«Հրապարակ». Ռուսաստանի հետ շանտաժ, ատամ ցույց տալ, հիմար հայտարարություններ անել չի կարելի

«Հրապարակ». Ռուսաստանի հետ շանտաժ, ատամ ցույց տալ, հիմար հայտարարություններ անել չի կարելի

«Հրապարակ» օրաթերթի զրուցակիցը «Հայ ազգային կոնգրես» կուսակցության փոխնախագահ Արամ Մանուկյանն է։

- Նիկոլ Փաշինյանը վերջին շրջանում նոր հակառուսական հայտարարություններ է արել․ նա ֆրանսիական լրատվամիջոցին ասել է, որ Հայաստանը փաստացի սառեցրել է իր անդամակցությունը ՀԱՊԿ-ին, իսկ ԱԺ-ում հայտարարեց, որ ՀԱՊԿ-ն իր պարտավորությունները չի կատարում, եւ այդ պարագայում, եթե պետք լինի, կլքենք կառույցը։ Ձեր գնահատմամբ՝ Փաշինյանի պնդումներն իրավացի՞ են, եւ որքանո՞վ են տեղին ռազմավարական դաշնակցին ուղղված այս հանդիմանությունները։

- Եթե կուզեք իմանալ՝ Հայաստանի թիվ 1 մարտահրավերն այսօր դա է, երբ Հայաստանը հին անվտանգային համակարգից ուզում է դուրս գալ՝ չիմանալով, թե ուր է գնում։ Իրենք շատ պարզ խոստովանում են, որ ՀԱՊԿ-ից դուրս գալով ու ավելի ուշ հայ- ռուսական մեծ պայմանագրից դուրս գալով, որին իրենք տանում են, չգիտեն, թե ուր են գնում։ Իրենք ծրագրած ունեն, խոսում են Հնդկաստանի, Արեւմուտքի, Ֆրանսիայի հետ կապերի մասին, բայց դրանցից ոչ մեկն անգամ մասնակիորեն չի կարող փոխարինել անվտանգային այն համակարգին, որում գտնվել ենք շուրջ 30 տարի։ Այստեղ խնդիրն ամենեւին հնի լավ կամ վատ լինելու մասին չէ։ Հինը` լավ թե վատ, գոնե կա, նորը, որին իրենք ձգտում են, գոյություն չունի։ Այսինքն՝ կարող է ստեղծվել մի իրավիճակ, հենց դա է լրջագույն պրոբլեմը, որ Հայաստանը կարող է ուղղակի հայտնվել վակուումի մեջ՝ առանց աջակիցների ու առանց գործընկերների։ Այսինքն՝ հինը ոչնչացնում ես, նորն էլ չկա։ Դա էլ՝ այն դեպքում, երբ, իրենց ասած, 2 ցլերի արանքում ենք, եւ այդ ցուլերից մեկը ՆԱՏՕ-ն է, եւ եթե դու ցանկություն ունես դեպի ՆԱՏՕ գնալու, այդ մեծ ցուլը պետք է ՆԱՏՕ-ի կողմից ներկայացված լինի։ Այսինքն՝ անհեթեթ բան է ստացվում․ մերժիր ՀԱՊԿ-ն, բայց հայտնվիր թուրքական ՆԱՏՕ-ի մեջ։ Այս դեպքում «վտանգավոր» բառը շատ համեստ է, սա արկածախնդրություն է, սա գոյաբանական խնդիր է իր հետ բերում։ Առավել եւս՝ իմ ասած խնդիրները բազմապատկվում են նաեւ այն առումով, որ չի գործում միջազգային իրավական համակարգ, միջազգային նորմերը չեն գործում։ Այսինքն՝ եթե դու հանկարծ ընկնես փորձանքի մեջ, ուղղակի ցեղասպանություն սկսվի մեր ժողովրդի կամ պետության նկատմամբ, ապա չկա որեւէ ատյան, չկա որեւէ իրավական ակտ, որը քեզ կարող է պաշտպանել։ Մյուս գերխնդիրը, որը հաշվի չառնել չես կարող, այն է, որ աշխարհն այսօր բաժանված է երկու մասի, որոնք իրար ուտում են․ Արեւմուտք-Արեւելք աշխարհաբաժանման նոր գործընթաց է, եւ դու կարող ես լինել կա՛մ այդ երկուսի բախման կիզակետում, ինչը ողբերգություն է, ինչն ապուշություն է, երբ դու գնում ես դրան, որ հայտնվես այդ բախման կետում, բայց ինքը հենց գնում է այդ ճանապարհով։ Դրա համար է, որ ես այսօր համարում եմ, որ մեր բոլոր պրոբլեմներից առավել այդ ստրատեգիական վեկտորի փոփոխության խնդիրն ուղղակի կարող է կործանարար լինել Հայաստանի համար։

- Նիկոլ Փաշինյանի համոզմո՞ւնքն է, որ Ռուսաստանը մեզ համար վատ դաշնակից է, թե՞ Արեւմուտքն է նրան պարտադրում հակառուսականություն։

- Ես կարծում եմ՝ պարտադրանքն է, որովհետեւ Արեւմուտքը խոստանում է փշրանքներ տալ, օգնել, դրա համար էլ շնորհակալություն, որ օգնում են, բայց նրանց խնդիրը ոչ թե Հայաստանի անվտանգության կամ սուվերենության պահպանությունն է, այլ հակառուսականության դաշտի ստեղծումը, որովհետեւ այդ նույն Արեւմուտքը, երբ ամիսներ առաջ 140 հազար մարդ տեղահանվեց, էթնիկ զտումների ենթարկվեց, այդ Արեւմուտքից ոչ մի գործնական բան չեղավ։ Ռեալություն է, որ Արեւմուտքի թիվ մեկ խնդիրը հակառուսականության դաշտ ստեղծելն է, եւ դրան ընդառաջ գնալը կարող է դառնալ կործանարար։

- Վերջին շրջանում Ձեզ տարբեր հարթակներում տեսնում ենք մարդկանց կողքին, որոնց հետ նախկինում քաղաքական հակառակորդներ եք եղել։ Հնարավո՞ր է, որ Նիկոլ Փաշինյանին իշխանությունից հեռացնելու օրակարգի շուրջ քաղաքական ուժերը համախմբվեն, եւ ՀԱԿ-ը կարեւոր դերակատարում ունենա այդ գործընթացում։

- Խնդիրն իսկապես շատ ավելին է, քան Ձեր ասածը։ Գուցե չեք զգում այն վտանգը, որ կարող է Հայաստան կորցնենք, իսկ Հայաստանը կորցնելու դեպքում, շատ կներեք, իշխանության հերն էլ անիծած, կուսակցությունների հերն էլ անիծած, այդ համախմբումների հերն էլ անիծած։ Այս պահին, հավատացեք, չգիտեմ՝ ինչպես, կանխել է պետք Նիկոլ Փաշինյանի այդ գլխապատառ, խելապակաս, կտրուկ անցումն անվտանգային համակարգից։ Մենք գործ ունենք հզոր երկրի հետ՝ Ռուսաստանի հետ։ Ռուսաստանի հետ շանտաժով, վախեցնելով, ատամ ցույց տալով, հիմար-հիմար հայտարարություններ անելով չէ, որ պետք է աշխատես, դա կարող է շատ ծանր անդրադառնալ մեզ վրա։ Դա ամենեւին չի նշանակում, որ ռուսներն արել են այն, ինչ պարտավոր էին․․․, ամենեւին, եւ եթե Հայաստանում հակառուսական տրամադրություններ կան, ապա իրենք էլ դրա վրա լավ աշխատել են, նպաստել, բայց դա չէ խնդիրը։ Ցանկացած ժողովրդի, ցանկացած նորմալ մարդու, քաղաքական գործչի թիվ մեկ խնդիրը պետք է լինի եղածը պահելը։ Քո տանը հրդեհ է, այդ հրդեհը մարել է պետք, որ չկործանվես, որից հետո այդ մնացածը քննարկելի է։ Ես իմ ելույթի ժամանակ էլ ասացի՝ կարեւոր չէ միություններ, հարթակներ ստեղծելը, մենք ոչ մի հարթակում չենք, բայց գիտակցում ենք այդ խնդրի կարեւորությունը։ Մի ուրիշ բան էլ ասեմ, ոնց ուզում եք՝ համարեք․ Կոնգրեսը պետք է օրակարգ թելադրի, ոչ թե միանա ուրիշների օրակարգին, որովհետեւ այն ամենը, ինչի մասին խոսում ենք՝ Անկախության հռչակագիր, Սահմանադրություն, սիմվոլներ, պետականություն, այդ ավելի շատ մերն է, քան մնացածինը։ Հիմա շատերը կնեղանան իմ ասածից,՝ ասելով, որ բոլորինն է։ Իհարկե, բոլորինն է, բայց ես դրա վրա ավելի շատ ամագ ունեմ, քան ուրիշը, ես դրա վրա ավելի շատ եմ դողում, քան ուրիշը։ Ցանկացած ուրիշի երեխեն իմ երեխեն է, բայց իմ երեխան շատ ավելի է իմ երեխան, քան ուրիշինը։ Այդ առումով, թող բոլորը նախ խոստովանեն, որ մենք ճիշտ ենք եղել, իրենք՝ սխալ, որ սրան ոչմիթիզականության արդյունքում եկանք, մեծախոսության ու պոռոտախոսության արդյունքում։ Մենք 25 տարի է՝ խաղաղություն ենք ասում, ո՞վ միացավ այդ խաղաղության կոչին, որ այս արհավիրքի դեմն առնեինք, չգայինք այսպիսի կոտրած տաշտակի առջեւ կանգնեինք։

- Ո՞րն է Հայ ազգային կոնգրեսի օրակարգը, որով մյուսները պետք է շարժվեն։

- Ես կարծում եմ՝ առաջիկայում մենք պարտավոր ենք ինչ-որ հստակություններ անել։ Մտահոգության առումով՝ կրկնում եմ այն, ինչից սկսեցի․ մտահոգությունը մեր երկրի կտրուկ շրջադարձն է՝ անվտանգային համակարգերի առումով։ Պետք է բալանսավորված քաղաքականություն վարել, դա աշխարհի օրակարգն է։ Հայաստանը պետք է ապրի այդպես՝ բալանսավորված քաղաքականության դաշտում։