ՀՀ ԱԳՆ-ն մեր հրապարակած նամակի հիման վրա կապ է հաստատել պատկան մարմինների հետ

ՀՀ ԱԳՆ-ն մեր հրապարակած նամակի հիման վրա կապ է հաստատել պատկան մարմինների հետ

Երեկ տեղեկացրել էինք, որ «Սոչիի միջազգային օդանավակայան» բաժնետիրական ընկերության աշխատակիցները դիմել էին «Հրապարակին» ՝ տեղեկացնելով, որ  2-րդ տարին է՝ անձնակազմի զտումներ են տեղի ունենում ազգային պատկանելության հետ կապված։ Աշխատանքից ազատվում են բոլոր նրանք, որոնք ունեն հայկական ազգանուններ։ Խոստովանենք, որ նման մեղադրանքներ, հատկապես՝ Ռուսաստանից , որտեղ 2,5 միլիոնից ավելի հայ է ապրում,դեռևս չէին արձանագրվել։  

«Հրապարակը» զանգահարեց ՌԴ-ում ՀՀ դեսպանատուն՝ պարզելու, թե խնդրի մասին իրեն հայտնի՞ է,  և ինչ քայլեր են ձեռնարկվում այս ուղղությամբ։ Դեսպանատան մամուլի ծառայությունից Արամ անունով երիտասարդը  խնդրեց այս մասին պարզաբանում ստանալ ՀՀ արտգործանախարությունից։  

ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը  «Հրապարակին» ասաց, որ ԱԳՆ-ում մտահոգված են հրապարակմամբ և  կապ են  հաստատել համապատասխան մարմինների հետ՝ ճշտելու հրապարակման մեջ հայտնված տեղեկության իսկությունը։

«Ոչ միայն ավիացիան, այլև համայնք և այլ շրջանակներ» ,-ասաց Աննա  Նաղդալյանը։
Հետաքրքիր է նաև, թե  Քաղավիացիայի երիտասարդ  ղեկավար Տաթևիկ Ռևազյանն ինչ քայլեր է ձեռնարկում, քննարկո՞ւմ է արդյոք ռուս գործընկերների հետ հայազգի ավիաաշխատակիցների հարցը, սակայն վերջինս չպատասխանեց մեր հեռախոսազանգերին։

Հիշեցնենք,որ այսօրվա դրությամբ արդեն օդանավակայանից ազգային պատկանելիության հիմքի վրա կրճատումները տարածվում են բոլոր ստորաբաժանումների վրա։ Կոլեկտիվի ընդհանուր ժողովներում հայտարարում են, որ նույնիսկ ռուսական ազգանունով, սակայն հայկական արմատներով աշխատակիցները պետք է ազատվեն մինչեւ այս տարվա սեպտեմբերի մեկը, իսկ եթե չհամաձայնեն ազատվել, ապա վախեցնում են կարգապահական տույժերով եւ նույնիսկ հավելյալ դրույքներ են առաջարկում մնացածներին, միայն թե ազատեն։  Եվ այս ամբողջը տեղի է ունենում բազմազգ Սոչի քաղաքում, որտեղ դարերով ապրել են ավելի քան հարյուր ազգությունների ներկայացուցիչներ՝  փոխհասկացողության պայմաններում։ «Մենք պարզապես ուզում ենք աշխատել, նորմալ ապրել, կերակրել մեր ընտանիքները եւ լինել վստահ, որ մեր երեխաների եւ թոռների ապագան կայուն է։ Խնդիրը առնչվում է այժմ դեռ աշխատող 200 աշխատակիցների եւ արդեն ազատված 100 աշխատակիցների, եւ եթե հաշվի առնենք նաեւ նրանց ընտանիքների անդամներին, ապա խնդիրը կառնչվի առնվազն հազար մարդու»,-ասված է նամակում։  

Ըստ նամակագիրների՝ ազատել են անգամ անցած տարի սեպտեմբերի 1-ին ողբերգական պատահարի զոհ դարձած  Վլադիմիր Բեգինյանի հարազատ եղբորը,  ով փրկել էր «Յութեյր» ընկերության այրվող ինքնաթիռի ուղևորներին։

Հետաքրքիր էր իմանալ  նաև վարչապետի խոսնակ Վլադիրմիր Կարապետյանի գնահատականը, ով այս առնչությամբ ասաց․«Հանձնարարել ենք Սոչիում մեր հյուպատոսին զբաղվել խնդրով։ Ուշադիր հետևում ենք»։