Ամենավատ սցենարը

Ամենավատ սցենարը

Վատագույն սցենարը, որը ես պատկերացնում եմ, ձգվող, դանդաղ, հալումաշ անող, մեր երիտասարդների կյանքի հաշվին շարունակվող անհեռանկար ու ծանր պատերազմն է։ Երբ սրընթաց ռազմական գործողություններն իրենց տեղը զիջում են դանդաղ ու սողացող մահաբեր պատերազմին, որի վերջը չի երեւում։ Սա ոչ միայն հոգեբանորեն կարող է ընկճել մեր հասարակությանը, այլեւ տնտեսապես քայքայել ու անկանխատեսելի հետեւանքներ ունենալ մեր պետության համար։ Սա կարող է նաեւ հանգեցնել նրան, որ աշխարհը հաշտվի հերթական մահաբեր օջախի երկարատեւ գոյության հետ եւ այլեւս հրաժարվի հրադադարի կամ կոնֆլիկտի կարգավորմանը հասնելու մտքից։

Մեր իշխանությունների քայլերը նույնպես խոսում են այն մասին, որ շուտափույթ կարգավորման հույսեր փայփայել պետք չէ։ Եթե օրենք են ընդունում աշխարհազորի մասին, նոր հաստիքներ են ավելացնում պատերազմող երկրում, որ աշխարհազորայիններին կազմակերպեն ու տանեն ռազմի դաշտ, եթե պերմանենտ կոչեր են անում՝ նոր կամավորներ ներգրավելու մասին, ուրեմն գրեթե առարկայական չեն այն հույսերը, որ պատերազմը մոտ ժամանակներս ավարտվելու է, եւ մենք վերադառնալու ենք մեր բնականոն կյանքին՝ ավերածությունները վերացնելու, վերքերը բուժելու գործին։ Ամենավատ բանը, որ կարող է կատարվել Հայաստանի հետ, Սիրիա կամ Լիբանան դառնալու հեռանկարն է։ Մեր ժողովուրդն իր տեսակով խաղաղասեր է, եւ այդ առումով մենք չենք կարող մրցել արեւելյան ռազմատենչ ժողովուրդների հետ։ Ճիշտ է՝ երբ անհրաժեշտ է, մենք հերոսաբար եւ առանց աչք թարթելու նետվում ենք ռազմի դաշտ եւ մեր կյանքն էլ չենք խնայում հայրենիքի համար, բայց ամեն մի հայի կյանքը թանկ է ու անկրկնելի, եւ այդ կյանքը մեկ անգամ է տրվում։ Մենք այն շռայլելու, հայրենիքի զոհասեղանին մատաղ անելու իրավունքը չունենք։