Բաքուն հայկական Բագին քաղաքն է, այսուհետ ամեն տեղ այդպես պիտի գրենք

Բաքուն հայկական Բագին քաղաքն է, այսուհետ ամեն տեղ այդպես պիտի գրենք

Հայաստանի ոսկեգույն փոքրացած քարտեզը, որ Փաշինյանն իր հետ ամենուր պտտում է, քարտեզագետ Սեն Հովհաննիսյանն ասում է՝ իր ձեռքի այն մուրճն է, որով խփում է ժողովրդի գլխին, որ շշմացնի, հիմարացնի։ Որքան էլ փորձի հիմարացնել, պատմական փաստերը խեղաթյուրել չի կարող։ Նա պնդում է՝ աշխարհի ոչ մի քարտեզի վրա Հայաստանում չես տեսնի ադրբեջանական անկլավներ, եթե որոշ մարդիկ ասում են հակառակը, մենք էլ կարող ենք անկլավ համարել հայկական Նախիջեւանը։

«Ասելով չի է մենակ։ Խորհրդային միությունը բռնապետական պետություն էր՝ ինչ ուզել, արել են, հիմա պիտի նույն գիծը շարունակվի՞»,-նկատում է քարտեզագետը։ Հայաստանում ադրբեջանական անկլավների գոյության մասին առաջին անգամ խոսել է Նիկոլ Փաշինյանը։ Տավուշի մարզի 4 գյուղերը, որ Բաքվից պահանջում են մինչեւ սահմանազատումը հանձնել, Հովհաննիսյանը պնդում է՝ հայկական բնակավայրեր են։ Հայաստանի սուվերենությունը եւ անկախությունը կադաստրային քարտեզով պայմանավորող Փաշինյանին նա հարց է տալիս՝  իսկ ո՞ր երկիրն ունի կադաստրային քարտեզ՝ Ռուսաստանը, Վրաստանը ունե՞ն, ո՞ր երկրի հետ է Ռուսաստանը սահմանազատում կատարել ու փաստաթղթերում ամրագրել։ 

«Դրանք Հայաստանի բնակավայրերն են։ Իսկ ադրբեջանցի Հայաստանում երբեւիցէ ապրե՞լ է։ Վերցրեք 1926թ․-ին Խորհրդային Հայաստանում անցկացված առաջին մարդահամարի ցուցակը, տեսեք այնտեղ ադրբեջանցի կա՞։ Այդ ցուցակում չկա ադրբեջանցի հասկացողություն, նման ազգ, ժողովուրդ գոյություն չունի։ Ադրբեջանցին ե՞րբ է եկել այս տարածաշրջան, որ Փաշինյանն ասում է՝ Ոսկեպարի ճամփեքի մի մասը Ադրբեջանինն է։ Ես էլ ասում եմ՝ Բաքուն Հայաստանինն է։ Բոլոր թերթերում, ամսագրերում, լրատվամիջոցներում պետք է գրենք ոչ թե Բաքու, այլ Բագին։ Դա Հայաստանի պատմական Բագին բնակավայրն է։ Բացեք Հայաստանի եւ հարակից շրջանների տեղանունների բառարանը, այնտեղ սեւով սպիտակի վրա գրված է, որ Բաքուն հայոց Բագին բնակավայրն է։ Որ մենք թույլ ենք տվել այդ քոչվոր ցեղերը եկել մեր սարերում, ալպիական մարգագետիներում ոչխար են պահել ու պահպանել իրենց գոյությունը, չի նշանակում՝ այդ տարածքներն իրենցն է»,-ասում է Հովհաննիսյանը։

Դիտարկմանը, որ Նիկոլ Փաշինյանը տավուշցիներին ասել է՝  եթե հողերը չտանք, պատերազմ կլինի, սահմանազատումից առաջ այդ 4 բնակավայրերը հանձնելու որոշում է կայացնում, խոսում  է Ալմաթիի հռչակագրից,  պատմական մի դիպվածով է պատասխանում․ «Ազգերի լիգայի առաջին քարտեզագիր Զատիկ Խանդադյանը մի առիթով Խրուշչովին հարց է տալիս Կարսի պայմանագրից, Խրյուշչովն ասում է՝ այդ բոլոր պայմանագրերը թուղթ են, պատերազմներն են որոշում երկրների սահմանները։ Իրավական չեն այն հռչակագրերը, որոնցով պատրաստվում են Հայաստանի սահմանները որոշել»։

Ո՞րն է ելքը, եթե արդեն քաղաքական որոշում կա Տավուշի այդ բնակավայրերը հանձնելու, իսկ սահմանամեձ գյուղերի բնակիչները պատրաստվում են պայքարելու։

«Փաշինյանն ասում էր, թե հազարավոր զինվորների կյանքեր է փրկել՝ պատերազմը կանգնեցնելով։ Մարտունակ զինվորները թո՛ղ գնան մեր սահմանին կանգնեն, տեսնենք թուրքը ո՞նց է մտնում Հայաստան։ Ասում են՝ զորք չունենք, ո՞նց չունենք, մոբիլիզացրեք ու պաշտպանությունն իրականացրեք։ Ո՞վ է քաղաքական որոշում կայացրել: Փաշինյանը միայնակ չի կարող քաղաքական որոշում կայացնել»,-նշում է քարտեզագետը։