Զուգահեռները մեր օրերի Հայաստանի հետ թերևս ակնհայտ են

Զուգահեռները մեր օրերի Հայաստանի հետ թերևս ակնհայտ են

 Ռազմական գործիչ Գևորգ Գևորգյանի ֆեյսբուքյան գրառումը

Հայաստանում մշտապես ո՛չ միանշանակ են վերաբերվել բարձրաստիճան զինվորականության, մասնավորապես՝ գեներալիտետի ներկայացուցիչների մասնակցությանը քաղաքական գործընթացներին: Արմատավորված կարծրատիպերից է այն տեսակետը, թե զինվորականները պետք է միայն հրաման կատարող լինեն և ոչ թե խորանան այդ հրամանների բովանդակության, նպատակների, ինչպես նաև՝  իրական շարժառիթների մեջ: Այս կեղծ և շատ դեպքերում օրվա քաղաքական իշխանության կողմից տարածվող տեսակետը նպատակ ունի բանակի և այլ ուժային կառույցների ներկայացուցիչներին զրկել պետության մեջ տեղի ունեցող գործընթացների վերաբերյալ քաղաքացիական սեփական դիրքորոշում ունենալու և արտահայտելու, պատասխանատվություն կրելու իրավունքից: 

Մինչդեռ համաշխարհային քաղաքակրթությունը տվել է հակառակը ապացուցող բազմաթիվ օրինակներ, այդ թվում՝ նաև մեր տարածաշրջանը ներկայացնող մի շարք երկրներում: Բազմաթիվ օրինակներ կան, երբ զինվորականությունն ստանձնել է պետականությունը պահպանելու և վերականգնելու կամ սահմանադրական և անվտանգային նորմերից շեղում թույլ չտալու պատասխանատվությունը: 

Այս առումով, իհարկե, ամենացայտուն օրինակը Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Ֆրանսիայում գեներալ Շարլ Դը Գոլի քաղաքացիական և քաղաքական հստակ կեցվածքն էր: Վերջինս, չհամակերպվելով ֆաշիստական Գերմանիային ուղղակի սատարող, Ֆիլիպ Պետենի կառավարության կոլաբորացիոնիստական ռեժիմի վարած պարտվողական քաղաքականության հետ, ստեղծեց «Ազատ Ֆրասիա» հայրենասիրական շարժումը: Զուգահեռները մեր օրերի Հայաստանի հետ թերևս ակնհայտ են, ինչպես որ նույնքան ակնհայտ է, թե «զինվորականությունը չպետք է զբաղվի երկրի ճակատագրին վերաբերող հարցերով և միայն պետք է հրաման կատարի» տեսակետը, որ տարածում է այս թուրքակենտրոն իշխանությունը՝ սեփական աթոռը անսասան պահելու և Մեծ Թուրանի ծրագրի իրենց մասը ավարտին հասցնելու նպատակով։