Նեմեսիսի արձանը դարձավ Նիկոլ Փաշինյանի կոկորդում խրված ոսկոր 

Նեմեսիսի արձանը դարձավ Նիկոլ Փաշինյանի կոկորդում խրված ոսկոր 

Հայաստանում հանրային քննարկումների առանցքում Նեմեսիսի արձանի հետագա ճակատագիրն է։ Արձանը չափազանց վիրավորել է Անկարային։ Եւ թուրքական կողմն ամեն կերպ հասկացնում է, որ ակնկալում է, որպեսզի Երեւանը հանի այդ արձանը՝ մոռանալով, որ չի կարող որոշել, թե Հայաստանում ով ում արձանը տեղադրի, երբ եւ ինչպես։ Երեւանից թույլ դիմադրություն կա։ Երեւանի քաղաքապետարանը հայտարարել է, որ արձանն ապամոնտաժելու մտադրություն չունի, թեեւ Նիկոլ Փաշինյանը արձանի պատմությունն ուղղակիորեն իր վրայից մաքրեց ու Երեւանի քաղաքապետարանի «գրպանը գցեց», միաժամանակ փորձելով խոսակցությունը տեղափոխել այլ հարթություն, օրինակ՝ ժամանակին տեղադրված Նժդեհի արձան, կամ՝ թե ինչու մենք հայ թագավորների արձանները չենք տեղադրել։ Հայաստանի ԱԽ քարտուղարն էլ երեկ հայտարարեց, որ ոչ ոք իրավունք չունի Հայաստանի ներքին գործերին խառնվելու, բայց դեռ հայտնի չէ, արդյոք այս խոսքն ինչ որ բան կարժենա՞, թե՞ ամեն դեպքում իշխանությունները կնահանջեն, ինչպես մյուս բոլոր հարցերում են նահանջել։

Նիկոլ Փաշինյանն, իհարկե, կուզենար, որ անձնապես լիովին մաքրվեր այս պատմությունից եւ իր խասյաթի համաձայն՝ բոլորը մեղավոր համարվեին, բացի իրենից։ Բայց դե Անկարայում այլ կերպ են մտածում։ Երկրի ղեկավարը ինքն է, հետեւաբար՝ պատասխանատուն էլ երկրում տեղի ունեցած ցանկացած բանի համար ինքն է եւ հարցուպատասխանը հենց նրանից է ակնկալվելու։ Հետեւաբար, դժվար թե կարողանա ինչ որ կերպ այս թեմայից խուսանավել եւ Հրաչ Սարգսյանի, Տիգրան Ավինյանի կամ՝ Նեմեսիս գործողությունն իրականացնողների ժառանգների ու քանդակագործի վրա բարդել։ 

Բայց ամեն ինչից երեւում է, որ ՀՀ վարչապետը կուզենար, որ Նեմեսիսի արձանն ապամոնտաժվի։ Չէ որ հակառակ դեպքում Անկարան հասկացնում է, որ մի կողմ կդնի Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորմանն ուղղված որեւէ գործողություն։ Սակայն նաեւ պետք է նկատել, որ Փաշինյանը մեծ դժվարությամբ կարող է գնալ արձանը ապամոնտաժելու որոշմանը, քանի որ ներքին արձագանքը՝ հայաստանյան հանրության վերաբերմունքը, եւ հատկապես՝ Սփյուռքի արձագանքը կարող է լինել չափազանց բացասական ու այս դեպքում ոչ հայտնի ՊՈԱԿ-ն իր ֆեյքերի բանակով, ոչ «զոմբիլենդը» նրան չեն փրկի հեղինակազրկումից ու ամենատարբեր էպիտետներով պիտակավորումից, գուցե անգամ՝ պաշտոնազրկումից։ Ու եթե Հայաստանում իրավապահ համակարգով ոմանց կարողանան զսպել, Հայաստանից դուրս ապրողների վրա, պարզապես որեւէ լծակ չունենալով, ստիպված կլինեն «կուլ տալու» շատ բան։ 

Ալեգորիկ իմաստով՝ Նեմեսիսի արձանն այս պահին արդեն ոսկոր է դարձել, որը մնացել է Փաշինյանի ու նրա թիմակիցների կոկորդում։ Չմոռանանք, որ եթե նույնիսկ արձանը ապամոնտաժվի էլ ի վերջո, մի քանի ամսից Երեւանում ընտրություններ են, ու դեռ հարց է, թե նման քայլից հետո քանի հոգի կքվեարկի Երեւանում ՔՊ-ի օգտին։ Այլ հարց, որ կարող են փորձել մինչեւ Երեւանի ընտրությունները ժամանակ ձգել, հետո՝ ապամոնտաժել, որպեսզի ընտրական գործընթացները հաղթահարված լինեն։ Բայց դա նշանակում է, որ ստվերային պայմանավորվածություն պետք է ձեռք բերեն Թուրքիայի իշխանությունների հետ եւ համոզեն, որ ձեր պահանջը կատարելու ենք՝ մի քիչ «մուլաբ» տվեք։