«Պուտինի մերձավորը»․ Գագաուզիայի ղեկավարին կդատեն

«Պուտինի մերձավորը»․ Գագաուզիայի ղեկավարին կդատեն

Գագաուզիայի ղեկավար Եվգենյա Գուցուլի դեմ հարուցված քրեական գործի նյութերն ուղարկվել են դատարան, հաղորդում է Մոլդովայի դատախազությունը։

Նշվում է, որ Մոլդովայում արգելված «Շոր» ընդդիմադիր կուսակցության դեմ գործ է հարուցվել, մեղադրյալներից մեկն էլ՝ Գուցուլն է։

Հիշեցնենք, ապրիլի 21-ին Մոսկվայում կայացել է Մոլդովայի ռուսամետ ընդդիմադիր պատգամավորների համագումարը, որը հակադրվել է հանրապետության նախագահ Մայա Սանդուի քաղաքականությանը՝ ուղղված Եվրամիության հետ ինտեգրմանը։ 

ՌԴ-ում վտարանդի գործարար Իլան Շորը և Գագաուզիայի ղեկավարը Եվգենյա Գուցուլը հայտարարեցին նախընտրական դաշինք ստեղծելու մասին։ Ապրիլի 22-ի երեկոյան Քիշնեւի օդանավակայան ժամանելուն պես ձերբակալվել են Մոսկվայից վերադարձող ընդդիմադիր պատգամավորները։ 

Մոլդովայի գլխավոր դատախազի պաշտոնակատար Իոն Մունտեանուն ապրիլի 23-ին հայտարարել է, որ Իլան Շորի կողմնակիցների գործողությունները կարող են որակվել որպես պետական ​​դավաճանություն։

Շորը ռուսամետ «Շոր» կուսակցության հիմնադիրն է։ 2023 թվականի հունիսին Մոլդովայի Սահմանադրական դատարանն այն անօրինական է ճանաչել։ Գուցուլը «Շոր»-ի անդամ է։ Կուսակցության արգելումից կարճ ժամանակ առաջ նա հաղթել է Գագաուզիայի ինքնավար շրջանի ղեկավարի ընտրություններում։

Վերջին օրերին Գուցուլը հաճախակի է այցելել Մոսկվա, որտեղ հանդիպել է նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին։