Բաքուն խաղաղութուն չի ուզում, Ադրբեջանը 44-օրյա պատերազմում տարած հաղթանակը թերի է համարում

Բաքուն խաղաղութուն չի ուզում, Ադրբեջանը 44-օրյա պատերազմում տարած հաղթանակը թերի է համարում

Բաքվի բռնապետը պաշտոնական Երևանից պահանջում է պաշտոնապես ճանաչել, որ «Ղարաբաղն Ադրբեջանի մաս է»։ Մայիսի 1-ին, շուրջ կես տարվա ընդմիջումից հետո, Վաշինգտոնում ընթանում են Երևան-Բաքու բանակցությունների նոր ռաունդը՝ Միրզոյան-Բլինքեն-Բայրամով եռակողմ կազմով, որին նախորդել էին ԱՄՆ պետքարտուղարի հետ առանձին հանդիպումները ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ, նաև՝ Միրզոյան-Բայրամով դեմ առ դեմ հանդիպումը։

«Հրապարակ»-ի հարցերին պատասխանել է Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի (RSC) տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանը:

- Ալիևից կրկին սպառնալից մեսիջներ են գալիս, արցախահայերին պարտադրում են ինտեգրվել Ադրբեջանի կազմում։ Ինչո՞վ է պայմանավորված Ադրբեջանի նախագահի այս ցինիզմն ու ակտիվությունը։

- Ադրբեջանի կողմից սպառնալիքների և ռազմատենչ հռետորաբանությունը դրսևորվում է էսկալացիայի և սադրանքների օրինակներով: Իսկ ադրբեջանական կողմի «ծավալապաշտական» ռազմավարությունը շարունակում է մնալ հետպատերազմյան կայունության գլխավոր խոչընդոտը։ Բայց Ադրբեջանի ագրեսիվ սպառնալիքների դրդապատճառը իրականում թուլությունն է, անվստահությունը սեփական ուժի նկատմամբ: Ավելի կոնկրետ՝ 2020 թ. 44-օրյա պատերազմը վտանգավոր թերի «հաղթանակ» էր Ադրբեջանի համար։ Չնայած Թուրքիայի աննախադեպ աջակցությանը և ռուսական պասիվությանը` եթե ոչ մեղսակցությանը, Ադրբեջանը զուտ ռազմական առումով բավարար հաղթանակ չտարավ։ Չկարողանալով Լեռնային Ղարաբաղը գրավել ուժով, Ադրբեջանը հենվում է կայուն էսկալացիայի վրա, որը նախատեսված է թե՛ Ղարաբաղին, թե՛ Հայաստանին սպառնալու, ինչպես նաև մարտահրավեր նետելու և ռուս խաղաղապահներին հակադրվելու համար։ Հենց ռուս խաղաղապահներն են պատասխանատու հրադադարի փխրուն համաձայնագրի պահպանման համար: 

Ներքաղաքական օրակարգը խթանում է Ադրբեջանի կողմից էսկալացիան և մաքսիմալիստական դիրքորոշումը։ Դա ակնհայտ է հենց ադրբեջանական ռեժիմի բնույթից, որտեղ հայր-որդի Ալիևների դինաստիան կառավարել է երկիրը ավելի քան քառորդ դար: Իսկ ժողովրդավարության բացակայությունից և արմատացած ընտանեկան կոռուպցիայից շեղելու համար Ադրբեջանի ղեկավարությանը արտաքին թշնամի է պետք: Լեգիտիմության ակնհայտ բացակայությունը ավելի վտանգավոր է դարձնում Ադրբեջանին, իսկ զիջումների պահանջները՝ անհագուրդ։ Սա է նաև պատճառը, որ Հայաստանն ու Ղարաբաղը չունեն «խաղաղության գործընկեր»։

- Փաշինյանը հայտարարել է, թե Հայաստանը լիարժեք ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։ ԼՂ ԱԺ արձագանքը դրան բացասական էր: Արցախի ինքնորոշման իրավունքի գերակայությունը չի վիճարկվում, ասում է Ստեփանակերը։ Ի՞նչ ճակատագիր է սպասվում ԼՂ հայությանը՝ Բաքվի վերջնագրերի, շարունակական սադրանքների և ԼՂ-ՀՀ հարաբերություններում առկա այս տարբերությունների պայմաններում։

- Այստեղ 2 խնդիր կա՝ Հայաստանի կառավարության դիրքորոշումը և ԼՂ հեռանկարը։ Նախ՝ Հայաստանի կառավարությունը դժվար որոշման է հանգել՝ ընդունելով սեփական թուլությունն ու լծակների բացակայությունը։ Քաղաքականության այս փոփոխությունը պայմանավորված է հետպատերազմյան իրողությամբ, երբ Հայաստանն այլևս չունի Ղարաբաղը պաշտպանելու որևէ կարողություն: Իր հերթին, Ղարաբաղի ղեկավարությունը նույնպես գնալով ավելի ու ավելի է նայում դեպի Մոսկվա, այլ ոչ թե Երևան՝ իր անվտանգության համար։ Իսկ քանի որ Ռուսաստանը շեղված, ճնշված է Ուկրաինա իր անհաջող ներխուժմամբ և ռազմական կորուստներով, այժմ պարզ է, որ Ղարաբաղը (և բուն Հայաստանը) այլևս չի կարող հույս դնել Ռուսաստանի կամ ՀԱՊԿ-ի վրա՝ ակնկալելով, որ նրանք կկատարեն իրենց անվտանգային պարտավորությունները: Երկրորդ, Ղարաբաղի հեռանկարի առումով, այս հետպատերազմյան անորոշության ժամանակաշրջանում միայն մի բան է հաստատ. Ռուսաստանը դարձել է ակնհայտ անվստահելի և անկանխատեսելի: Այսօրվա Ռուսաստանը մահացու նոր մարտահրավեր է ներկայացնում, և Մոսկվայի անհաջող ներխուժումից ի վեր Հայաստանի հանդեպ Ռուսաստանի անվտանգության պարտավորության տրամաբանությունն ու ակնկալիքներն այլևս չեն գործում։ Ավելին, Ադրբեջանի կողմից Ղարաբաղի շրջափակման ժամանակը պատահական չէ ընտրված։ Ադրբեջանցիները գործում են, քանի որ կարող են, և նրանք համարձակվում են դիմակայել Մոսկվային 2 պատճառով.

Նախ, կրկնվեմ` Ռուսաստանը շարունակում է շեղված մնալ Ուկրաինայի ներխուժմամբ: ՌԴ-ում բացակայում է կամքն ու կարողությունը՝ արձագանքելու Ադրբեջանի կողմից հրադադարի համաձայնագրի բացահայտ խախտումներին: Սա հատկապես կարևոր է, քանի որ մոտ 2000 ռուս խաղաղապահների առկայությունը մնում է Ղարաբաղի բնակչության անվտանգության և պաշտպանության միակ աղբյուրը։ Երկրորդ, Ադրբեջանը համարձակություն է ձեռք բերում և հզորանում է ինչպես ԵՄ-ի հետ գազի ռազմավարական գործարքից հետո ադրբեջանական դերի շնորհիվ, այնպես էլ Թուրքիայի վրա ազդեցության և ղեկավարման իրողությամբ:

- Ադրբեջանի անպատժելիության վերջին դրսևորումը եղավ Լաչինի ճանապարհին սահմանային անցակետի տեղադրումը, ինչի մասին Բաքուն ակնարկում էր վերջին ամիսներին։ Փաստորեն Արցախն ամբողջությամբ շրջափակվեց: Սակայն անցակետի հետ կապված Երևանն ու Ստեփանակերտը պատասխանատու են համարում, նաեւ մեղադրում Ռուսաստանին։ Ո՞րն է ելքը այս բարդ իրավիճակում։

- Շրջափակումը, որը 5 ամսով կտրել է Լեռնային Ղարաբաղը Հայաստանից և մնացած աշխարհից, հայ բնակչությանը տարածաշրջանից դուրս մղելու Ադրբեջանի ռազմավարության վերջին քայլն է։ Այս ռազմավարությունը հաջողվել է ինչպես Ադրբեջանի հզորության, այնպես էլ Ռուսաստանի թուլության շնորհիվ: 2022 թ. դեկտեմբերի 12-ից ադրբեջանցի, այսպես կոչված, էկոակտիվիստները, որոնց աջակցում է Բաքվի կենտրոնական կառավարությունը, փակել են միջանցքը՝ միակ ճանապարհը։ Ռուս խաղաղապահներին, որոնք տեղակայվել են 2020 թ. նոյեմբերին՝ որպես Կրեմլի միջնորդությամբ կնքված համաձայնագրի մի մաս, հանձնարարված է վերահսկել հրադադարը և ապահովել Լաչինի միջանցքի անվտանգությունը։ Բայց 2000 ռուս զինվորները չկարողացան դուրս գալ փակուղուց, և Ղարաբաղը շարունակում է շրջափակված մնալ վախի, անապահովության և անորոշության մթնոլորտում: Հետո եղան բնական գազի անջատումներ, Ադրբեջանը շարունակեց խափանել էլեկտրաէներգիան, բջջային հեռախոսը, ինտերնետ կապը և, ամենակործանարարը` մեկուսացնել Ղարաբաղը:

Ի հեճուկս Մոսկվայի՝ Ադրբեջանն օգտվում է Ռուսաստանի գործելու անկարողությունից։ Այս թուլությունը, որը հիմնականում պայմանավորված է նրանով, որ Ռուսաստանը զբաղված է Ուկրաինա ներխուժմամբ, առաջացրել է որոշակի մեղսակցություն, քանի որ ռուս խաղաղապահները չեն ցանկանում չեղարկել շրջափակումը: Այդ ֆոնին Ռուսաստանն այժմ լուրջ մարտահրավեր է դարձել Հայաստանի համար՝ որպես անվտանգության և՛ անհուսալի գործընկեր, և՛ մատակարար: Ադրբեջանի կողմից Ղարաբաղի շրջափակմանը հակազդելու անկարողությունը ցույց տվեց, որ Ռուսաստանը չկատարեց Հայաստանի անվտանգության նույնիսկ ամենատարրական պարտավորությունը, և Մոսկվայի թուլությունն այս ոլորտում ակնհայտ էր այս վերջին ճգնաժամից շատ առաջ:

Այսպիսով, դիվանագիտական առումով Ադրբեջանն արդեն օգտվել է ստեղծված իրավիճակից՝ ուժեղացնելով ճնշումը Հայաստանի և Ղարաբաղի վրա։ Ադրբեջանի ռազմավարությունը բաղկացած է ավելիից, քան պարզապես օգտվել ուկրաինական պատերազմի արդյունքում ՌԴ զբաղվածությունից։ Բաքուն մտադիր է ուժեղացնել ճնշումը Հայաստանի վրա, դա նաև դրսևորվում է Ռուսաստանին համարձակ դիմադրությամբ: Այս համատեքստում Ադրբեջանը համարձակվել է մարտահրավեր նետել Ռուսաստանին։ Եվ թուրքական աջակցությամբ ուժեղացած՝ ադրբեջանական այս ռազմավարությունը հավանական է, որ շարունակվի:

- Վերջին օրերին հաճախացել են ԱՄՆ-ի ներկայացուցիչների այցերը տարածաշրջան։ Վերջինը՝ Երևան, Բաքու և Վրաստան, ԱՄՆ պետքարտուղարի օգնականի տեղակալ Էրիկա Օլսոնի այցն էր։ Ինչո՞վ կբացատրեք սա, որքանո՞վ է ԱՄՆ-ը այս փուլում առաջնահերթ համարում Հարավային Կովկասը, այդ թվում՝ ԼՂ հիմնահարցը։

 - Իրական խնդիրը Արևմուտքի ավելի լայն ներգրավվածությունն է, որը բաղկացած է և՛ ԱՄՆ-ից, և՛ Եվրոպական միությունից: Արևմուտքի այս ավելի լայն ներգրավվածությունը պայմանավորված է աշխարհաքաղաքական վակուումով, քանի որ Ռուսաստանը շարունակում է շեղվել և ճնշված լինել Ուկրաինա իր անհաջող ներխուժմամբ: Այնուամենայնիվ, Արևմուտքի հաջողության էական պատճառը բխում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ գործընթացի դյուրացման և միանձնյա մեկ միջնորդի վրա չկենտրոնանալու դիվանագիտությամբ: Ուստի ԵՄ-ն հարթակ է առաջարկել, իսկ Միացյալ Նահանգները հովանավորել է հայ և ադրբեջանցի պաշտոնյաների միջև բանակցություններն ինչպես Բրյուսելում, այնպես էլ՝ Վաշինգտոնում: Սա իրականացվել է թե՛ Ռուսաստանի, և թե՛ ԵԱՀԿ Մինսկի խմբի բացակայության պայմաններում:

- Տեսակետ կա, թե ԱՄՆ-ն որոշակի ճնշում է գործադրում Երևանի վրա, որպեսզի ՀՀ-ն որքան հնարավոր է շուտ խաղաղության պայմանագիր կնքի Բաքվի հետ։ Մասնավորապես` մինչև մայիսի վերջ հաստատեն պայմանագրի նախնական տարբերակը։ Նշվում է, որ հենց այդ նպատակով էր վերջերս Երևան (ապա Բաքու) ժամանել Էրիկա Օլսոնը։ Բայց նշում են, որ փաստաթուղթը «չի համապատասխանում Հայաստանի և Ղարաբաղի շահերին», և «առաջարկներն այնքան անբարենպաստ են, որ անգամ իրենց ողջ պարտվողական դիրքորոշմամբ՝ Հայաստանի իշխանությունները համաձայնություն չեն տալիս»։ Ո՞րն է ձեր գնահատականը։

 - 2020 թ. պատերազմից ի վեր «խաղաղ գործընթացի» վերաբերյալ որևէ հավաստի տեղեկատվության բացակայությունը միայն նպաստել է ապատեղեկատվությանը։ Թափանցիկության բացակայությունը վտանգավոր է և խաթարում է վստահությունը Հայաստանի կառավարության նկատմամբ: Ադրբեջանական դիվանագիտական ռազմավարության գնահատման համար ամենահարմար տերմինը «հարկադրված բանակցությունները» կամ «շանտաժի սակարկումն» է, հատկապես այն պատճառով, որ Հայաստանի վրա Բաքուն ձգտում է շարունակաբար ճնշում գործադրել, պարտադրել իր ծավալապաշտական նկրտումները։

Ավելի լայն տեսանկյունից, և այդ ֆոնին, երերուն խաղաղության հասնելու Ադրբեջանի մոտեցումը խնդրահարույց է եղել, որը բնորոշվում է ավելի շատ մաքսիմալիզմով, քան մեծահոգությամբ: Սա նաև նոր մտահոգություն է առաջացնում, որ Ադրբեջանի կողմից ճնշումները և նույնիսկ ռազմական հարձակումները կարող են շարունակվել, քանի որ Բաքուն մտադիր է առավելագույնի հասցնել իր պահանջները և ամրապնդել իր դիրքերը՝ իրեն ձեռնտու վերջնական խաղաղության հասնելու համար։

Զրուցեց Արա Ալոյանը