Ուկրաինացիներ, մի վախեցեք Ռուսաստանի հետ պատերազմից. Ուկրաինայի փոխվարչապետ

Ուկրաինացիներ, մի վախեցեք Ռուսաստանի հետ պատերազմից. Ուկրաինայի փոխվարչապետ

Ուկրաինայի «ժամանակավորապես օկուպացված» տարածքների վերաինտեգրման հարցերով Ուկրաինայի փոխվարչապետ Ալեքսեյ Ռեզնիկովը ուկրաինացիներին կոչ է արել  չվախենալ Ռուսաստանի հետ պատերազմից։ Այս մասին նա հայտարարել է Սավիկ Շուստերի «Խոսքի ազատություն» հաղորդման շրջանակներում։ Ռեզնիկովի կարծիքով՝ լայնամասշտաբ հարձակման իր ակնարկներով՝ Կրեմլը փորձում է խուճապ տարածել ուկրաինացիների մոտ։ «Այն, ինչ լսում ենք, հիբրիդային և տեղեկատվական պատերազմի տարր է։ Այն միտված է հասարակության մեջ խուճապային տրամադրություններ ստեղծելուն։Մարդիկ, մի վախեցեք, պատերազմ չի լինի», - ասել է Ռեզնիկովը։

Նա նաև նկատել է, որ Ուկրաինան չի պատասխանելու հակառակորդի սադրանքներին և « մեր հյուսիսային հարևանի կողմից հարձակման շանս»։ Ավելի վաղ Ուկրիանայի փոխվարչապետը պատասխանել է Կրմելի խոսնակ Դմիտրի Պեսկովի՝ Դոնբասում Սրեբրեննիցայի դեպքերի կրկնման վտանգի մասին հայտարարությանը։ Նրա խոսքով՝ Ուկրաինան չունի Կիևի ենթակայության տակ չհայտնվող հանրապետությունների բռնի ինտեգրացման, նախկին հարավսլավիական հակամարտության ժամանակ տեղի ունեցած իրադարձություններին նման դեպքերի կրկնության ծրագրեր։

Հիշեցնենք, որ 1995 թ․Սրեբրեննիցայի դեպքերը համարվում են Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից հետո ամենազանգվածային սպանությունները։ Բոսնիայի և Հերցեգովինայի իշխանությունները հայտարարել էին 7-10 հազար սրեբրեննիցի մուսուլմանների անհետացման մասին։

Իսկ Պեսկովը Ուկրաինայի հարավ-արևելքում հակամարտության էսկալացիայի կապակցությամբ ասել էր, որ այն անհանգստացնող է։

Հիշեցնենք, որ ռուս-ուկրաինական հակամարտության սրումը սկսվել  է այս տարվա մարտի վերջից։ Ուկրաինան և Դոնեցկի ինքնահռչակ հանրապետությունը միմյանց մեղադրում են կրակոցների ավելացման և շփման գծում ռազմական տեխնիկայի կուտակումների մեջ։ Ռուսական կողմը Դոնբասի մոտ այսօր արձանագրել է թուրքական «Բայրաքթար»։