Իրավունք չունենք Արցախում պաշարված 120,000 մարդու ճակատագրի հետ խաղալ. Մանե Թանդիլյան

Իրավունք չունենք Արցախում պաշարված 120,000 մարդու ճակատագրի հետ խաղալ. Մանե Թանդիլյան

«Ապրելու Երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Մենք այսօր հայոց պատմության ամենածանր, հակասական ու միևնույն ժամանակ ամենաորոշիչ պահերն ենք ապրում։ Ականատեսն ենք մի խենթացնող եղելության, երբ մեր երկրի իշխանությունը հայրենիքի համար ամենակարևոր հարցում ավելի ձգտում է բավարարել թշնամու պահանջները, քան գործել հանուն ազգային շահի, և, զավեշտալին այն է, որ դա արվում է լայն զանգվածների հանցավոր անտարբերության ներքո։

Բայց մենք դրա իրավունքը չունենք․․․

Մենք այսօր իրավունք չունենք Արցախում պաշարված 120,000 մարդու ճակատագրի հետ խաղալ։ Իրավունք չունենք նեղ անձնական շահերին և իշխանատենչության մոլուցքին տուրք տալով՝ երկիրը տանել արկածախնդրության։

Իրավունք չունենք Արցախի իրավիճակի անմեղսունակ գնահատականների հետևանքով առաջացած՝ արտահերթ ընտրությունների մասին քննարկումներ վարել։ Ընտրությունների մասին խոսակցությունները, կամ որևէ միջոցով դրանք անխուսափելի դարձնելը ոչ այլ ինչ է, քան՝ դավադրություն Արցախի դեմ։

Եկեք չմոռանանք, որ Ադրբեջանն առաջին անգամ հարձակվեց Հայաստանի միջազգայնորեն ճանաչված տարածքի վրա և ներխուժեց Սև լճի տարածք մայիսի 12-ին՝ արտահերթ ընտրությունների ժամանակ, երբ Հայաստանի քաղաքական միտքը մարտի 18-ին արդեն ճգնել էր արտահերթ ընտրությունների գնալու որոշումը, և բոլորը խիստ զբաղված էին «թեժ» ընտրությունների քարոզարշավին նախապատրաստվելով։

Եթե պետականամետ, ամուր լինելու և ծանրագույն պահին պետության մեջքը պահելու վարքագիծը գերիշխեր հայ քաղաքական մտքում, նախկին ու ներկա իշխանամոլները 2021-ի ցնցումների պահին երկիրը ընտրությունների տանելու փոխարեն՝ «ով է ավելի տղա» մանկամիտ մրցույթից վեր կկանգնեին, և արդյունքում հերթական ընտրությունները կլինեին արդեն այս տարի, երբ ամեն բան տեսնող ու հասկացող մեր ժողովուրդը, որի համար Արցախում ստեղծված այսօրվա իրավիճակը լիարժեք բացահայտեց՝ ով ինչի համար ինչերի է պատրաստ, վերջնականապես կվռնդեր երկիրը կործանած բոլոր նախկիններին ու ներկաներին, և Հայաստանի ու Արցախի համար շանս կբացվեր արդեն այսօր։

Բայց մենք համբերատար ենք ու համառ։ Կսպասենք՝ ինչքան պետք է, այնպես՝ ինչպես հարկն է, ամեն օր մոտեցնելով այդ օրը։ Այսուհետ, մեր ապրած ամեն օրը որոշիչ է, մեր ապրած օրվանից է կախված, թե վաղն ինչպիսի երկիր ու հայրենիք կունենանք։

Իսկ մենք ուզում ենք ունենալ ապրելու երկիր, մենք ուզում ենք ունենալ հայկական Արցախ։

Եվ սա պայքար է, բառի հենց ուղիղ իմաստով պայքար՝ հանուն ապրելու, հանուն կյանքի։

Այո՛, Արցախը պայքարում է, Արցախը կանգուն է, իսկ մեր անելիքն այստեղ՝ Հայաստանում է՝ այդ պայքարին միանալու ու աջակցելու միջոցով։ Մենք ունենք թիմ, ունենք նվիրում պետության և հասարակության նկատմամբ և ունենք համոզմունք, որ ի վիճակի ենք համախմբել այլ մարդկանց, ովքեր մեզ նման են մտածում, կիսում են մեր գաղափարները, խելացի են, պրոֆեսիոնալ, նվիրված և պատրաստ են իրենց ամբողջ ներուժով գործել հանուն Հայաստանի և Արցախ միասնության։

Մենք պատրաստ ենք ջանք չխնայել վստահության այս խորը ճգնաժամի պայմաններում անտարբերությունն ու հիասթափությունը կոտրելու, ուժերը համախմբելու, բովանդակային համագործակցություններ մեկնարկելու և Հայաստանի ու հայկականի ապագան ձևակերպելու համար։

Հայն ունի երկու ապրելու երկիր՝ Հայաստան և Արցախ, և Հայաստանի ու Արցախի համար մենք աշխատում ենք անդադար։ Մենք պայքարել և պայքարելու ենք Հայաստանի և Արցախի միասնության համար։ Եվ մեզ համար չկա այլընտրանք։