«Էյ ընդ Ար Տուր» ընկերությունը «քցել» է նաև տարածքը վարձակալության տված անհատին

«Էյ ընդ Ար Տուր» ընկերությունը «քցել» է նաև տարածքը վարձակալության տված անհատին

«Էյ ընդ Ար Տուր» ընկերության ղեկավարությունը մեծ գումարներ է «քցել» նաև գրասենյակի գործունեության համար վարձակալության տարածք տվող անհատին, որը կորցրածը գոնե մասամբ հետ վերադարձնելու համար երեկ ընկերության թողած գույքը՝ բազկաթոռներ, սեղաններ, համակարգիչներ, զովացման համակարգեր և այլն, շատ էժան գներով վաճառել է։ Ինչ վերաբերում է ընկերության տնօրեն Անի Ալեքսանյանին, ապա վերջինիս վերաբերյալ շատ հակասական տվյալներ են գալիս։ Խոսվում է, որ նա հեռացել է Հայաստանից, ոմանք էլ ասում են, որ ԱԱԾ-ում է եղել։

ԱԱԾ մամուլի քարտուղար Սամսոն Գալստյանը այս մասին պատասխան չտվեց, հղում արեց ոստիկանությանը, ըստ որի՝ Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունում քրեական գործ է հարուցվել «Էյ ընդ Ար Տուր» հայկական տուրօպերատորի գործունեության առնչությամբ՝ առանձնապես խոշոր չափի խարդախության հատկանիշներով և ուղարկվել Քննչական կոմիտե։

Հիշեցնենք, որ սա այն տուրիստական գործակալությունն է, որի նախաձեռնած Եգիպտոս-Երևան և հակառակ ուղղությամբ չարտերային չվերթները չէին կայացել, տասնյակ ուղևորներ չէին կարողացել մեկնել հանգստի կամ վերադառնալ Եգիպտոսից: Կառավարությունն էլ ստիպված էր եղել բյուջեից 47000 հազար դոլարից ավելի գումար հատկացնելու՝ Հուրգադայում մնացած հայաստանցիներին հետ բերելու համար։ 

Նշենք, որ, այնուամենայնիվ, Անի Ալեքսանյանի կարգավիճակի վերաբերյալ (վկա՞ է, մեղադրա՞լ) տեղեկություն ստանալ չհաջողվեց, քանի որ, որպես կանոն, գործով անցնող անձանց համար վարույթն իրականացնող մարմնի քննիչն է կարգավիճակ սահմանում։ Իսկ թեև գործը ուղարկվել էր նախօրեին, այսօր հետկեսօրի դրությամբ դեռ չէր հասել Քննչական կոմիտե։