Ծեծը՝ հայոց խորհրդարանում

Ծեծը՝ հայոց խորհրդարանում

Հայոց խորհրդարանն ընդդիմադիրների ծեծի պատմություն ունի, ճիշտ է՝ ոչ շատ հարուստ։ Առաջին նախադեպը գրանցվեց 1996-ի սեպտեմբերի 26-ին հրավիրված արտահերթ նստաշրջանում։ Նախքան այդ տեղի էին ունեցել սեպտեմբերի 25-ի դեպքերը, երբ ընտրությունները կեղծելուց հետո ընդդիմության այն ժամանակվա առաջնորդ Վազգեն Մանուկյանը գնացել էր ԱԺ՝ ասելով, որ եթե 15 րոպեից չգա, մարդիկ գնան իր հետևից։ Գազազած մարդիկ գետնին հավասարեցրին մի քանի մետր բարձրությամբ ԱԺ երկաթյա ճաղերը, լցվեցին ԱԺ, ջարդեցին այն ժամանակ ԱԺ նախագահ Բաբկեն Արարքցյանի ու փոխխոսնակ Արա Սահակյանի գլուխը։

Դրանից հետո ընդդիմադիրները՝ դաշնակցականներ ու ԱԺՄ-ականներ, փախած ու կիսալեգալ վիճակում էին։ Խորհրդարանը 145 կողմ, 2 դեմ ձայներով արդեն հավանություն էր տվել ԱԺ պատգամավոր Վազգեն Մանուկյանի ընտրական շտաբի պետ Սեյրան Ավագյանի դեմ քրեական գործ հարուցելուն, ապա ՀՅԴ ներկայացուցիչ Ռուբեն Հակոբյանին, զինվորների ուղեկցությամբ, բերեցին դահլիճ: Ահա, այդ դեպքերից հետո, ահավոր լարված մթնոլորտում, իշխող ՀՀՇ խմբակցության մի քանի պատգամավորներ հենց ԱԺ ամբիոնի մոտ հարվածեցին Սեյրան Ավագյանին, Ռուբեն Հակոբյանին ու ամբիոնից ելույթ ունեցող Շավարշ Քոչարյանին։ Հատկապես աչքի ընկան Հակոբ Հակոբյանը՝ Լեդի Հակոբը, նախարար Դավիթ Զադոյանն ու ՀՀՇ-ական Սամվել Գևորգյանը։ 

Նույն օրը  քացիներ ու բռունցքի հարվածներ տվեցին Վազգեն Մանուկյանի հետ այն ժամանակ նույն ճամբարում գտնվող Պարույր Հայրիկյանին։ Ծեծի ժամանակ ծեծողներին ու ծեծվողներին փորձում էին բաժանել աշխատանքի և սոցիալական ապահովության նախարար Ռաֆայել Բագոյանը, Խոսրով Հարությունյանը, Վահագն Խաչատրյանը, Շահեն Պետրոսյանը: 

Հաջորդ ծեծն ԱԺ-ում եղավ 2002-ին, երբ Լեւոն Սարգսյանը՝ Ալրաղացի Լյովիկը, բարձրացավ ամբիոն եւ հարվածներ հասցնելով՝ փորձեց այնտեղից ցած գցել ամբիոնը գրաված ՀԺԿ-ական պատգամավոր Արամայիս Բարսեղյանին։ Հակոբ Հակոբյանն էլ՝ Լեդի Հակոբը, միջամտեց՝ «ի՞նչ է էլել, Լյովիկ» ու հայհոյանքներ հնչեցին, ապա ԱԺ դահլիճից վտարեց Լյովիկին, նրան «տեսավ» ԱԺ միջանցքում, իր սենյակում, որտեղից հարվածների ձայներ ու աներևակայելի հայհոյանքներ էին լսվում։ Հետո Լյովիկը փախավ ԱԺ-ից։ Հանուն արդարության ասենք, որ այն ժամանակ իշխանական ֆրակցիայի՝ «Երկրապահ» խմբակցության ներկայացուցիչը՝ Հակոբ Հակոբյանը, ծեծեց ու սաստեց իր կուսակցին՝ ընդդիմադիր պատգամավորին հարվածելու ու հայհոյելու համար։ Եւ չնայած հնչել էին ցենզուրայից դուրս հայհոյանքներ, սակայն ընդդիմության եւ արդարության օգտին։ Ինչը չես ասի այսօրվա մասին։

Վերջին միջադեպը եղավ 2017-ին՝ Արտաշես Գեղամյանի ու Նիկոլ Փաշինյանի միջև, երբ Գեղամյանը բռունցքներով հարձակվեց «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի վրա։