Ծնող կա, որ բանակում ծառայող որդու համար է գիրք գնում

Ծնող կա, որ բանակում ծառայող որդու համար է գիրք գնում
Երեւանի կենտրոնում գտնվող Վերնիսաժը հետաքրքիր է ոչ միայն հուշանվերների, հնաոճ իրերի վաճառքով զբաղվողներով, այլեւ հնագրավաճառներով։ Հատկապես շաբաթ-կիրակի օրերին նրանք մյուս վաճառականներից տարբերվում են Վերնիսաժում դարսված հին գրքերի կույտով։ Հնագրավաճառները կարդացած մարդիկ են, լավ խորհրդատու, կարող են ժամերով զրուցել իրենց գնորդների հետ տարբեր գրքերի մասին։ Մի քիչ շփվելով հաճախորդների հետ՝ նրանք կարողանում են լավ պատկերացնել յուրաքանչյուրի ճաշակը, երբեմն իրենք են առաջարկում գրքեր։ Սակայն նրանց մեծ մասը խուսափում է հարցազրույցներից, մամուլի էջերում երեւալուց։ «Ինչ գիրք ուզում ես՝ կտամ, բայց հարցազրույց չեմ տա»,- այսպես արձագանքեց ինձ ծանոթ գրավաճառներից մեկը, որի մոտ կարող ես հանդիպել շատ հին, մոռացված եւ հազվագյուտ գրքեր։



Աշոտ Աբաջյանը ժամանակին տարբեր աշխատանքներ է կատարել, խոհարար էլ է աշխատել։ Գրքերի նկատմամբ սերն արթնացել է դեռ վաղ մանկությունից, քանի որ իրենց տունը գտնվում էր գրքի բազայի մոտ, այնտեղ աշխատել է։ «Վերջին ժամանակներս շատ գրքեր չեն վաճառվում, օրական երեքից չորսը։ Ես աշխատում եմ վաճառել ունիկալ գրքեր, որոնք չկան ուրիշների մոտ։ Սպորտի, թատերական արվեստի, կինոյի վերաբերյալ գրքեր, գեղարվեստի ալբոմներ եմ վաճառում»,- ասում է մեր զրուցակիցը։ Ովքե՞ր են գնորդները։ «Մեծ մասամբ արտերկրում ապրող մարդիկ են, Ռուսաստանում ապրող հայերն են գալիս, ռուսերեն լեզվով հայ պատմավեպեր են գնում։ Գնում են նաեւ հայկական հուշարձանների, խաչքարերի մասին պատմող գրքեր»,-ասում է Աշոտը։ Սիրած գրողներին է թվարկում՝ Վահան Թոթովենց, Համո Սահյան, Հենրիկ Սենկեւիչ, Պարույր Սեւակին անգիր գիտի։



«Իմ կարծիքով՝ Համո Սահյանը եզակի բանաստեղծ է, որը ոչ մեկին չի կրկնում»,- նշեց գրավաճառը։ Նիկոլայ Իվանյանն ասում է, որ մոտ 40 տարի է, ինչ զբաղվում է գրքերով, գրքի խանութում էլ է աշխատել։ «Շատ վատ են գրքերը վաճառվում, իսկ վերջին երեք տարին ուղղակի կատաստրոֆիկ է վիճակը։ Ե՛վ հայերեն, եւ՛ ռուսերեն, եւ՛ այլ լեզուներով գրքերը շատ վատ են վաճառվում»,- ասում է մեր զրուցակիցը։ Պատճառներն էլ են իրեն հայտնի՝ սոցիալական դրությունը, դրանից բխող ընդհանուր հետընթացը։ Հետո ասում է, որ երիտասարդները հիմնականում օգտվում են համացանցից եւ չեն կարդում այն գրքերը, որ պետք է կարդան այդ տարիքում։ Կա նաեւ ծնող, որը գիրք է գնում բանակում ծառայող իր որդու համար, որն ազատ ժամերին զբաղվում է ընթերցանությամբ։ Այդ գրքերը, ըստ նրա, կարող են լինել հոգեբանությանը, հայոց պատմությանը վերաբերող գրքեր։ Ֆրունզե Թադեւոսյանը հիշում է, որ ինքը 17-18 տարի է, ինչ զբաղվում է հին գրքերի վաճառքով։ Իսկ մինչ այդ 27 տարի աշխատել է դպրոցում, եղել է անգլերենի ուսուցիչ։ Մեր զրույցի ընթացքում նա մեջբերեց Չարենցի, այլ մեծերի խոսքերը գրքերի մասին։



«Համացանցով իրենց ուզած գրքերն էսօր մարդիկ գտնում են, էլ ի՞նչ են անում փոշոտ գրքերը, դրա համար էլ գրքի վաճառքը վատացել է։ Եթե իմանամ, որ իմ տեղը չեն տա ուրիշին, ես կարող եմ չգալ էլ։ Շատ ժամանակ էնքան փող չեմ աշխատում, որ կարողանամ տուն հասնել»,- ասում է նախկին ուսուցիչը։ Հետո ցույց է տալիս «Ռուսերեն-հայերեն» հաստափոր բառարանը, ասում է, որ ժամանակին այն արժեր 15 հազար դրամ։ Հնամաշ գիրքը նորոգելու համար նա վճարել է 2000 դրամ, ուզում է վաճառել գոնե 5000 դրամով։ «Հիմա գալիս-ասում են՝ 3000-ով կտա՞ս։ Մեկին տվել եմ 3500 դրամով, մինչեւ հիմա փողը չի էլ բերել»,- զրույցն ավարտում է հնագրավաճառը։



**Թագուհի Հակոբյան**