ԵԱՏՄ-ից դուրս գալը մեր 13 տոկոս տնտեսական աճն ի չիք կդարձնի

ԵԱՏՄ-ից դուրս գալը մեր 13 տոկոս տնտեսական աճն ի չիք կդարձնի

Վերջին շաբաթներին ՀԱՊԿ-ից եւ անգամ ԵԱՏՄ-ից դուրս գալու կոչերն ավելի ու ավելի հաճախ են հնչում տարբեր արեւմտամետ շրջանակներից, որոնք Հայաստանն ուզում են տեսնել Եվրամիության եւ ՆԱՏՕ-ի կազմում։ 

Տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Հայկ Սարգսյանից հետաքրքրվեցինք, թե Հայաստանի՝ ՀԱՊԿ-ից եւ ԵԱՏՄ-ից դուրս գալը տնտեսական ինչ հետեւանքներ կարող է ունենալ մեր երկրի ու նրա տնտեսության վրա: Հ․ Սարգսյանի դիտարկմամբ՝ դրանք տարբեր բաներ են եւ տարբեր հետեւանքներ կարող են ունենալ, եթե ՀԱՊԿ-ից դուրս գալը կարող է ռազմաքաղաքական առումով անդրադառնալ մեզ վրա, ապա ԵԱՏՄ-ից՝ տնտեսական։

«ՀԱՊԿ-ից դուրս գալը միանգամյա ակտ չէ»,- ասում է Հ․ Սարգսյանն ու հավելում՝ քանի դեռ անձնապես խորամոուխ չի եղել այն ընթացակարգերի մեջ, որոնք թույլատրում են անդամ կառույցների, երկրների դուրս գալը, չի կարող հստակ մատնանշել հետեւանքները․ «Բայց, միեւնույն ժամանակ, փոխարինել ռազմաքաղաքական անվտանգության ինչ-որ մի կառույց՝ այն լքելով, եւ հայտնի չէ, թե որ կառույցի համար, թեպետ դա կարող է լինել ՆԱՏՕ-ն կամ ինչ-որ մի երկիր, մեկ ուրիշ ռազմաքաղաքական ալյանս՝ խելամիտ չէ։ Ուկրաինային թվում էր, թե ինքն արագացված ընթացակարգով կհայտնվի ՆԱՏՕ-ի գրկում, բայց, ինչպես շատերն էին կանխատեսում, դա չի կատարվում, որովհետեւ ինքը՝ ՆԱՏՕ-ն, ունի իր պայմանները եւ խնդրին համակողմանի մոտենալու պայմաններում այդպես արագ չի ընդգրկի Ուկրաինային իր կազմում։ Այստեղ շահերը բազմակողմ են, բազմաասպեկտ, իսկ կողմնորոշումներն էլ՝ բազմաբեւեռ։ Ահա, այդ «բազմա»-ների միջակայքում պետք է ճիշտ կողմնորոշվել՝ ճշգրիտ հաշվարկելով ռիսկերը եւ չխարխափել անորոշությունների մեջ, ինչպես ժողովուրդն է ասում՝ մրից դուրս գալով՝ մրջուրը չընկնել»։ 

Տնտեսագիտության դոկտորի դիտարկմամբ, ՀԱՊԿ-ի հետ մեր պայմանագիրը զուտ ռազմաքաղաքական բնույթի է, եւ ինքը չի տեսնում այն ալտերնատիվը, որից դուրս գալու դեպքում մենք կհայտնվենք ավելի բարենպաստ իրավիճակում։ Ինչ վերաբերում է ԵԱՏՄ-ին, ապա «այստեղից դուրս գալու հետեւանքները մեզ վրա ոչ միայն տնտեսական են լինելու, այլ նաեւ՝ սոցիալական, իրավական, անգամ՝ մշակութային եւ, իհարկե, էներգետիկ անվտանգության առումով։ Այսօր այդ կառույցից դուրս գալու կամ այդ կառույցին անդամակցությունը դադարեցնելու ապագան ես չեմ տեսնում՝ շատ պարզ պատճառով․ առաջինը՝ այսօր ՀՀ սեփականության 70 տոկոսի շրջակայքում, նույնիսկ մի փոքր ավելը գտնվում է Ռուսաստանի տիրապետության, տնօրինման եւ օգտագործման տակ։ Այս բոլոր՝ սեփականության ատրիբուտներով ռուսները մեր հանրապետության ընդերքը, էներգետիկ ռեսուրսները՝ դա ե՛ւ միջուկային վառելիքն է, ե՛ւ հիդրոկայաններն են, ե՛ւ գազամուղն է, որը, կապերը խզելու պայմաններում, կոնտր պայմաններ կարող են առաջացնել, որի պատճառով միայն գազի բաղադրիչով՝ մեր 13 տոկոս տնտեսական աճն ի չիք կարող է դառնալ։ Ես դեռ չեմ խոսում մյուս ռեսուրսների հետ կապված»։ Զրուցակիցս նկատում է, որ գումարային առումով դա ահավոր մեծ թիվ կլինի, եւ տնտեսական աճ չենք ունենա: «Ինչո՞ւ, որովհետեւ եթե այսօրվա 13 տոկոս տնտեսական աճը կառուցվում է նախորդ տարիների՝ 2019, 2020 թթ․ տնտեսական աճերի վրա, այդ աճը մենք չենք ունենա վերջին մեկուկես տարվա կտրվածքով, չեն հավաքագրվի բյուջեի մուտքեր, չենք կարողանա կատարել սոցիալական ծախսեր, եւ ինչ պլանավորվում է լրացուցիչ բյուջե, դա չի իրագործվի հենց տնտեսական աճ չունենալու պարագայում»,- ասում է տնտեսագետը։ 

Հ․ Սարգսյանն ընդգծում է, որ սեփականության իրավունքը պետք չէ դիտարկել միայն ուղղակի իմաստով․ «Ի դեպ, երբ խոսում էի սեփականության մասին, բնավ պարտադիր չէ, որ սեփականությունն իրենցը՝ ռուսներինը լինի, պետք է հաշվի առնել նաեւ այն, ինչ տրվեց իրենց կառավարմանը, ինչպես փոխանցեցին «Մարս» ընկերությունը, 300 մլն դոլար միայն կառուցման համար անգլիացիներն ու հարավսլավացիները ներդրում կատարեցին ՀՀ-ում, Նյութագիտության ինստիտուտը, Մերգելյանը եւ այլն, եւ այլն։ Այսինքն՝ եթե ուղիղ իրենց սեփականությունը չէ, ապա տրվեցին իրենց կառավարմանը, օրինակ, երկաթուղին տրվել է իրենց կառավարմանը, ընդերքից մինչեւ գետնի վրա բոլոր կարեւոր ռեսուրսները տրվել են իրենց։ Այսօր Հայաստանի 30 տոկոս արտահանումը եւ ընդհանրապես ապրանքաշրջանառությունը գտնվում է եվրասիական տարածքում։ Մենք չենք կարող ավտոմատ տեղափոխվել ուրիշ տնտեսական տարածք։ Եվրոպան այսօր մեզնից միայն խտանյութեր է վերցնում, ուրիշ ապրանքներ մենք չունենք»։

Ինչպե՞ս կբացատրի դոկտոր, պրոֆեսորն ամիսներ առաջ վարչապետի այն հայտարարությունը, թե մեր երկրի ընթացիկ տնտեսական վիճակը լավատեսական է, եւ միայն առաջին եռամսյակի տվյալներով, մենք 8,6 տոկոս տնտեսական իրական աճ ունենք։ «Խոսքն այն մասին է, որ եթե մենք ընդհատում ենք այդ կապերը եվրասիական տարածքի հետ եւ հայտնվում ենք նշածս պայմաններում, դա փոխում է ամբողջ իրավիճակը»։

Նիկոլ Փաշինյանն օրեր առաջ էլ Ազգային ժողովում հայտարարեց, որ, ի հեճուկս դժվարություններին, Հայաստանն ունի շատ հստակ տնտեսական հաջողություններ: Ավելին, ըստ նրա, տնտեսական ազատության ինդեքսում Հայաստանը 11-րդն է, այնինչ Հայաստանը 58-րդն է, 11-րդը Շվեդիան է։ Նա նաեւ հայտարարեց, որ Հայաստանի տնտեսական դինամիկան կոտրելու համար սեպտեմբերի 13-ին Ադրբեջանը գնաց նման «սադրանքի»։ «Թույլ տվեք վարչապետի՝ սադրանքի այդ արգումենտը չմեկնաբանել․․․ ինքս գտնում եմ, որ շատ ավելի ծանրակշիռ փաստարկներ են աշխատում՝ դրանց ագրեսիվ գործունեության հետ կապված։ Այսօր մարդիկ նախանձախնդիր են իրենց Մեծ Թուրանի երազանքն իրականացնելու հարցում․․․»։

Այդուհանդերձ, վարչապետը տեղյակ չէ՞ր, որ Հայաստանը 11-րդ տեղում չէ, թե՞ այլ նպատակ էր հետապնդում՝ այդ քաղցր եւ սուտ ինֆորմացիան հանրությանը հրամցնելով։ «Եկեք չմտնեմ այդ տիրույթ, որովհետեւ ունեմ իմ սեփական վերաբերմունքը մեր իշխանությունների գործելակերպի վերաբերյալ, այն առումով, որ ես չեմ կարող բավարարվել այն արժեքներով, որոնցով մենք հեղափոխություն իրականացրինք եւ ականատեսն ենք դառնում դրանց համարժեք գործողություններին։ Ես միշտ այն կարծիքին եմ եղել, որ աղքատ եւ ոչ շատ կրթված ժողովրդի ընտրազանգվածից միշտ չէ, որ կարող ենք ակնկալել լավագույն ընտրություններ։ Այդ ընտրությունները շղթայապես շատ ավելի մեծ վնաս են պատճառում, քան տնտեսական աճը՝ այն պարզ պատճառով, որ վատ ընտրությունը բերում է վատ օրենքի, իսկ օրենքը երկրի համար ամենակարեւոր ինստիտուտն է»։