Եղծ աղանդոց, կամ՝ Պապոյանը ստում է օրը ցերեկով

Եղծ աղանդոց, կամ՝ Պապոյանը ստում է օրը ցերեկով

Ես ձեռնպահ կմնամ պնդելուց, որ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության բոլոր կետերը սրբորեն կատարվել են, եւ մնում է միայն վերջին՝ 9-րդ կետը: Ավելին, կարող եմ ասել, որ կողմերը միմյանց արժանի են գտնվել այս ընթացքում ու ամեն ինչ արել են, որ իրենց իսկ ընդունած համատեղ հայտարարությունը հնարավորինս շուտ կյանքի կոչվի, եւ իրենք ազատվեն գլխացավից: Արդ՝ մնացել է իրագործել միայն 9-րդ կետը, որ դեմ է առել երեք կողմերի կոկորդին՝ միաժամանակ: Ռուսաստանը չի կարողանում միանձնյա վերահսկողություն ձեռք բերել Ադրբեջան-Նախիջեւան անցումների վրա, Ադրբեջանը վստահ չէ, որ ՌԴ-ի վերահսկողության պարագայում այդ անցումները կծառայեն իրենց «բուն» նպատակներին, այն է՝ կնպաստեն մեծթուրանական տեսիլքների առարկայացմանը, իսկ Հայաստանը, որ եռյակից ամենատուպոյն է, ուշացումով հասկացել է, որ խոսքն արտատարածքային միջանցքի մասին է, որ իրեն պարտադրում են մյուս երկուսը՝ անկախ այն բանից, թե ով կվերահսկի այն:

Հիմա ՀՀ տուպոյ իշխանության ներկայացուցիչ Գեւորգ Պապոյանը եկել, մեր տուպոյ հանրությանը փորձում է հավատացնել, որ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ չկա այնպիսի կետ, որ Ռուսաստանն ինչ-որ բան պետք է վերահսկի: Պարոն Պապոյան, ստել՝ ստել էր, այնքան մեծ սուտ ասեիք, որ միանգամից եւ բոլորը հավատային: Օրինակ՝ կարելի էր ասել, որ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարություն, այն էլ՝ 9 կետանոց, ընդհանրապես չի եղել:
Պարոն Պապոյան, Ձեզ առաջարկում եմ եւս մեկ անգամ ընթերցել Փաշինյանի ստորագրությամբ այդ չարաբաստիկ հայտարարության տեքստը: Դուք տեքստում գտա՞ք որեւէ կետ, ըստ որի՝ Հայաստանը կամ Ադրբեջանը պետք է ինչ-որ բան վերահսկեն: Հետեւաբար, թույլ տվեք ասել եւ մեր տուպոյ հանրության աչքերը լավ բացել այն հանգամանքի վրա, որ վերահսկելու ֆունկցիա, ըստ այդ հայտարարության, ունեն միայն ռուսները: Իսկ ահա հայտարարության մնացած կետերը Հայաստանի պարտավորությունների եւ Ադրբեջանի անելիքների մասին են, պարոն Պապոյան, այդպես չէ՞:
Հայտարարությունները, այն էլ պետությունների ղեկավարների, սովորաբար առաջին կետից են կարդում: Իսկ այնտեղ գրված է. «1. Հայտարարվում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ամբողջական հրադադարի եւ բոլոր ռազմական գործողությունների դադարի մասին՝ 2020 թվականի նոյեմբերի 10-ի՝ Մոսկվայի ժամանակով ժամը 00:00-ից Ադրբեջանի Հանրապետությունը եւ Հայաստանի Հանրապետությունը, այսուհետ՝ Կողմեր, կանգ են առնում իրենց զբաղեցրած դիրքերում»: Կարո՞ղ է ՔՊ-ական Պապոյանը մեզ բացատրել, թե ինչու պետք է հակամարտող «Կողմերը» կանգ առնեին հենց Մոսկվայի ժամանակով եւ ոչ թե Բրյուսելի, Տաշքենդի կամ Երեւանի ու Բաքվի: Փաստորեն՝ Մոսկվան էր վերահսկում ժամը՝ Կուրանտներով:

Շատ հետաքրքիր են հայտարարության 2-րդ կետը եւ 6-րդ կետի առաջին մասը, որոնք սրբորեն կատարել է հայկական կողմը. «2. Աղդամի շրջանը վերադարձվում է Ադրբեջանի Հանրապետությանը մինչեւ 2020 թվականի նոյեմբերի 20-ը», «6. Հայաստանի Հանրապետությունն Ադրբեջանի Հանրապետությանը վերադարձնում է Քելբաջարի շրջանը՝ մինչեւ 2020 թվականի նոյեմբերի 15-ը, իսկ Լաչինի շրջանը՝ մինչեւ 2020 թվականի դեկտեմբերի 1-ը»: Պուտինը եւ Ալիեւը, հավանաբար, գիտեին, որ «տալու» համար Նիկոլի խելքը գնում է, եւ առանձնապես ջանք չեն թափել ընդգծելու, որ «տալու» պրոցեսը նույնպես ռուսները պետք է վերահսկեն: Հայտարարության մեջ այդ մասին խիստ համեստորեն ասված է. «4. Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվում է հայկական զինված ուժերի դուրսբերմանը զուգահեռ»: Պապոյանը կարող է ասել, որ դա վերահսկողություն չէ, բայց անջատած արդուկին էլ հասկանալի է, որ սա նշանակում է հայկական զինված ուժերի դուրսբերում ռուս խաղաղապահների բացած միջանցքով: Փաստորեն էն, որ Նիկոլն ասում էր՝ 25 հազարանոց զորք եմ փրկել, այնքան էլ ինքը չի փրկել, եւ մեր զորքն «առանց երգի» է դուրս եկել նշված տարածքներից: Անդրանիկ Քոչարյան, կասե՞ս՝ ինչով է զբաղված քո հանձնաժողովը, որ այս նյուանսը մինչ օրս չի ֆիքսել:

Մեր միակ մխիթարությունն այս պահին այն է, որ հակամարտող կողմերը՝ Հայաստանն ու Ադրբեջանը, «տուպոյ» էին գրեթե հավասարապես: Հայաստանի եւ Ադրբեջանի համատեղ տուպոյությունը լավ երեւում է հայտարարության 3-րդ, 4-րդ եւ մի քիչ էլ 5-րդ կետերում, որոնք վերաբերում են ռուսական խաղաղապահների տեղակայմանը: Ի դեպ՝ երկու կողմն էլ «դեպքից» երեքուկես տարի անց հավասարաչափ բողոքում են ռուս խաղաղապահներից եւ նրանց առաքելությունից: Ադրբեջանին հասկանալի չէ, թե ինչու իրենց տարածքում օտար պետության ուժեր կան, իսկ Հայաստանը հասկացել է, որ Արցախն այլեւս ոչ ոք Հայաստանին չի վստահելու:

Իսկ հիմա գանք խնդրո առարկա 9-րդ կետին: Այնտեղ պարզ գրված է. «9. Ապաշրջափակվում են տարածաշրջանում բոլոր տնտեսական եւ տրանսպորտային կապերը: Հայաստանի Հանրապետությունը երաշխավորում է Ադրբեջանի Հանրապետության արեւմտյան շրջանների եւ Նախիջեւանի Ինքնավար Հանրապետության միջեւ տրանսպորտային հաղորդակցության անվտանգությունը՝ քաղաքացիների, տրանսպորտային միջոցների եւ բեռների՝ երկու ուղղություններով անխոչընդոտ տեղաշարժը կազմակերպելու նպատակով: Տրանսպորտային հաղորդակցության նկատմամբ վերահսկողությունն իրականացնում են Ռուսաստանի ԱԴԾ սահմանապահ ծառայության մարմինները: Կողմերի միջեւ համաձայնեցմամբ՝ ապահովվելու է Նախիջեւանի Ինքնավար Հանրապետությունն Ադրբեջանի արեւմտյան շրջանների հետ կապող նոր տրանսպորտային հաղորդակցություննների շինարարությունը»:

Պարոն Պապոյանի համար թերեւս համառոտագրենք այս կետը, որտեղ պարզ նշված է, թե որոնք են Հայաստանի Հանրապետության կամ, ավելի ճիշտ՝ ՀՀ տուպոյ իշխանությունների անելիքներն ու Ռուսաստանի վերահսկողության առարկան: Եվ այսպես՝ Հայաստանի Հանրապետությունը երաշխավորում է Ադրբեջանի Հանրապետության արեւմտյան շրջանների եւ Նախիջեւանի Ինքնավար Հանրապետության միջեւ տրանսպորտային հաղորդակցության անվտանգությունը՝ քաղաքացիների, տրանսպորտային միջոցների եւ բեռների՝ երկու ուղղություններով անխոչընդոտ տեղաշարժը կազմակերպելու նպատակով: Տրանսպորտային հաղորդակցության նկատմամբ վերահսկողությունն իրականացնում են Ռուսաստանի ԱԴԾ սահմանապահ ծառայության մարմինները: Պարոն Պապոյան, հասկացեք, վերջապես, սրա տակ մեր կողմից ստորագրել է ոչ այլ ոք, քան ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Ավելին ասեմ՝ նա պարտավորվել է Ադրբեջանը Նախիջեւանի հետ կապող նոր մայրուղիներ կառուցել՝ Ալիեւի հետ համագործակցելով եւ պայմանավորվելով: Ես մի տեսակ զգացողություն ունեմ, որ այդ «մայրուղիներում» նույնպես վերահսկողությունը Հայաստանին չի պատկանելու: Ի՞նչ կասեք, պարոն Պապոյան: