Տխուր արձանագրում է, որ Մարտի 1-ի նախաքննությունը չի վերաբերում 10 զոհերին

Տխուր արձանագրում է, որ Մարտի 1-ի նախաքննությունը չի վերաբերում 10 զոհերին
Թագուհի Թովմասյան

Երեկ Ազգային ժողով էր ժամանել ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը։ Նրան ԱԺ էր հրավիրել «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը՝ մասնակցելու ԱԺ մարդու իրավունքների մշտական ահնձնաժողովի անդամների հետ փակ հանդիպմանը։ Մոտ 2 ժամ տեւած հանդիպումից հետո Թովմասյանը մեզ հետ զրույցում ասաց, որ դատախազին հրավիրել էին ԱԺ, որովհետեւ հետհեղափոխական Հայաստանում հարուցվել են կամ վերսկսվել տասնյակ քրեական գործի վարույթներ, որոնք հանրության շրջանում մեծ հետաքրքրություն ունեն: «Նպատակն այն էր, որ դատախազից ստանայինք մի շարք հարցերի պարզաբանումներ՝ կապված տարատեսակ քրեական գործերի հետ: Քանի որ դատախազն ի պաշտոնե հսկողություն է իրականացնում նախաքննության օրինականության նկատմամբ եւ հաշվետու է Ազգային ժողովին, դրա համար էլ հենց նրանից է անհրաժեշտ ստանալ շատ հարցերի պատասխաններ»,- ասաց պատգամավորը։ Նա, սակայն, չմանրամասնեց, թե ինչ հարցեր են քննարկվել դռնփակ նիստի ընթացքում՝ նշելով, որ դրանք նախաքննական գաղտնիք պարունակող ինֆորմացիա կարող են դիտվել:

- Այդուհանդերձ, խնդրահարույց կետերը կայի՞ն, որոնց անդրադարձել եք։ 

- Դրանք բազմաթիվ էին՝ սկսած համակարգային խնդիրներից մինչեւ կոնկրետ գործերով տարվող քննությունները եւ դրանց մասով առաջացած դժվարությունները:

- Օրինակ՝ Վահան Շիրխանյանի հայտարարությունների հիման վրա սկսված իրավական գործընթացի կամ Մարտի 1-ի մասով հարցեր հնչե՞լ են, եւ ի՞նչ է ասել դատախազն այդ առնչությամբ։

- Ես կարող եմ ուրախությամբ արձանագրել, որ, ի պատասխան իմ հարցադրման, թե արդյոք այսօր տարվող մի շարք աղմկահարույց քրգործերի՝ այդ թվում եւ Մանվել Գրիգորյանի, Սամվել Մայրապետյանի եւ Մարտի 1-ի մասով տարվող քննությունների, օրինականությունը Դուք երաշխավորո՞ւմ եք, Արթուր Դավթյանը տվեց հստակ պատասխան, որ՝ այո, երաշխավորում է: Սա շատ կարեւոր արձանագրում էր, քանի որ այդ եւ այլ գործերով պաշտպանական կողմը կասկածներ է հայտնում եւ չհիմնավորման մասին այլ բարձրաձայնումներ անում: 
Ինձ համար տխուր արձանագրում էր այն, որ Մարտի 1-ի առիթով հարուցված քրեական գործի նախաքննությունը, որն ավարտվել է, եւ գործն ուղարկվել կողմերին՝ ծանոթանալու, չի վերաբերում 10 զոհերին: Այսինքն՝ մինչ օրս 10 սպանությունները բացահայտված չեն: Ինչպես հավաստիացրեց գլխավոր դատախազը, այս մասով նախաքննությունը դեռ շարունակվում է, եւ որեւէ մեկի նկատմամբ մեղադրանք առաջադրված չէ: Ես՝ որպես ԱԺ պատգամավոր, ինչպես լրագրության տարիներից, շարունակելու եմ հետեւողական լինել Մարտի 1-ի սպանությունների բացահայտման հարցում: Հանրությունն իրավապահներից, մեզանից բոլորից ունի այդ ակնկալիքը: 

- Իսկ Շիրխանյանի հայտարարությունների վերաբերյալ հարց հնչե՞լ է։

- Այդ մասով հարց չի հնչել:

- Ձեզ գոհացրի՞ն գլխավոր դատախազի պատասխանները, եւ, առհասարակ, ձեր քաղաքական թիմը գո՞հ է Արթուր Դավթյանի աշխատանքից։

- Ասեմ, որ հանդիպումը բավականին հետաքրքիր էր, կարեւոր տեղեկությունների փոխանակմամբ եւ խնդիրների արծարծմամբ: Իսկ քաղաքական թիմի գոհունակության մասով կարող եմ ասել, որ քանի դեռ ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնը զբաղեցնում է Արթուր Դավթյանը, նշանակում է, որ նրա պաշտոնավարման անհրաժեշտությունը կա: