Հայկ Մարությանը Երեւանի պատվավոր քաղաքացու կոչում չի շնորհել

Հայկ Մարությանը Երեւանի պատվավոր քաղաքացու կոչում չի շնորհել

Դեռ խորհրդային իշխանության տարիներից գործել է ավանդույթ, որ Երեւանի պատվավոր քաղաքացու կոչում են շնորհել արվեստի, մշակույթի, գիտության, պետական շինարարության մեջ որոշակի ավանդ ու ներդրում ունեցած տարբեր անհատների։

Դատելով Երեւանի քաղաքապետարանի կայքում տեղադրված տեղեկատվությունից՝ Երեւանի պատվավոր քաղաքացու կոչում առաջին անգամ շնորհել են 1983 թվականին ՀԽՍՀ գիտությունների ակադեմիայի պրեզիդենտ, ակադեմիկոս Վիկտոր Համբարձումյանին։

Հետագա տարիներին էլ Երեւանի պատվավոր քաղաքացու կոչում ստացած քաղաքացիների ցանկում կարելի է հանդիպել թե՛ Մոսկվայի  նախկին քաղաքապետ Յուրի Լուժկովի, թե՛ ՌԴ  նախկին նախագահ Բորիս Ելցինի, թե՛ Ուկրաինայի Հանրապետության  նախկին նախագահ Լեոնիդ Կուչմայի, թե՛ Մարսելի նախկին  քաղաքապետ Ժան-Կլոդ Գոդենի, թե՛ Լիբանանի Հանրապետության նախկին  նախագահ Էմիլ Լահուդի, թե՛ Բելառուսի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի, թե՛ այլ օտարերկրյա պաշտոնյաների անուններ։ 

Ըստ Երեւանի քաղաքապետարանի կայքի, Երեւանի պատվավոր քաղաքացու կոչումը շնորհվել է 2015թ․ կոմպոզիտոր, դիրիժոր, ՀՀ ժողովրդական արտիստ, Հայաստանի հանրային ռադիոյի սիմֆոնիկ նվագախմբի գլխավոր դիրիժոր եւ գեղարվեստական ղեկավար  Երվանդ Երզնկյանին, աշխարհի չեմպիոն, բռնցքամարտիկ Արթուր Աբրահամին, երգչուհի, ՀՀ ժողովրդական արտիստ Ռաիսա Մկրտչյանին, երգիչ , ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Ռուբեն Մաթեւոսյանին։ Իսկ ահա 2017թ․ Երեւանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանը Երեւանի պատվավոր քաղաքացու կոչում է շնորհել կինոռեժիսոր, ՀՀ ժողովրդական արտիստ Արտավազդ Փելեշյանին, Հայաստանի Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անդամ, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Նարա Շլեպչյանին, բանաստեղծ, հասարակական գործիչ Ռազմիկ Դավոյանին, Վիվա Սել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանին։

Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանից հետաքրքրվեցինք, թե պահպանվե՞լ է Երեւանի պատվավոր քաղաքացու կոչում շնորհելու կարգը, եթե այո, ապա ո՞ւմ, ի՞նչ սկզբունքներով են պատրաստվում Երեւանի պատվավոր քաղաքացու կոչում շնորհել առաջիկայում։ 
«Այս պահի դրությամբ Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը պատվավոր քաղաքացիների ինստիտուտին որեւէ կերպ չի անդրադարձել, այսինքն՝ այդ ցանկը ո՛չ ընդլայնվել է, ո՛չ կրճատվել»,- ասաց Հակոբ Կարապետյանը։
Մեր ճշգրտող հարցին, թե Հայկ Մարությանը չի՞ պատրաստվում առաջիկայում Երեւանի պատվավոր քաղաքացու կոչում շնորհել որեւէ գործչի, Հակոբ Կարապետյանն արձագանքեց․ «Մարությանը որեւէ մեկին պատվավոր քաղաքացու կոչում չի տվել, այդ խնդրին անդրադարձ չի եղել»։