիքները:

«Ես նախկինում էլ չեմ բացառել եւ հիմա էլ չեմ բացառում, որ դելիմիտացիայի գործընթացը կարող է սկսվել Տավուշի մարզից»․ Ադրբեջանի տարածքային պահանջները բավարարելու պատրաստակամությունն այսպես հստակ եւ աներկբա ներկայացրեց Փաշինյանը: Ասում է, թե պետք չէ, որ ամբողջ սահմանը որոշվի, եւ տեղի ունենա սահմանազատում, մենք պատրաստ ենք սկսել հենց այն հատվածից, որտեղ Ադրբեջանը տարածքային հավակնություններ ունի, եւ Ադրբեջանին կհանձնենք իր ուզածը: Պարզ է, չէ՞, որ երբ Ադրբեջանի ուզած հատվածում սահմանազատում տեղի ունենա, Հայաստանը հետ քաշի իր զորքը եւ Ադրբեջանին հանձնի իր ուզածը, սահմանագծումն ու սահմանազատումը կանգնելու են: Փաշինյանը գիտի, որ Ադրբեջանին տարածք հանձնելով, Հայաստանը չի կարող հույս ունենալ, որ դա փոխադարձ է լինելու, որ ինչ-որ հատվածում էլ Ադրբեջանն է Հայաստանին տարածք հանձնելու: Ադրբեջանի նախագահն ամենաբարձր մակարդակով հայտարարել է, որ Հայաստանին զիջելու տարածք չկա, որ այն տարածքները, որտեղ կանգնած են իրենց զինվորները, Ադրբեջանինն են, եւ այդ տարածքներից իրենք հետ չեն գնալու: 

Փաշինյանն ասուլիսի էր ներկայացել Հայաստանի Հանրապետության քարտեզի ուրվագծով պատրաստված մի քարտեզով՝ ասելով, թե սա է Հայաստանի Հանրապետությունը: Իրականում նույնիսկ այդ քարտեզով Հայաստան այլեւս գոյություն չունի, քանի որ Ադրբեջանն արդեն վերաձեւել է այդ քարտեզը՝ տարբեր հատվածներում խորանալով Հայաստանի տարածքից ներս: Փաշինյանի վերահսկողության տակ գտնվող լրատվամիջոցների ներկայացուցիչներն այդպես էլ նրան չհարցրին, թե ինչու, օրինակ, սահմանագծումն իրականացնել Տավուշի մարզից, ինչու չսկսել Սյունիքից, Գեղարքունիքից, Վայոց Ձորից, որտեղ Ադրբեջանն ընդամենը մեկուկես տարի առաջ գրավել է Հայաստանի տարածքները, այլ հենց Տավուշի մարզից, որտեղ Ադրբեջանը հավակնություններ ունի: Որեւէ մեկը նրան չհարցրեց, թե, օրինակ, ինչ կանի Փաշինյանը, եթե Տավուշի մարզից տարածքներ հանձնելուց հետո Ադրբեջանը դադարեցնի «սահմանագծումը» եւ նոր պահանջներ ներկայացնի՝ այս անգամ պահանջելով հանձնել միջանցք կամ այլ տարածքներ: 

«Այս հարցի շուրջ որոշումներ կայացնելիս մենք պետք է ելնենք իրողությունների եւ իրավիճակի համապարփակ վերլուծությունից եւ Հայաստանի շուրջ առկա անվտանգային մարտահրավերները եւ իրադրության կայունության ապահովման պահանջները կառավարելու տրամաբանությունից»։ Փաշինյանն այսպես է հիմնավորում Ադրբեջանին միակողմանիորեն զիջումներ անելու իր պատրաստակամությունը՝ իբրեւ թե ակնարկելով, որ եթե զիջումներ չարվեն, Ադրբեջանը կարող է պատերազմ սկսել, եւ ինքը դրանով կվտանգի Հայաստանի անվտանգությունն ու իրադրության կայունությունը: Նրա ասածը ճիշտ կլիներ, եթե «Հայաստանի անվտանգություն» արտահայտության փոխարեն օգտագործեր «իմ աթոռի անվտանգությունը» բառերը։ Ասեր, որ իր աթոռի անվտանգությունն ապահովելու համար ինքը պատրաստ է տարածքային զիջումների Տավուշից կամ Հայաստանի ցանկացած այլ վայրից, որտեղից որ հաջորդ անգամ Ադրբեջանը պահանջ կներկայացնի:

Փաշինյանը հերթական անգամ ապացուցեց, որ ինքը ոչ միայն ընդունակ չէ պատերազմել, այլ նաեւ՝ բանակցել: Նրա կողմից ստեղծված սահմանագծման եւ սահմանազատման հանձնաժողովը, որը Հայաստանի կողմից ղեկավարում էր փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, յոթ նիստ անցկացնելով հանգեց այն եզրակացության, որ Հայաստանը պետք է հերթական տարածքային միակողմանի զիջումն անի Ադրբեջանին, եւ դրան որեւէ այլընտրանք չկա: Այդ հանձնաժողովը կարելի է համարել լուծարված, որովհետեւ ի՞նչ իմաստ ունի մի հանձնաժողովի գոյությունը, որի գործունեության նպատակն ադրբեջանական պահանջների փոխանցումն է Հայաստանին: Փաշինյանը կարող է Ալիեւի հետ պայմանավորվել, որ հաջորդ զիջման պահանջն Ալիեւն իրեն փոխանցի հեռախոսով, ու դրա համար նույնիսկ ասուլիս էլ պետք չէ կազմակերպել: Բոլորի համար էլ պարզ է, որ քանի դեռ ինքը զբաղեցնում է վարչապետի պաշտոնը, դրա դիմաց Հայաստանը պետք է ինչ-որ զիջումներ իրականացնի: Մինչեւ կա՛մ ինքը չի լինի, կա՛մ` Հայաստանը:

Ավետիս Բաբաջանյան