Ե՞րբ Բորիս Ելցինն ու Բելգիայի թագավորը մասնավոր այցով եղան Հայաստանում

Ե՞րբ Բորիս Ելցինն ու Բելգիայի թագավորը մասնավոր այցով եղան Հայաստանում

Բարձրաստիճան պաշտոնյաների այցերն արտերկիր, նրանց ուղեկցող անձինք, պետբյուջեից կատարվող ծախսերն  այդ նպատակով  դարձել են սոցցանցերում, մամուլում  արծարծվող հիմնական թեման։ 
21-րդ դարի սոցիալական ցանցի օգտատերը պեղում-գտնում է եւ «Ֆեյսբուք»-ում տարածում է նկարներ, թե ինչպես են եվրոպացի պաշտոնյաները աշխատանքի գնում հեծանիվով, ինչպես են արտերկրյա այցերի ժամանակ հյուրընկալվում ամենաէժան եւ համեստ հյուրանոցներում, որպեսզի իրենց երկրի բյուջեին վնաս չհասցնեն, որքան էլ այդ երկրները հարուստ են եւ ունեն մեր համեմատ բազմակի ավելի բյուջե։ 
Իսկ   ինչպե՞ս են կազմվում պատվիրակությունները, ո՞վ է որոշում, թե,  դիցուք, երկրի նախագահին, վարչապետին, ԱԺ նախագահին ովքեր պետք է ուղեկցեն այս կամ այն երկիր կատարած այցի ընթացքում, որպեսզի կատարված ծախսերը «աչք չծակեն», որպեսզի հարկատուն հարցեր չուղղի, թե ինչ նպատակով են ծախսվում իր վճարած հարկերը, ո՞րն է դրանց ՕԳԳ-ն։ 

1999 թվականից ՀՀ արտգործնախարարության ենթակայության ներքո գործում է պետական արարողակարգի ծառայությունը, մինչ այդ ԱԳՆ-ում  եղել է արարողակարգի վարչություն։ Ներկա դրությամբ՝ ԱԳՆ պետական արարողակարգի ծառայությունն ունի 25 աշխատակից, երեք բաժին՝ այցերի բաժին, դիվանագիտական անձնակազմի բաժին եւ դիվանագիտական գրագրության բաժին։ Ծառայության պետ Լեւոն Մինասյանը քիչ է համարում աշխատակիցների թիվը, ասում է, որ շատ դեպքերում մի հոգին մի քանի հոգու աշխատանք է կատարում։ Դա էլ ունի իր պատճառները՝ թավշյա հեղափոխությունից հետո Հայաստանի նկատմամբ հետաքրքրությունն է աճել, այցերն են հաճախակիացել, միջոցառումներ ավելի շատ են կազմակերպում։ 
Երկրի նախագահի աշխատակազմում էլ կա նախագահի արարողակարգի վարչություն, որի պետի պաշտոնը մինչ օրս թափուր է։ Վարչապետի աշխատակազմում կա արարողակարգի պատասխանատու, իսկ ԱԺ-ի աշխատակազմում՝ արարողակարգի վարչություն։

ԱԳՆ պետական արարողակարգի ծառայության պետ Լեւոն Մինասյանը մեր հարցին, թե ինչ սկզբունքով է որոշվում պատվիրակությունների կազմը, պատասխանեց․ «Հիմնական սկզբունքը քաղաքական օրակարգի առկայությունն է, նայած թե ինչ հարցեր կան քննարկելու տվյալ պետությունում, ըստ ոլորտների էլ ընդգրկվում են այն մարդիկ, որոնք պետք է մասնակցեն համապատասխան քննարկումների։ Իսկ պատվիրակության կազմը որոշում են արտերկիր մեկնող երկրի նախագահը, վարչապետը, ԱԺ նախագահը՝ ելնելով այն հանգամանքից, թե տվյալ երկրում ինչ միջոցառումներ են անցկացվում, կարճաժամկետ են, թե երկարաժամկետ»։
Լեւոն Մինասյանը նշում է, որ, ըստ արարողակարգի՝ ամենաբարձր մակարդակի այցը պետական այցն է։ Իսկ դա, ըստ նրա, նախատեսում է, որ այցը պետք է ունենա բացառիկ քաղաքական բովանդակություն նաեւ արարողակարգի տեսանկյունից։ 

«Օրինակ՝ «Արարողակարգի մասին» մեր օրենքով սահմանված է, որ պետական այցերի ժամանակ լինում են մի շարք ավելի միջոցառումներ, կարող է նախատեսվել այցելություն մի քաղաքից մեկ այլ քաղաք, մշակութային ծրագրեր, համերգներ, նախատեսվում է նաեւ տարբեր պայմանագրերի ստորագրում։ Եվ արարողակարգի տեսանկյունից, օրինակ, ավելի շատ մոտոցիկլիստներ  են ուղեկցում, մայրաքաղաքի փողոցները դրոշազարդվում են։ Պետական արարողակարգը սահմանում է, թե պետական այցի ժամանակ տվյալ երկրում ինչ արարողակարգային միջոցառումներ են նախատեսվում։ Օրինակ՝ Ֆրանսիայում, պետական այցի ժամանակ, երբ տվյալ  երկրի ղեկավարի ինքնաթիռը հատում է օդային սահմանը, ֆրանսիական օդուժն ունի  հատուկ ջոկատ, որն ուղեկցում է ինքնաթիռն օդում»,- նշեց Լեւոն Մինասյանը։ Պետական այցեր կատարում է երկրի ղեկավարը, մեր դեպքում՝ ՀՀ նախագահը։ 
«Երկրորդ սանդղակ»-ում պաշտոնական այցն է։  Նրան հաջորդում են աշխատանքային,  մասնավոր եւ տարանցիկ այցերը։ 

Աշխատանքային այցը, ի տարբերություն, պետական եւ պաշտոնական այցերի, չի նախատեսում լայնամասշտաբ միջոցառումներ, շատ բարձր մակարդակով էլ դիմավորում հյուրերին։ 
Մասնավոր այցը, ըստ արարողակարգի, այն է, երբ մի պետության ղեկավարը ժամանում է այլ երկիր անձնական հրավերով։ Դա վերաբերում է այն այցերին, երբ չկա աշխատանքային ձեւաչափ, մեկնում են տուրիզմի կամ հանգստի։
«Հիշում եմ, երբ 2002թ․  ՌԴ պաշտոնաթող նախագահ Բորիս Ելցինն այցելեց Հայաստան եւ մասնավոր այցով մեկ շաբաթ մեր երկրում էր։ Անցյալ տարի մասնավոր այց կատարեց Բելգիայի թագավորը, որը որոշել էր իր ընտանիքի հետ Հայաստանում անցկացնել մեկ շաբաթ թե տասն օր։ Նա շրջագայեց Հայաստանում, եղավ տարբեր վայրերում»,- հիշում է մեր զրուցակիցը։ 

Ինչ վերաբերում է տարանցիկ այցերին, ապա դրանց դեպքում որեւէ բարձրաստիճան պաշտոնյա կամ պետության ղեկավար տվյալ երկրով մեկնում է մեկ այլ երկիր, եւ կարող է մի քանի ժամով գտնվել այլ երկրում։ Այդ ընթացքում, ըստ Լեւոն Մինասյանի, չի բացառվում, որ մի քանի ժամով լինեն հանդիպումներ։ Նման այցեր, մեր զրուցակցի խոսքով,  Հայաստան չեն եղել։ 

Հետաքրքրվեցինք, թե պետական արարողակարգում կա՞ հստակ սահմանում, թե երկրի ղեկավարը կամ բարձրաստիճան պաշտոնյաները որ դեպքերում կարող են արտերկիր մեկնել իրենց տիկնանց հետ, որ դեպքերում՝ առանց տիկնոջ ուղեկցության։ 

Լեւոն Մինասյանը նշում է․ «Արարողակարգի տեսանկյունից որեւէ սահմանափակում երկրի ղեկավարի կամ բարձրաստիճան պաշտոնյայի  տիկնոջ մասնակցության հարցում գոյություն չունի։ Օրինակ, երբ անցյալ տարի Հայաստանում տեղի ունեցավ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գագաթնաժողովը, ունեցանք մոտ 40 բարձրաստիճան հյուրեր՝ տարբեր պետություններից, եւ նրանց մեծ մասը Հայաստան էր ժամանել իրենց տիկնանց հետ»։