Առանցքայինը ԼՂ կարգավիճակն էր, որը նույնիսկ Հայաստանը չճանաչեց․ Պուտին

Առանցքայինը ԼՂ կարգավիճակն էր, որը նույնիսկ Հայաստանը չճանաչեց․ Պուտին

15 տարի Հայաստանին առաջարկում էինք գնալ փոխզիջումների, վերադարձնել Ղարաբաղի 5 շրջանը, 2-ն էլ՝ իրենց համար պահել։ 

Այս մասին Վալդայ ակումբի լիագումար նիստի ժամանակ ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։

Անդրադառնալով 2020 թ․ 44-օրյա պատերազմին, Կրեմլի ղեկավարը նշել է․

«Ի վերջո, մենք պայմանավորվել ենք Ադրբեջանի հետ, որ ռազմական գործողությունները կդադարեն Շուշի մտնելուց հետո, մեր խաղաղապահների իրավական կարգավիճակը հիմնված է այս հայտարարության վրա»։

Նա կրկին հիշեցրել է, որ Հայաստանը ճանաչել է Ղարաբաղը որպես Ադրբեջանի մաս։

«Ե՞րբ և ի՞նչ ձևով Ադրբեջանը սահմանադրական կարգ կհաստատեր Ղարաբաղում, միայն ժամանակի հարց էր»,- հավելել է նա։

Պուտինի պնդմամբ, «առանցքային հարցը Ղարաբաղի կարգավիճակն էր, բայց այն չճանաչեց նույնիսկ Հայաստանը». «Երբ Ղարաբաղն անկախություն հռչակեց, ոչ ոք չճանաչեց այդ անկախությունը, նույնիսկ Հայաստանը, ինչն ինձ համար, անկեղծ ասած, տարօրինակ է, բայց բոլոր դեպքերում՝ այդպիսին էր որոշումը։ Նրանք չճանաչեցին ԼՂ անկախությունը։ Բայց հետո, Պրահայում, նրանք ընդունեցին, որ Ղարաբաղն Ադրբեջանին է պատկանում և հետո 2023 թվականին նույն բանը կրկնեցին Բրյուսելում կայացած համանման հանդիպմանը»։

Մեկնաբանելով Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի խոսքերը, թե Ռուսաստանն, իբր, դավաճանել է Հայաստանին, Պուտինը հեգնանքով մեջբերել է հայտնի դարձվածքը՝ ում կովը չբառաչեր, քոնը որ պիտի լռեր։

«Հայաստանը երբեք չի դադարում լինել մեր դաշնակիցը»,- հավաստիացրել է Վլադիմիր Պուտինը։

«Մենք, իհարկե, պատրաստ ենք տրամադրել (օգնություն - խմբ.) Հայաստանը չի դադարում լինել մեր դաշնակիցը, եթե այնտեղ կան հումանիտար խնդիրներ, և դրանք կան, մենք, իհարկե, պատրաստ ենք և կքննարկենք դրանք։ Եվ պատրաստ են աջակցություն և օգնություն ցուցաբերել այդ մարդկանց, դա անկասկած է»: