Ժողովրդավարության վիճակը լավ չէ. լավ բաներ Հայաստանում տեղի չեն ունենում

Ժողովրդավարության վիճակը լավ չէ. լավ բաներ Հայաստանում տեղի չեն ունենում

«Հրապարակի» զրուցակիցն իրավապաշտպան Արտակ Կիրակոսյանն է:

-Պարոն Կիրակոսյան, Նիկոլ Փաշինյանը շատ է սիրում Հայաստանն անվանել ժողովրդավարության բաստիոն, սակայն մենք ականատես ենք լինում բազում երևույթների, որոնք, մեղմ ասած, կապ չունեն ժողովրդավարության հետ և դեռ մի բան էլ՝ ավտորիտար ռեժիմի մասին են վկայում: Օրինակ՝ երեկ դատարանի դահլիճում հանկարծամահ եղավ քաղբանտարկյալ Արմեն Գրիգորյանը, դրանից ժամեր առաջ աշխատանքից ազատել էին Ավետիք Չալաբյանի եղբորը: 

-Այո, լավ բաներ Հայաստանում տեղի չեն ունենում: Նույն Ավետիք Չալաբյանը պետք է անհապաղ ազատ արձակվի, քանի որ ապաքրեականացված հոդվածը չի կարող գործել: Արմեն Գրիգորյանի տեսակցությունները փակել էին: Մեզանում ժողովրդավարության վիճակը լավ չէ:

-Նորանկախ Հայաստանի պատմության մեջ նախկին բոլոր ղեկավարներն էլ քննադատվել են իրենց սխալների, բացթողումների համար: Նրանցից և ոչ մեկն էլ անսխալական չէր: Շատերի կարծիքով՝ նախկին նախագահները ևս ժողովրդավար չէին: Եթե համեմատական անցկացնենք այժմ, ո՞ր ղեկավարի ժամանակ է համեմատաբար իրավիճակը բարվոք եղել այս առումով:

-Այս համատեքստում համեմատությունները տեղին չեն: Կդժվարանամ ասել: Կարծում եմ՝ Հայաստանը երբեք էլ աչքի չի ընկել ժողովրդավարությամբ:

-Նախկինում Դուք՝ իրավապաշտպաններդ անհամեմատ ավելի ակտիվ էիք: Այսօր բավականին պասիվ եք: Վարչապետի ավտոշարասյունը հղի կնոջ է սպանում, լռում եք, դատարանում քաղբանտարկյալ է մահանում, լռում եք, մարդուն իր քաղաքական հայացքների համար աշխատանքից վտարում են, լռում եք: Ինչո՞ւ: Ի՞նչն է փոխվել:

-Այնքան էլ համամիտ չեմ, բայց եթե այդպես է, ուրեմն լավ չէ: Մարդու կյանքը մշտապես հավասար կարևոր է: Մենք այսօր ունենք այլ իրավիճակ: Ժամանակին տարատեսակ իրավունքների ոտնահարման դեպքեր էին տեղի ունենում, սակայն լրատվամիջոցներն այդ մասին գրեթե չէին կարողանում բարձրաձայնել: Հիմա ես զրուցում եմ Ձեզ հետ և Դուք ավելի տեղեկացված եք, քան ես: 

-Բոլորովին համաձայն չեմ: ԶԼՄ-ները մշտապես խոսել են տարատեսակ իրավունքների խախտումների մասին: 

-Խոսում էին քչերը: Այժմ բոլոր լրագրողները հետևում են ամեն ինչին, նախկինում այդպես չէր: Նախկինում իրավապաշտպանները խոսում էին խնդիրների մասին, որոնց մասին մամուլը չէր խոսում: Ընդ որում՝ այդ փոփոխությունը նոր չի եղել, եղել է 2016-2017 թվականներին: Այսինքն՝ այս իշխանությունները չեն նպաստել այդ փոփոխությանը: Այդ առումով Դուք եք այսօր առաջնագծում, անդրադառնում եք մարդու իրավունքների տարատեսակ խնդիրների: Հավանաբար հիշում եք Պապլավոկի դեպքերը, երբ բոլորը վախեցած էին: 

-Հավանաբար իրավապաշտպանների պասիվության պատճառով են լրագրողները նաև իրավապաշտպանի ֆունկցիա իրականացնում:

-Իրավապաշտպանների հայտարարություններն այսօր էական դեր չունեն, որովհետև ինֆորմացիան իշխանություններին տեղ հասցնելու խնդիրը լուծված է: Խնդիրն այն է, որ այդ արձագանքը թույլ է ու անբավարար: Մեծ հաշվով տարբերություն չկա՝ հայտարարությունը կանի լրագրողը, թե իրավապաշտպանը: Արձագանքը նույնն է, դեռ մի բան էլ դուք ավելի օպերատիվ եք: