Գորշագույն «ասպետը»

Գորշագույն «ասպետը»

Մայրաքաղաքի ավագանու 2018 թվականի սեպտեմբերյան ընտրությանը կոմիկ դերասան Մարության Հայկը, իր ասելով, սպիտակ էր: Ինչը պայմանավորված էր «թավշիստ հեղափոխական» Նիկոլի կողքին լինելու հանգամանքով: 2021-2022-ին ինքը հեռացավ Նիկոլի թիմից ու վերածվեց գորշ… չէ, ոչ թե կարդինալի, այլ ընդամենը՝ արարածի: Դա՝ ըստ իր տերմինաբանության: Այդ ժամանակահատվածում ինքը, իհարկե, ամբողջությամբ չընկալեց, որ երկրում իրականություն է փոխվել: Ու փոխվել է 180 աստիճանով: Ու, ըստ այդմ, իբրեւ թե մինչ այդ սպիտակ (նիկոլապաշտ բազմության կարծիքով) Նիկոլն իր մերձ շրջապատով վերածվել է սեւի, մահաբեր սեւի: Եվ եթե նախկինում որոշակիորեն հաջողված կոմիկ դերասանն ու ընթացիկ անհաջող քաղաքական գործիչը (կամ մայրաքաղաքային կառավարման ղեկավարը) ունենար բավարար բարոյական ու գիտակցական մակարդակ, ապա պետք է մեղա գար ու քառասուն օր ծոմ պահեր: Որպեսզի մաքրվեր «նիկոլական սպիտակից», որը վերածվել էր մահաբեր սեւի, ու ազատվեր մարդկանց եւ Աստծո առաջ պատասխանատվությունից: Բայց դա, բնականաբար, չարվեց:

Դա չարվեց, ու այսօր ինքն էլ չգիտի, թե ով է ինքը, ինչպիսի գունավորում ունի: Ավագանու ընտրությունում ինքը դուրս է եկել՝ թեկուզ ձեւականորեն, ընդդեմ Նիկոլի, որի հետ սպիտակ էր՝ ձեռք-ձեռքի տված: Բնականաբար, ինքը չի ցանկանում լինել իրական ընդդիմադիր, այսինքն, իր տերմինաբանությամբ՝ սեւ: Ու այդ պատճառով ես էլ որոշեցի զուտ մարդկայնորեն օգնել նրան՝ հուշելով իր իրական գույնը: Այն, ենթադրաբար, սկզբնապես կարող է դուր չգալ երբեմնի կոմիկ դերասանին, որ նախքան քաղաքականություն մուտք գործելը ձգտում էր սպիտակ երեւալ իր ֆիլմերում: Ու այդ գույնով, իր պատկերացմամբ, մուտք գործեց քաղաքականություն: Այն հաստատ դուր չի գա երբեմնի քաղաքապետին, որ սիրում էր տեր ու տիրական զգալ իրեն բաց վարդագույնին տվող քաղաքապետարանի շենքում: Բայց որպես նախկին դերասան ու պրոդյուսեր (փաստորեն, այդպիսիք էլ են լինում)՝ ինքը կարող է մխիթարվել այն հանգամանքով, որ գորշի երանգները քանակով բավական շատ են, ինչպես հանրահայտ ֆիլմի վերնագիրն է մեզ հուշում: Ու ինքն օբյեկտիվորեն ընտրելու մեծ հնարավորություն է ստանում:

Բայց չեմ կարող լռության մատնել այն հանգամանքը, որ ինչպիսի երանգ էլ ընտրի ինքը, մնալու է որպես գորշագույն մեկը կամ, ավելի ճիշտ՝ գորշագույն «ասպետ». «ասպետ» բառը, բնականաբար՝ չակերտավոր: Եվ դրա մեղավորն ինքն է, քանի որ հինգ տարի առաջ ընտրությունը կատարել է անձամբ ու, թեկուզ ձեւականորեն, հենց ինքն է բաժանել մեր հասարակությունը սեւի ու սպիտակի: Ու, ինչպես արդեն ասվեց, դրանից հետո մեղա չի եկել: Ու չի հայցել, չի ստացել հասարակության ներողամտությունը: Այնինչ, որպես հասարակության ոչ ընդունելի բարքերը մերկացնող ու ծաղրող դերասան,պետք է գիտակցեր դրա անհրաժեշտությունը: