«Հրապարակ». Սա խնդրի լուծում չէ, ոչ մի խնդիր չի լուծվելու, փոխարենն առաջ են գալու նոր խնդիրներ

«Հրապարակ». Սա խնդրի լուծում չէ, ոչ մի խնդիր չի լուծվելու, փոխարենն առաջ են գալու նոր խնդիրներ

«Հրապարակի» զրուցակիցը Ներքին հիվանդությունների բժշկության հայկական ասոցիացիայի նախագահ, թերապեւտ-սրտաբան Լամարա Մանուկյանն է:

- Մարտի 1-ից 470 անուն դեղ վաճառվում է էլեկտրոնային դեղատոմսերով: Խոսքը հիմնականում հակաբիոտիկների մասին է, սակայն այս ոլորտում մի իսկական խառնաշփոթ է սկսվել, եւ մասնագետները պնդում են, որ անգամ աչքերի համար նախատեսված որոշ կաթիլներ եւ ցավազրկողներ այլեւս էլեկտրոնային դեղատոմսերով են դուրս գրվելու: Այս որոշումը բավականին մեծ դժգոհության առիթ է դարձել:

- Շատ սխալ որոշում է կայացվել: Միտումն այն է, որ կանխարգելվի հակաբիոտիկների չարաշահումը: Շատ գրագետ մոտեցում է, երբ մարդուն բացատրում ես՝ ամեն հազի եւ փռշտոցի ժամանակ չի կարելի վազել դեղատուն եւ հակաբիոտիկ գնել: Ի դեպ, մեր հայ ժողովրդին բնորոշ է ինքնաբուժությամբ զբաղվելը, փորձում ենք ինքներս որոշել՝ ինչ դեղ խմել, ինչ դոզայով եւ այլն: Սա շատ սխալ է: Հատկապես քովիդից հետո անտիբիոտիկների հանդեպ սերը մեծացել է: «Դեքսամետազոն» անունով դեղը դարձել է մեր ժողովրդի սիրելի դեղը: Ով թոքաբորբով է հիվանդանում, միանգամից այդ հաբերն է գնում, բայց դա այն դեղամիջոցն է, որը բացառապես պետք է բժիշկը նշանակի եւ դոզավորի: Մի այսպիսի խնդիր էլ ունեն մարդիկ․ երկու-երեք օր հակաբիոտիկ են խմում, ինքնազգացողությունը լավանում է, դադարում են խմել այն։ Դա եւս շատ սխալ է: Հակաբիոտիկի օգտագործման չափը հինգից յոթ օր է: Պետք է այն ընդունել մինչեւ վերջ: Բայց էլեկտրոնային դեղատոմսերով տարբերակը պայքարի ճիշտ տարբերակ չէ: Ցանկացած նորմալ երկրում, երբ նոր օրենք է կյանքի կոչվում, պետք է նախապես հաշվի առնվեն մի շարք հանգամանքներ: Այս տարբերակով նոր հերթեր են գոյանում: Այն ուղղակի սարսափելի է: «Արմեդ» համակարգը բացարձակապես պատրաստ չէր այս ամենին: Անգամ ամենահանգիստ պայմաններում դրա աշխատանքը վատն էր, էլ ուր մնաց նման ծանրաբեռնվածության ժամանակ նորմալ աշխատի: Մեզ այլ՝ հագեցած համակարգ է հարկավոր, որը կաշխատեր ավելի պարզ եւ հստակ` առանց խափանումների: Մենք գիտենք նաեւ, որ ժողովուրդը սովորություն ունի դիմելու ընտանեկան բժշկին կամ ուղղակի ծանոթ բժշկին: Օրինակ` շաբաթ-կիրակի օրերին մարդը գուցե դեղի կարիք ունի, ի՞նչ պետք է լինի այդ դեպքում, կիրակի օրով ինչպե՞ս են դեղ դուրս գրելու: Ի՞նչ պետք է այս դեպքում անի հիվանդը: Ստացվում է, որ մենք բարդացնում ենք մեր ժողովրդի վիճակը՝ հեշտացնելու փոխարեն: Առաջնային օղակին ես համարում եմ առաջամարտիկներ, իրենց վրա մեծ պատասխանատվություն է: Ի դեպ, այս դեպքում, եթե, օրինակ, չորս դեղորայք է անհրաժեշտ, բժիշկն «Արմեդ» համակարգ պետք է այցելի չորս անգամ: Բոլոր երկրներում էլ կա էլեկտրոնային դեղատոմսի համակարգ, սակայն պետք է կրթական դասընթացներ անցնել դրա համար: Առողջապահության ազգային ինստիտուտը նախ պետք է դասընթացներ կազմակերպեր: Հիմա ընդամենը մի ուղեցույց են տվել, ու վերջ, ասում են՝ աշխատեք, խնդիրներ են առաջանում, համակարգը նորմալ չի աշխատում, բոլորը պետք է նստեն ու սպասեն, թե երբ հարցը կլուծվի….

- Իսկ ալտերնատիվ ի՞նչ տարբերակով կարող էին մարդկանց մոտ նվազեցնել հակաբիոտիկների հանդեպ սերը, եթե սրա պատճառը դա է:

- Կարող էր ուղղակի թղթային ռեցեպտներով լինել վաճառքը: Դա եղել է մի քանի տարի առաջ, սակայն հանվեց, չգիտես թե ինչու: Այո, հակաբիոտիկը պետք է կիրառվի միայն դեղատոմսով, ես դրան համաձայն եմ, բայց ոչ այս տարբերակով: Սա խուճապային համակարգ է: «Արմեդը» պետք է ուժեղացվի եւ հագեցվի, այնպես, որ անխափան աշխատի, բացի այդ, պետք է մեխանիզմներ մտածեն նրանց համար, ովքեր գտնվում են քաղաքից դուրս, ենթադրենք՝ մարդը վատառողջ է եւ գտնվում է քաղաքից դուրս, ի՞նչ պետք է անի: Սրանք բոլորը հարցեր են` շատ կարեւոր հարցեր, որոնք հաշվի չեն առնվել, դրա համար էլ խառնաշփոթ է տիրում…. ասեմ ավելին` կոռուպցիան ավելի շատ է տարածում գտնելու, անպայման հայտնվելու են դեղատներ, որոնք դեղեր կվաճառեն այլ ճանապարհներով: Մեկը կգնա, Վրաստանից կբերի, մյուսը հարեւանին կխնդրի՝ հետը բերել մեկ այլ երկրից: Սա խնդրի լուծում չէ, այսպես չի լուծվելու ոչ մի խնդիր, փոխարենն առաջ են գալու նոր խնդիրներ: Կլինեն նաեւ ծայրամասային, գյուղական դեղատներ, որոնք կաշխատեն առանց դեղատոմսի, մի խոսքով` սա սխալ պայքարի ճանապարհ է:

- Ստացվում է, որ այս որոշմամբ խախտվում է մարդկանց սահմանադրական իրավունքը, անձնական տվյալներն «Արմեդ» համակարգում դառնում են հասանելի` բժիշկների, դեղատների համար: Ենթադրենք, մարդը վարակված է ՁԻԱՀ-ով կամ ունի այլ առողջական խնդիրներ, որոնց մասին չի ուզում իմացվի իր շրջապատում:

- Այո, ոչ միայն ՁԻԱՀ-ով, այլեւ զանազան այլ հիվանդություններ կան, օրինակ՝ հոգեկան առողջության հետ կապված խնդիրներ: Ես գիտաժողով եմ կազմակերպել, հրավիրել իրավաբանների, հոգեբանների, դա անթույլատրելի է, չի կարելի քաղաքացու անձնական ախտորոշման տվյալները դարձնել հասանելի: Վերջապես, մարդու մասին ցանկացած անձնական տվյալ հասանելի պետք է լինի միայն նրա թույլտվությամբ: Կապ չունի՝ աչքերի գույնի մասին է տեղեկությունը, թե հիվանդության, եթե ես չեմ թույլատրում դա հանրային դարձնել, ապա այն չպետք է դառնա հասանելի:

- Կոնկրետ ո՞ւմ համար են այդ տվյալները դառնում հասանելի:

- Բժիշկների, դեղատների, դեղատների աշխատակիցների: Եթե ես լինեմ ոչ պրոֆեսիոնալ մասնագետ, կարող եմ ցանկացածի հիվանդության մասին տեղեկություններ հաղորդել Ձեզ: Նույնկերպ կարող են վարվել նաեւ դեղատները: Ցանկացած մարդ, ով օգտվում է «Արմեդ» համակարգից, կարող է մարդկանց առողջության մասին ցանկացած ինֆորմացիա ստանալ: Շատ սխալ տարբերակ է սա: Պետք է նախ փորձարկեին, հետո՝ շատ կարեւոր է, որ դեղատոմսերը լինեին նաեւ թղթային, երբ ամեն ինչ հունի մեջ ընկներ, գուցե հետո նոր նախագիծը կյանքի կոչվեր: Առողջապահության ոլորտում ամեն նոր բան պետք է անցնի փորձաշրջան, չի կարելի ուղղակի հենց այնպես վերցնել ու օրենքներ մտցնել: Մեր բնակչության մոտ կա իրազեկվածության խնդիր` բժշկական առումով: Օրինակ, իբրեւ ծխախոտն ենք արգելում, բայց նախ մարդկանց պետք է իրազեկել դրա վտանգների մասին, այնքան պետք է ասես, որ մարդկանց մեջ նստի ամբողջական ինֆորմացիան: Այլ երկրներում մարդիկ շատ ավելի իրազեկված են: Օրինակ, երբ հարց տանք` ինչո՞ւ է հակաբիոտիկը վնասակար, ո՞վ կարող է այդ հարցին հստակ պատասխանել: Ոչ ոք հստակ չի կարողանում պատասխանել նման հարցերի, մարդկանց պետք է տալ ինֆորմացիա, պետք է բացատրել, որ նույն հակաբիոտիկները զարգացնում են միկրոբները, ընկճվում է իմունային համակարգը եւ այլն: