«Փինք Արմենիան» պիտակավորում է լրատվամիջոցներին

«Փինք Արմենիան» պիտակավորում է լրատվամիջոցներին

Այսօր «Փինք Արմենիա» հասարակական կազմակրեպությունը, որը զբաղվում է Հայաստանում մարդու իրավունքների, այդ թվում՝ միասեռականների իրավունքների պաշտպանությամբ, մամուլի ասուլիս էր հրավիրել։ Որպես լրագրող-բանախոս ներկայացել էր նաև Հովհաննես Իշխանյանը։ Նա մամուլից հրապարակումներ էր իր հետ բերել, որոնք, իր կարծիքով, ատելության խոսքի տարածման դրսևորումներ են։

Իր խոսքում Իշխանյանը մասնավորապես նշեց․ «Ես անդրադառնալու եմ այն լրատվամիջոցներին, որոնք երբ անդրադառնում են ԼԳԲՏ թեմաներին, մոռանում են, որ գործ ունեն մարդկանց հետ, և եթե հանրության շրջանում վատ վերաբերմունք կա, թվում է, թե լրագրողը կարող է մոռանալ իր մասնագիտությունը, էթիկան ու գրել այնպես, ինչպես ուզում է՝ չապահովելով 2-րդ ձայնը։ Ես միայն Շուռնուխի դեպքի հետ կապված չեմ խոսելու, խոսելու եմ նաև ընդհանուր, քանի որ լրատվամիջոցները իրենց բաժին մեղքը ունեն, որ ոստիկանները անընդհատ կարճում են բռնության դեպքերը ԼԳԲՏ անձանց կամ հասարակությունում շարունակվում է վատ վերաբերմունքը, իսկ քաղաքական գործիչները շարունակում են ծայրահեղ ատելության խոսքը»։

Իշխանյանի բերած ցանկում էին «Իրավունք», «Ազգ» թերթերը, 168.am-ը, analitik.am-ը, hraparak.am-ը, news.am-ը, «Շողակաթ» և «Կենտրոն» հեռուստաընկերությունները։ Այնուհետև Իշխանյանը բերեց հոդվածների օրինակներ hraparak.am-ից՝ ասելով, որ գրվածը սուտ է, թեեւ մինչ այդ խոսում էր ատելության խոսքի տարածման մասին։ Իսկ թե ինչն է սուտ, այդպես էլ չհիմնավորեց։ 

Ինչպես չհիմնավորեց, թե որ հոդվածում է hraparak.am-ը եղել կողմնակալ  եղել եւ ներկայացրել միակողմանի կարծիք։  Հարցին, թե ուսումնասիրե՞լ է այն դեպքը եւ դրա լուսաբանումը, երբ մի խումբ ԼԳԲՏ անձինք մտել էին ոստիկանության բաժանմունք և այնտեղ ծեծկռտուք հրահրել, պատասխանեց հետևյալ կերպ․ «Ճիշտն ասած՝ մենք չենք զբաղվում այդ գործով, այսինքն՝ ես չեմ էլ տիրապետում դրան, միայն կարող եմ ասել, որ ոստիկանության հաղորդագրությունը չափից դուրս անգրագետ էր ՝ օգտագործելով տարբեր ձևի հատկանիշներ, կներեք, գնահատականներ, բնորոշումներ, այսինքն՝ ատելության խոսքի ևս մեկ․․․ մի խոսքով՝ հասկացաք»։ 
Հարց է առաջանում, թե ինչպե՞ս է Հովհաննես Իշխանյանը ուսումնասիրել թեմայի լուսաբանումը՝ առանց անդրադառնալու այդ դեպքին եւ ինչպես է խոսում լրատվամիջոցների անաչառությունից ու լուսաբանման բազմակողմանիությունից, եթե ինքն անկողմնակալ եւ լավատեղյակ չէ թեմայից։