Կարմիր բերետավորներ՝ էջմիածնում

Կարմիր բերետավորներ՝ էջմիածնում

Հունվարի 12-ին՝ Մանվել Գրիգորյանի ազատության դեմ ակցիայի երկրորդ օրը, երբ ցուցարարները կրկին փակեցին Երեւան-Էջմիածին մայրուղին, թերեւս քչերը նկատեցին ոստիկանական պատով շրջապատված կարմիր բերետավորներին: Վիճակն այնքան թեժ ու լարված էր, իսկ ուշադրության կենտրոնը՝ ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանը, որ «կարմիրներին» ուշադրություն դարձնող չեղավ:

Հիշեցնենք, որ Էջմիածինը կարմիր բերետավորներ տեսել է մեկ էլ 2005 թվականի հոկտեմբերի 16-ին՝ ՏԻՄ ընտրության օրը: Որպեսզի Մանվել Գրիգորյանի թեկնածուն՝ Գագիկ Ավագյանը, անարյուն հաղթեր այն ժամանակվա գործող քաղաքապետ Երվանդ Աղվանյանին, իշխանությունները՝ ի սատարումն Գրիգորյանի, պաշտպանական միջոցներ էին ձեռնարկել՝ Էջմիածինը լցնելով կարմիր բերետավորներով:

Եթե 2005-ին կարմիր բերետավորների «տեղակայումն» ինչ-որ իմաստով արդարացված էր, որովհետեւ Մանվել Գրիգորյանը ցանկացած գնով պատրաստ էր Երվանդ Աղվանյանից խլել քաղաքի կառավարման ղեկը, ապա այսօր հասկանալի չէ:

Ո՞ւմ վրա էին «տղա բերել» իշխանությունները: Խաղաղ ցուցարարների՞, որոնց պայքարը իրենց նվաճած ազատությունը պահպանելն է: Արցախյան ու ապրիլյան պատերազմներով անցածների ընտանիքների՞, որոնք ուզում են անազատության մեջ տեսնել բանակը թալանածին: Այն տղաների՞, որոնք ամիսներ առաջ մի մարդու նման փակում էին նույն այդ մայրուղին, որովհետեւ Նիկոլ Փաշինյանն այդպես էր ուզում: Թե՞ այն կանանց ու աղջիկների, որոնք տասնյակ տարիներ մութը չտված՝ շտապել են տուն հասնել՝ Գրիգորյանի բանդայի աչքին չերեւալու համար…

Ո՞ւմ էին պաշտպանելու կարմիր բերետավորները: Ումի՞ց էին պաշտպանելու, երբ դրա կարիքը չկար: Իսկ գուցե ինչ-որ բան, այնուամենայնիվ, նախատեսվե՞լ է: Ասենք՝ ֆիզիկական ուժի կիրառում, երբ պատգամավոր Հայկ Սարգսյանը խաղաղ ակցիան սադրանք որակեց…
Էջմիածինցին սադրանքին չտրվեց. հեղափոխությունն իրեն թրծել է, սովորեցրել սեւը սպիտակից տարբերել: Նա ուսանել է Նիկոլ Փաշինյանի «թավշյա դպրոցում», որտեղ միայն սեր ու համերաշխություն են քարոզել:

Միայն թե, չգիտես ինչու, նույն այդ դպրոցն անցածները սկսել են երանգներ փնտրել նույնիսկ իրենց շարքերում. բավական չէ՝ դրսից «տղա են բերում», դեռ մի բան էլ փորձում են համոզել, թե պայքարի ընտրածդ ձեւը սխալ է: Այն ձեւը, որը սովորեցրել է Նիկոլ Փաշինյանը: