Ասֆալտին փռելը շարունակվում է, դուք տեղեկացված չեք․ Օսիպյան

Ասֆալտին փռելը շարունակվում է, դուք տեղեկացված չեք․ Օսիպյան

Ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանից այսօր Hraparak.am-ը հետաքրքրվեց, թե ի՞նչ փուլում է գտնվում դրսում հետախուզման մեջ գտնվող Նարեկ Սարգսյանի՝ Սաշիկ Սարգսյանի որդու, նաև Միհրան Պողոսանի և այլոց արտահանձմնա գործընթացը։ Օսիպյանն ասաց, որ իրենք իրենց մասով ինչ պետք է արել են՝ արտերկրի իրենց գործընկերների հետ համագործակցելով հայտնաբերել են այդ անձանց, մնացածն արդեն իրենց տիրույթում չէ, մյուս գերատեսչություններն այս պահին զբաղվում են՝ կազմակերպելու տվյալ անձանց արտահանձնելու գործընթացը։

Նկատեցինք նաև, որ ասֆալտին փռելու գործողություններ վերջերս կարծես տեղի չեն ունենում, ի՞նչ սկզբունքով է առաջնորդվում ոստիկանությունը, պետք է անպայման վարչապետի հրահա՞նգ լինի, որ որոշեն այս կամ այն անձին ասֆալտին փռեն։

«Ասֆալտին փռելու գործընթաց, ուրեմն ոստիկանությունն ունի հստակ գործառույթային պարտականություններ, և այստեղ պարտադիր չի, որ լինի վարչապետի հանձնարարականը, ասֆալտին փռելը շարունակվում է, Դուք ուղղակի երևի տեղեկացված չեք։ Նաև վստահեցնում եմ ձեզ, այն պահից, երբ մենք խստացրել ենք մեր մոտեցումները և դադարել ենք հանդուրժող լինելը հանցագործների, իրավախախտների նկատմամբ, և մարդիկ կան, որ հասկացել են և ՀՀ-ում էլ ավելի օրինապաշտ են դարձել»-ասաց պարոն Օսիպյանը։

Ոստիկանապետը նաև առաջարկեց մի օր երեկոյան ժամերի մի քանի ժամ անցկացնել իրենց ծառայողների հետ և տեսնել, թե ինչպես են աշխատում նրանք։

Մեր հարցին, թե վերջին անգամ ո՞ւմ են փռել ասֆալտին, այստեղ միջամտեց ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը՝ Օսիպյանի փոխարեն պատասխանելով, թե նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի եղբոր որդուն են փռել ասֆալտին, բայց չեն ասել։

Օսիպյանը, սակայն, անուններ չտվեց, միայն նշեց, որ նման դեպքեր եղել են, բերման են ենթարկվել, քրեական գործ է հարուցվել խուլիգանության հատկանիշներով։