Սերժ Սարգսյանի մոր մահն ու պատերազմի մեկամյակը

Սերժ Սարգսյանի մոր մահն ու պատերազմի մեկամյակը

Այսօր երեկոյան Արցախում կայանալու է Սերժ Սարգսյանի մոր հոգեհանգիստը, իսկ վաղը` նոյեմբերի 9-ին ժամը 12:00-ին թաղման արարողությունն է կայանալու: ՀՀ երկրորդ նախագահի մերձավորները, կուսակիցները, նրա օրոք պաշտոն զբաղեցրած մեծ թվով անձինք, բնականաբար, մասնակցելու են սգո արարողություններին: Սակայն այսօր երեկոյան, ժամը 18:00-ին «Ազատության» հրապարակում նախատեսված հանրահավաքը նրանցից շատերին խանգարելու է մասնակցել հոգահանգստյան արարողությանը: Առավելագույնը նրանք կարող են մասնակցել թաղման արարողությանը, եթե նոյեմբերի 8-ի գիշերը, կամ 9-ի վաղ առավոտյան դուրս գան Երեւանից եւ ուղեւորվեն դեպի Ստեփանակերտ: 

Սակայն տիկին Նորայի թաղման հետ այլ իրադարձություններ էլ են համընկել, որոնք որոշակիորեն խանգարելու են սգո արարողություններին: Քանի որ այս օրերին 44-օրյա պատերազմի մեկամյա տարելիցն է, Ստեփանակերտում որոշել են «100 տուն Արցախում» նախագծի հետ կապված միջոցառումներ անել` որպես պատերազմի հետեւանքների հաղթահարման ապացույց եւ նոր կյանքի հաստատման գրավական:

Մենք տեղեկացանք, որ ռուս խաղաղապահների` Արցախ մտնելու մեկամյակն էլ պատրաստվում են նշել ռուսները եւ հանդիսավոր միջոցառումներ են նախատեսել այս օրերին: