ԵՊՀ-ն զարմանում է «Հրապարակի» իրազեկվածությամբ

ԵՊՀ-ն զարմանում է «Հրապարակի» իրազեկվածությամբ

Երեկ գրել էինք, որ Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Մարինա Տասչյանի նախագահությամբ, բավարարել է ԱԺ նախկին պատգամավոր Գևորգ Պետրոսյանի հայցն ընդդեմ Երևանի պետական համալսարանի։

Դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելուց հետո Պետրոսյանը վերականգնվելու է համալսարանում իր աշխատանքում, բռնագանձվելու է հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար հասանելի միջին աշխատավարձը։ Բացի այդ, դատարանն իր վճռով անվավեր է ճանաչել ԵՊՀ ռեկտորի` 2023-ի հունիսի 23-ի հրամանը` Գևորգ Պետրոսյանի հետ աշխատանքային հարաբերությունները դադարեցնելու և աշխատանքից ազատելու մասին։

Եթե պատասխանող կողմը մեկ ամսվա ընթացքում չբողոքարկի նշված վճիռը, ապա այն կմտնի օրինական ուժի մեջ։ ԵՊՀ-ից փորձեցինք ճշտել՝ պատրաստվո՞ւմ են կատարել դատարանի վճիռը ու Գևորգ Պետրոսյանին վերականգնել իր աշխատանքում, թե՞ բողոքարկելու են այն։ Համալսարանից ստացանք հետևյալ պատասխանը․ 

«Քանի որ դատարանի վճիռը հրապարակված չէ Դատալեքս համակարգում և որևէ այլ ձևով հասանելի չէ ԵՊՀ-ին, ուստի այս պահին չենք կարող որևէ մեկնաբանություն տալ։ Ավելին` զարմանք և տարակուսանք է հարուցում դատարանի դեռևս չհրապարակված վճռի վերաբերյալ լրատվամիջոցի իրազեկվածությունը»։