«Հրապարակ». Այլազգի մարդիկ Հայաստանում ավելի հեշտ են աշխատանք գտնում, քան արցախցիները

«Հրապարակ». Այլազգի մարդիկ Հայաստանում ավելի հեշտ են աշխատանք գտնում, քան արցախցիները

Հարցազրույց Արցախի կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախկին նախարար Անահիտ Հակոբյանի հետ 

- Արցախից բռնի տեղահանված քանի՞ ուսուցչի է հաջողվել աշխատանք գտնել Հայաստանում, ի՞նչ խնդիրների են հանդիպում այն մարդիկ, ովքեր դիմում են ուսուցիչ աշխատելու համար։ Տեղյա՞կ եք այդ խնդիրներից։ 

- Ես եղել եմ Արցախի նախավերջին նախարարը եւ մինչ այս պահը կապի մեջ եմ շատերի հետ՝ դպրոցի տնօրեններ, դասախոսներ, մշակույթի գործիչներ, դասատուներ, եւ կարող եմ ասել, որ մինչ 2020 թիվն Արցախում ուսուցիչների թիվը եղել է 4 հազար 500։ 2020-ից հետո էապես կրճատվեց այս թիվը, մինչեւ իմ պաշտոնանկությունը ուսուցիչների թիվը մոտավոր 3 հազար 500 էր։ Սեպտեմբերի 19-ից Արցախից բռնի տեղահանված ուսուցիչների համար այստեղ աշխատանքի անցնելու հետ կապված բազմաթիվ խնդիրներ կան։ Նախ՝ կա սկզբունք, որ մարզաբնակ գյուղերում աշխատանքի անցնելու համար պարտադիր չէ վերապատրաստվել, բայց մայրաքաղաքի դպրոցներում աշխատանքի անցնելու համար պարտադիր են վերապատրաստումները, քննությունները։ Աշխատանք հիմնականում գտնում են այն ուսուցիչները, ովքեր բնագիտական ոլորտի մասնագետներ են, մնացած մասնագիտությունների ուսուցիչները չեն կարողանում աշխատանք գտնել։ Մոտավոր հաշվարկներով՝ 3 հազար 500 մասնագետից  աշխատանքի է անցել 400-500 մարդ, մյուս ուսուցիչներն աշխատանք չեն կարողանում գտնել։ Նաեւ ստեղծել են տեխնիկական պատճառներ՝ պահանջում են, որ այստեղ աշխատանքի անցնելու ցանկություն ունեցող ուսուցիչները փոխեն իրենց Արցախի գրանցումները, որը շատերի կողմից չի ընդունվում։ Անհասկանալի է այս պահանջն ինձ համար եւս, ինչպե՞ս են որոշել կամ ինչո՞ւ են նման բան որոշել, որ, օրինակ, մինչեւ սեպտեմբերի 19-ը Հայաստանում եղած արցախցին, ով ունեցել է աշխատանք, կարող է շարունակել աշխատել այստեղ՝ առանց գրանցումը փոխելու, բայց 19-ին գաղթի ճանապարհ անցած մարդուն ստիպում են փոխել գրանցումը։ Շատերի համար վիրավորական են նաեւ քննություններ, վերապատրաստումներ անցնելու պահանջները, քանի որ երկար տարիներ իրենք աշխատել են, եւ երբեք Արցախի կառավարության կողմից նման պահանջներ չեն եղել։ 

- Իսկ Արցախի մշակույթի գործիչները, դասախոսներն ինչպիսի՞ խնդիրներ ունեն, նրանք է՞լ ունեն աշխատանք գտնելու խնդիրներ։

- Երեք շաբաթ առաջ խոսել եմ ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի հետ, որպեսզի հանդիպում կազմակերպեի Արցախի մշակութային գործիչների, դասախոսների հետ՝ նպատակ ունենալով խնդրել, որ այս մարդկանց ապահովեն աշխատանքով, սակայն նախարարը պատասխանել էր, որ այսօր իր օրակարգում պետական բյուջեի քննարկման հարցերն են, եւ ինքը ժամանակ չունի հանդիպումների։ Փորձեցի մի որոշ ժամանակ անց կրկին զանգահարել նախարարին, հասկանալու համար՝ կարո՞ղ է գոնե հիմա ընդունել մեզ, բայց զանգերս մնացին անպատասխան։ Արցախի մշակույթի գործիչները, դասախոսները, նախկին պաշտոնյաներն այսօր այստեղ պահակ են աշխատում, տաքսի են վարում, բանվորություն են անում՝ օրվա հացի խնդիր լուծելու եւ ամսվա վերջում բնակվարձի գումարը գտնելու համար, քանի որ շատ-շատ թանկ են այստեղ բնակարանները։ Դասախոսների դեպքում շատ չնչին է թիվը, ում հաջողվել է աշխատանք գտնել համալսարաններում։ Մեզ այստեղ վերաբերվում են ասես 3-րդ, 4-րդ սորտի մարդկանց, այլազգի մարդիկ ավելի հեշտ են աշխատանք գտնում այստեղ, թեկուզ սպասարկման ոլորտում։ 

- Դուք անձամբ աշխատանքի համար ինչ-որ տեղ դիմե՞լ եք կամ աշխատանքի առաջարկ ստացե՞լ եք։ 

- Դիմել եմ՝ ոչ մի պատասխան չեմ ստացել եւ ոչ էլ աշխատանքի առաջարկ եմ ստացել։ Պատրաստ եմ ցանկացած քննություն, վերապատրաստում անցնել եւ վստահ եմ, որ կանցնեմ, բայց մինչ այս պահը ոչ մի առաջարկ չեմ ստացել, առաջարկներս էլ անպատասխան են մնացել։ 

- Ինչպե՞ս եք պատկերացնում Ձեր ապագան այստեղ, ի՞նչ պետք է անեք, ինչո՞վ զբաղվեք, ինչպե՞ս եք լուծելու աշխատանքի խնդիրը։ 

- Շատ բարդ հարց եք տալիս․ ինքս աշխատել եմ երկար տարիներ, հասել եմ նախարարի պաշտոնին, այսօր ես ոչինչ չունեմ՝ հայրենիք, տուն, աշխատանք, ապագա, եւ չեմ վախենա ու կասեմ՝ այստեղ մեզ լավ չընդունեցին՝ ժողովուրդը չէ՛, իշխանությունները։ Հետագայի համար կարող եմ ասել հետեւյալը․ ունեմ երկու պլան, առաջինը՝ եթե հնարավորություն լինի ետ գնալ Արցախ, ես առաջինն եմ լինելու, որ գնալու եմ, եւ ինձպես շատերը կան, ում հետ զրուցում եմ, ամեն երկրորդ մարդը դա է ասում։ Եթե հետ գնալու հնարավորություն չլինի, գնալու եմ Ռուսաստան, այնտեղ Ռուսաստանի պատմություն կդասավանդեմ եւ վստահ եմ՝ այնպիսի խոչընդոտների չեմ հանդիպի, ինչքան այստեղ։ Շատերն են գնում, օր-օրի, արցախցիները դուրս են գալիս՝ ընտրելով Ռուսաստանը, քանի որ Հայաստանում իրենց զգում են 3-րդ, 4-րդ սորտի մարդ։