Սովորական ֆաշիզմ

Սովորական ֆաշիզմ

«Հիասթափության մեծ մոդելավորմամբ» Հայաստանի ու Սփյուռքի լիքը շերտեր հայտարարարվեցին «աբիժնիկ»։ Առաջ հասարակությունում «սևերն» ու «սպիտակներն» էին, հիմա հավաքական՝ ՀՀ հպարտ քաղաքացիները նոր գույներ, երանգներ ու անվանումներ են ստացել ու բաժանվել տարբեր աբիժնիկ խմբերի․ պաշտոն չստացած ընդդիմադիրներ, փողի պակասից կատաղած լրագրողներ ու խմբագիրներ, փեսայի 10 տարվա մոդելավորման մեջ ներառված, բայց «հեղափոխության» պատճառով տասնամյա փայլուն կարիերայից, աթոռներից, արտասահամաններից, պատգամավորական մանդատներից ու ազդեցության լծակներից զրկված փորձագետներ, նախկին ընկերներ ու քաղաքական կուսակցությունների գծով՝ կոլեգաներ, ովքեր չհայտնվեցին կառավարությունում կամ ԻՔ ցուցակում։ Արևմտամետներ։ Ռուսամետներ։ Եվ  վերջապես՝ Սփյուռք։ Այնքան շատ, որ մարդիկ հարց էին տալիս՝ ո՞վ մնաց, մի՞թե բոլորը հիասթափված են։ Նախ, հասարակությանը խմբերի բաժանելը, և մանավանդ, պիտակավորելը, սովորական ֆաշիզմ է։ Բայց հիմա այն մասին, թե ովքե՞ր և ինչու կարող էր հիասթափվել Նիկոլ Փաշինյանից։ Իր վերսիային ծանոթ ենք։

Քաղաքական ուժեր՝նախկին ընդդիմադիրներ

Այս մարդիկ տարբեր ժամանակներում եղել են պայքարի բովում, կրել են հալածանքներ, ծեծվել, դատվել, բանտ նստել, համաներվել, առողջություն, երիտասարդություն ու ավելի լավ ապագայի հնարավորություններ կորցրել, ձեռք բերել սպիներ, ու հիվանդություններ։ Բայց չեն հաջողել։ Եվ, ահա, գալիս են «մաքուր հայկական հեղափոխությունը» կրողները և իրենց, իհարկե՝ «նեգլասնո» հայտարարում հին ու ժամկետանց։ Սա գրեթե նույնն է, ինչ նախկին լինելը։ Միակ տարբերությունը, որ վերջին  ժամկետանցների նկատմամբ ագրեսիայի ակտեր չկան և նրանք իրենց երբեմն-երբեմն իշխանությանը մոտ են երևակայում։ Չնայած,  կոպիտ բաներ նրանց ևս ասվում է․ «չարիք», համատարած կեղծված ընտրություններ եւ այլն։ Վերջերս էլ Նիկոլ Փաշինյանը նրանց պաշտոնապես դուրս գրեց քաղաքական դաշտից ՝ ասելով, որ եթե ժողովուրդն իրենից դժգոհ է, ապա ունի սահմանադրական իրավունք իրենց քշել և բերել Սերժ Սարգսյանին ու Գագիկ Խաչատրյանին։

Այսինքն, թարգմանաբար՝ իր այլընտրանքը Սերժ Սարգսյանն ու Գագիկ Խաչատրյանն են, ու չկա որևէ այլ ընդդիմություն ու իրեն այլընտրանք։ Մտքի ծայրով չի էլ անցե՞լ, որ եթե չլինեին նախկին պայքարները, ժողովրդի ակումալացված էներգիան, որը 2018-ի այս օրերին թափվեց փողոցներ, չէր լինելու եւ իրենք չէին գալու ու Սերժ Սարգսյանի ձեռքից գրեթե սպիտակ ձեռնոցներով չէին ընդունելու իշխանությունը։

Իսկ քամահրանքը, օտարումը, ի դեպ, վերաբերում է ոչ միայն ՀԱԿ-ին, այլ բոլորին․«Բարգավաճ Հայաստանից» մինչև «Սասնա ծռեր» ու մինչև վերջերս հեղափոխությանը աջակցություն հայտնող տարբեր անհատներ։ Նիկոլ Փաշինյանը նրանց բոլորին ասում է՝ դուք ոչինչ եք։ Հիասթափվելո՛ւ բան է։

Նման ֆաշիստական դրսևորումեր Նիկոլ Փաշինյանն ու թիմը ունեցել են ամենասկզբից․ կառավարության վարչական շենքերում տեղավորվելուց հետո երիտասարդ հեղափոխականների առաջին «դեկրետները» սոցիալական անհամերաշխության ակտեր էին նաև պետական կառավարման համակարգում աշխատող, հատկապես ավագ սերնդակիցների նկատմամբ՝ լուծարումներ, «օտարներից» ազատվել, թափուր պաշտոնների համար հայտարարված նոր մրցույթներ, որոնց արդյունքում այդ մարդիկ փոխարինվեցին յուրային քայլածներով, նրանց մորաքրոջ հարսներով, եղբորորդիներով, հորաքրոջ ամուսնու փեսաներով։ Իհարկե, կան և եղել են օբյեկտիվ պատճառներ, երբ իսկապես անհրաժեշտ է եղել համակարգը մաքրել վատ, ոչ պրոֆեսիոնալ ու կոռումպացված կադրերից։ Բայց որպես կանոն, իշխում էր բնության օրենքը․ երբ տարածքից օտարները պարզապես վանվում էին՝ յուրայիններին բերելու համար։ Հիասթափվելու է։

Ի դեպ, մրցույթների մասին, որոնք  անցնում էին հին՝ Սերժի ժամանակվա կանոններով, երբ «հաղթողը» հայտնի էր ի սկզբանե՝ քաղաքական որոշման արդյունքում։ Նոր Հայաստանում տարբեր մրցույթների մասնակցածները այլևս պատրանքներ չունեն։ 

Սփյուռք

Նիկոլ Փաշինյանը 2018 թ․ապրիլ-մայիս ամիսներին տասնյակ խոստումներ է տվել Սփյուռքին։ Այդ թվում՝ ընտրելու ու ընտրվելու իրավունք, նոր Սահմանադրություն։  Բայց 2 տարի անց ասում  է, որ խոստացել է բարձրացնել նախարարների աշխատավարձը։ Բնական է, որ Սփյուռքում հիշողության մթագնումներ չունեցող որևէ անձ պիտի զարմանա ու հիասթափվի` իրա՞վ։ Այս պահերին է, որ Սփյուռքը նորից իրեն զգում է հայտնի՝ կթու կովի կարգավիճակում։ Ի դեպ, սրանից կարող են զարմանալ և հիասթափվել նաև Հայաստանում՝ ՀՀ 3 միլիոն վարչապետերը։

Լրագրողներ, ընկերներ, ազգականներ

Նախկին ընկերներ, ծանոթներ, բարեկամներ․Նիկոլ Փաշինյանը ճիշտ չի ասում, որ թե ազգականներին, բարեկամներին ու ընկերներին չի տեղավորել կառավարությունում, մարզպետարաններում, Ազգային ժողովում։ Ի վերջո, մարդիկ կույր չեն, տեսնում են՝ Ռոբերտ Քոչարյանն էլ մի խնամի Վալոդ ուներ ԱԺ-ում, Սերժ Սարգսյանն էլ մի եղբայր՝ Սաշիկ։ 
 
Ինչպես ամեն ինչում, արտաքին  քաղաքականությունից մինչև  արագաչափեր, վարչապետ ու ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանները տարբեր ժամանակներում 180 աստիճանով տարբեր կարծիքներ ունեն։ 2018 թվականին Նիկոլ Փաշինյանի հետ ավտբուսների տակ ու մետրոների գնացքների տակ պառկող լրագրողները ոչ պատվերով հոդվածներ գրողներ, ոչ անփողությունից կատաղածներ էին։

Նրանք գործընկերներ, հեղափոխության սուբյեկտներ էին, քանի որ հասարակական կարծիքի վրա ազդելով՝ օգնում  էին իր իշխանության գալուն։ «Ազատությունից» մինչև,իր բնորոշմամբ՝ կոռուպցիոներների հեռուստաընկերություններ, որոնք իշխանափոխության վճռորոշ պահերին ուղիղ եթեր էին ապահովում իր համար։ Դրանով ապահովում էին նաև կրիտիկական զանգված։ Դեռ այս տարվա  ԶԼՄ-ների համար Ամանորի ընդունելության ժամանակին լրագրող և խմբագիր աշխատած վարչապետը սեթևեթում էր, թե իրեն դուր է գալիս լրագողական միջավայրը, որտեղ իրեն զգում է ինչպես ընտանիքում։ Քանի դեռ Փաշինյանին թվում էր, որ վարկանիշի անկման խնդիներ չունի, մեդիայի հասցեին նման արշավներ թույլ չէր տալիս։ Բայց հիմա երևի իսկապես սկսել ենք իրեն խանգարել՝ ցույց տալով համատարած հիասթափությունն ու դժգոհությունը, որ կա ուղիղ երկու տարի անց, երբ այ կորոնավիրուսով չվարակվելու ու սնունդ հասցնելու խնդիր լուծող ՀՀ հպարտ քաղաքացու ականջին  այլևս այնքան էլ  համոզիչ չի հնչում, թե ապրելու է ու ապրում է ազատ, արդար ու երջանիկ Հայաստանում։ Կամ միգուցե 20 տարվա խմբագրի ու լրագրողի դիրքերից նախանձո՞ւմ է լրագրողների քննադատելու լեգիտիմ իրավունքին։ Քննադատել իշխանությանը ու, որպես կանոն, պաշտպանել ընդդիմությանը։ Ինչպես տարիներ շարունակ եղել է ի՛ր նկատմամբ, ինչպես տարիներ շարունակ ինքն է արել սերժա-ռոբական, Աշոտյանի ասած՝ դժնդակ ժամանակներում, ընդդիմադիր թերթ տպագրելով ու իշխանությունների հասցեին սրտի ուզածը գրելով։

Ինչ խոսք, ահաբեկվելու ու պադյեզդներում ծեծվելու գնով։ Ինչպես բազում այլ լրագրողներ ու քաղաքական գործիչներ։ Բայց փաստ է, որ կորոնավիրուսի ու երկրի աղետալի սոցիալական վիճակը թողած՝ Փաշինյանը հիմա սպառնում է «կարգավորել» լրատվամիջոցների հիմնախնդիրները։ Իրավացի էր Արփինե Հովհաննիսյանը, երբ մեկ տարի առաջ զգուշացնում էր, որ դատավորներից ու ՍԴ-ից հետո հաջորդը լինելու է լրատվական դաշտը։