Ես գրեթե բացառում եմ, որ ինձ երբևիցե տեսնեք այդ պաշտոնում․ Սարհատ Պետրոսյան

Ես գրեթե բացառում եմ, որ ինձ երբևիցե տեսնեք այդ պաշտոնում․ Սարհատ Պետրոսյան

Օրեր առաջ «Հրապարակը» գրեց, որ Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը պատրաստվում է ազատման դիմում գրել։ Քաղաքապետ Հայկ Մարությանը այնպես չէ, թե հերքել էր մեր տեղեկությունը, միայն ասել էր, որ նա այս պահին դեռ աշխատում է, երբ գնա՝ կիմանանք։

Մեսչյանը դեռ չի գնացել, շարունակում է պաշտոնավարել, բայց արդեն նրա աթոռի վրա, ասում են, աչք ունեցողներ կան։ Մեզ ասացին, որ ոմանք արդեն սկսել են բանակցել իմքայլականների հետ, որ բարեխոսեն իրենց համար։ 

Որպես այս պաշտոնին հավակնող թեկնածուներ՝ շրջանառվում են Կադաստրի պետական կոմիտեի նախկին նախագահ Սարհատ Պետրոսյանի և Քաղաքաշինության կոմիտեի նախկին նախագահ Ավետիք Էլոյանի անունները։

Էլոյանն այս պահին գտնվում է ԱՄՆ-ում, իսկ Պետրոսյանը Հայասանում է, բայց մեկնել է հանգստի։ Մեզ հետ զրույցում վերջինս ասաց, որ ինքը որևէ հավակնութուն չունի՝ զբաղեցնելու Մեսչյանի տեղը ու բացառեց իր կողմից որևէ հանդիպում, բանակցություն այս պաշտոնի համար։ 

«Ես երբևիցե ցանկություն չեմ հայտնել իմ կյանքի ընթացքում դառնալ գլխավոր ճարտարապետ, ավելին, ես համարել և համարում եմ, որ Երևանը չպետք է ունենա գլխավոր ճարտարապետ։ Եվ դա ասել եմ և՛ քաղաքապետ Հայկ Մարությանին, նաև պարոն Մեսչյանը գիտի իմ դիրքորոշումը»,-ասաց Սարհատ Պետրոսյանը։

-Իսկ ինչո՞վ է պայմանավորված Ձեր նմանատիպ դիրքորոշումը, որ Երևանը չպետք է ունենա գլխավոր ճարտարապետ, ո՞վ պետք է այդ դեպքում այդ գործառույթներն իրականացնի։

-Այդ գործառույթը պիտի լինի Երևանի քաղաքապետարանինը, բայց պետք է բոլորովին այլ տրամաբանությամբ տեղի ունենա, և մեկ մարդուց չպիտի նման պատասխանատու որոշումները կախված լինեն։  Համայնքը պետք է ունենա հստակ քաղաքաշինական կամ տարածական պլանավորման փաստաթղթերի համակարգ, և գլխավոր ճարտարապետի պաշտոնը զբաղեցնի, օրինակ, իրավաբան կամ տնտեսագետ, բայց ոչ ճարտարապետ։ Այնպես որ, ես գրեթե բացառում եմ, որ ինձ երբևիցե տեսնեք այդ պաշտոնում։ Եվ, եթե մի օր նման բան լինի, դա կլինի վերջինը, որ Երևանում կլինի գլխավոր ճարտարապետ։ Այդ դեպքում ես պատրաստ եմ դիտարկել իմ մասնակցությունն ընդհանրապես որևէ քաղաքի գործըթնացներում։

-Այսինքն՝ Դուք լինեք վերջին գլխավոր ճարտարապետը, ու դրանից հետո օրենքը փոխվի՞։

-Այո, պետք է չլինի գլխավոր ճարտարապետ։ Միայն այդ դեպքում ես կդիտարկեմ դա, որովհետև ինչին ես չեմ հավատում, չեմ կարող ղեկավարել դա։

-Այսինքն՝ Ձեզ առաջարկեն, Դուք պաշտոնավարեք ինչ-որ մի ժամկետ, ու դրանից հետո այլևս չլինի՞ գլխավոր ճարտարապետ։

-Այո, դա միակ դեպքն է, որ հնարավոր եմ համարում, որ ինչ-որ մի օր ես համաձայնեմ։ Բայց, նորից եմ ասում, ո՛չ առաջարկ  եղել է, ո՛չ հիմա ցանկություն ունեմ, ոչ էլ որևէ քննարկում եղել է, որևէ մեկի հետ չեմ հանդիպել այդ թեմայով։