Իշխանություններն անցել են զանգվածային ձերբակալությունների և սպառնալիքների

Իշխանություններն անցել են զանգվածային ձերբակալությունների և սպառնալիքների

Այս պահի դրությամբ 2 օր արդեն ընթացող բողոքի ակցիաների մասնակիցներից 28 հոգի ձերբակալված է։ Քննչական կոմիտեն հայտարարություններ է տարածել՝ զանգվածային անկարգություններին մասնակցելու դեպքով քրեական վարույթների նախաձեռնման վերաբերյալ, սակայն ձերբակալվածներին մեղադրանք առաջադրված չէ դեռևս, այսօր նրանցից շատերի ձերբակալման 72 ժամը կլրանա և քննչականն․ ըստ ամենայնի, մեղադրանքներ կառաջադրի։ Ի դեպ, նույնիսկ քննչական կոմիտեի տարածած հաղորդագրությունիում է իշխանությունը փորձ անում ատելություն սերմանել արցախցիների նկատմամաբ։ Օրինակ՝ տարածած հաղորդագրության մեջ կարդում ենք․

«Դրանից հետո՝ ժամը 21։30-ի սահմաններում, հավաքի մասնակիցները, այդ թվում՝ հիմնականում Արցախի տարբեր բնակավայրերի նախկին բնակիչներից կազմված խմբերով, կազմակերպված կերպով կուտակվել են ՀՀ կառավարության շենքի մուտքի մոտ։ Չենթարկվելով հասարակական կարգը պահպանելու վերաբերյալ ոստիկանության կողմից ներկայացված օրինական պահանջին՝ նրանք կազմակերպված կերպով սկսել են հասարակական անվտանգությանն սպառնացող զանգվածային անկարգություններ»։ Քննչական կոմիտեն նաև հայտարարել է, թե ձերբակալվածներից բացի նաև այլ անձինք են որոնվում,և հայտնաբերվելու դեպքում կձերբակալվեն։

Մեզ հետ զրույցում փաստտաբան Հովհաննես Խուդոյանն, անդրադառնալով հարցին, թե կան ձերբակալությունների համար հիմքեր, ասաց․

«Որոշակի բախումներ են եղել, այդ բախումների ըթնացքում որոշակի հատուկ միջոցներ են կիրառվել և հնարավոր է լինեն որոշակի խնդիրներ, բայց պետք է հասկացվի, թե ով է մեղավոր, իսկ ով մեղավոր չէ։ Համենայն դեպս, այս պահին ես կարծում եմ, որ բացառապես խաղաղ ակցիաներ են իրականացվում, և ոստիկանությանն էլ հորդորում ենք, որ այդ խաղաղ անհնազանդության ակցիաները որևէ կերպ բիրտ ուժով չխանգարեն»,- պատասխանեց Խուդոյանը։

Խուդոյանին հարցրինք՝ տպավորություններ չունի՞, որ ոստիկանությունը երբեմն ինքն է բախումներ հրահրում, ինչից հետո սկսում են ձերբակալությունները։ Տեսանյութերն առկա են, որ անձամբ ոստիկանապետն է ցուցարարներին հարվածում ու հայհոյում․

«Այդ դրվագը ինքս չեմ դիտարկել, բայց շատ կարևոր է, որ ոստիկանները ծառայության բերումով պարտավոր են զսպվածություն ցուցաբերել՝ անկախ նրանից՝ իրենց կվիրավորեն, թե ինչ կանեն, դա իրենց ծառայության բաղկացուցիչ մասն է, իրենք պետք է զուսպ լինեն՝ առավել ևս հաշվի առնելով, թե կոֆլիկտները ինչ էմոցիայի հիման վրա են առաջացել։ Ավելի պետք է հանդուժող լինեն»։

«Քննչական կոմիտեի հաղորդագրությունները, իմ կարծիքով, այդքան էլ հիմնավորված չեն՝ առնվազն հոդվածի մասի վերաբերյալ։ Եթե նույնիսկ զանգվածային անկարգության դրվագներ եղած լինեն, իրենց ձևակերպումներից հասկացվում է, որ դա  պլանավորված է, մինչդեռ իմ դիտարկումն այն է, որ չպլանավորված են, սպոնտան»,- ասաց Խուդոյանը։

Ցուցարարներին պատշաճ իրավաբանական օգնություն ցուցաբերելու համար նաև Փաստաբանների պալատն է հատուկ խումբ ձևավորել։ Մեզ հետ զրույցում պալատի խոսնակ Սիլվի Տիգրանյանը հայտնեց, որ ձերբակալված որոշ քաղաքացիներ ազատ են արձակվել․

«Քաղաքացիներին բերման ենթարկելու վերաբերյալ տվյալներ ստանալուց հետո բերման ենթարկված քաղաքացիներին անվճար առաջին իրավաբանական օգնություն ցուցաբերելու նպատակով ձևավորված արագ արձագանքման խմբի փաստաբանները անմիջապես մեկնել են Ոստիկանության տարբեր բաժիններ` Կենտրոնականի, Էրեբունու, Շենգավիթի, Մաշտոցի: Վերջիններս ողջ գիշեր աշխատել են ոստիկանության բաժիններում, առաջնային իրավաբանական օգնություն են ցուցաբերել բերման ենթարկված քաղաքացիներին, ընդհուպ՝ մինչև ազատ արձակվելը: Բերման ենթարկված քաղաքացիների մեծ մասը ձերբակալվել է քրեական վարույթի շրջանակներում: Այսօր էլ մեր կողմից տարածած հեռախոսահամարին շարունակում ենք ստանալ զանգեր` երեկ կայացած հանրահավաքի ընթացքում բերման ենթարկված և ձերբակալված անձանց հարազատներից: Նրանց տրամադրվում է անհրաժեշտ տեղեկատվություն, ներառյալ՝ իրավաբանական խորհրդատվություն:

Մեր քաղաքացիներին ևս մեկ անգամ հիշեցնում ենք, որ ՀՀ փաստաբանների պալատը, որպես փաստաբանների մասնագիտական, անկախ, ինքնակառավարվող կառույց, հավատարիմ մնալով անձանց իրավունքների պաշտպանության գործառույթին, շարունակելու է հետևել հավաքների մասնակիցների նկատմամբ հասարակական կարգի պահպանմանն ուղղված ուժային կառույցների կողմից իրականացվող գործողությունների իրավաչափությանը: Դրանով պայմանավորված Փաստաբանների պալատն իր առաքելության շրջանակներում անվճար առաջին իրավաբանական օգնություն է տրամադրում հավաքներին մասնակցող և բերման ենթարկված անձանց։ Առաջնային անվճար իրավաբանական օգնություն ստանալու համար, բերման ենթարկվող քաղաքացիները կամ նրանց հարազատները նույն պահին կարող են կապ հաստատել խմբի փաստաբանների հետ՝ 033-600-714 հեռախոսահամարով»։

Նշենք, որ բերման ենթարկված քաղաքացիների թիվը 350 է։