«Կիկոսի մահը»՝ քաղաքական ավետարան

«Կիկոսի մահը»՝ քաղաքական ավետարան
«Հրապարակ» օրաթերթն այս տարի գործերիս շատ խփեց՝ չեմ կարող այդ թերթը չկարդալ, կարդալուց հետո էլ այնքան հարցեր են առաջանում, որ մեքենան ծուռումուռ եմ քշում, տեղ հասնելուց հետո, փողոտ գործերս թողած, հոդվածներ եմ գրում։ Մեր երկրում հաստատված օրինականության շնորհիվ մտքերիս մի մասն արդեն օգտագործում է նաեւ իմ մեջի հրապարակախոսը։ Դրանք իրար հետ այնքան էլ յոլա չեն գնում։ Օրինակ՝ մենախոսն իմ մեջ ինձ ասում է՝ աշխարհը ոնց եղել է, այնպես էլ կմնա, դու ի՞նչ ես մեջ ընկել։ Իսկ հրապարակախոսն ասում է՝ հրեաների չա՞փ էլ չկանք, եկեք Աստծուն հարցնենք՝ ի՞նչը կարող ենք աշխարհում փոխել, իսկ ի՞նչը՝ ոչ, որ Դոն Կիխոտի օրը չընկնենք, որ մենք մեր պատմությունը հասկանանք, որ աշխարհում իզուր չխարխափենք ու թուղթ ու թանաք չփչացնենք։ Իսկ իմ մենախոսն ասում է՝ բա 10 հազար տարի ինչի՞ մասին էիր խոսում Աստծո հետ, մոմի փողերը կերար, բախտի համար էլ կանխավճար չարեցիր։ Չուզեցա՞ր լսել Աստծուն, գնա Պետրոսի հաղորդումները լսիր։



Լսեցի Պետրոսի հաղորդումներից, ուշադիր լսեցի…, մտածեցի՝ այս մարդը փոքր ժամանակ, հաստատ, շուն կռվացնող է եղել։ Հավաքել է երկու բանակ մարդ։ Սրանք քննարկում են, թե Նիկոլ Փաշինյանը հին ոստիկանին ինչու է Սյունիքում մարզպետ նշանակել։ Դա նույնն է, թե հարցնեն՝ պատերազմում տանկն ի՞նչ է անում։ Արտառոց ոչինչ չկա, թող քննարկեն, բայց նույն մարդիկ, որոնք Լիսկային նույն պաշտոնում նշանակելու ժամանակ լուսամուտից դուրս էին նայում, այսօր խիստ «անհանգստացած» են այդ մարզի ճակատագրով։ Թմրանյութեր ներկրող «գործարարներին», որոնք հովանավորվում էին ոստիկանության 6-րդ բաժնի կողմից, այդ նորանշանակ մարզպետը փակ աչքերով է ճանաչում, հիմա թող նրանք «երկխոսեն» ճաղերի տարբեր կողմերից, պարտքերի ցուցակները վերանայեն, դրանում ի՞նչ վատ բան կա, գործ է, որ պետք է արվի։ Իսկ որ Նիկոլը դրանով կայֆալոմ է ուզում անել մեր երիտասարդ սերնդին, դրանում արդեն խոսք չկա։ Ճիշտ է՝ Նիկոլի գլխարկը կայֆոտ գլխարկ է, բայց ծանր է։ Նախանձեցի Պետրոսին՝ երեք հերթափոխ որ աշխատի, չի հասցնի՝ ծովի պես գործ կա։ Նիկոլի նշանակումներով մտահոգվածներն ավելի շատ են, քան հեղափոխության ելածները։ Բայց Պետրոսը մինչեւ հիմա մի բերան շնորհակալություն չի հայտնել Փաշինյանին՝ այսքան հաճախորդ ապահովելու համար։ Բա որ Նիկոլն այս մտահոգվածներին բռնի ու պաշտոն տա, Պետրոսի գործազրկության մասին որտե՞ղ են քննարկումներ անցկացվելու։ Եվգենի Պետրոսյանը կասեր՝ весело живем։



Քաղաքական Հայաստանում հիմա այսպիսի էսքիզները շատ են, բայց ես կուզենայի, որ մեզ մոտ հրապարակախոսության կիզակետում հաստատված հասարակական-քաղաքական համընդհանուր խնդիրների թեմատիկան, կյանքի գոնե այս ժամանակահատվածում, ընդգրկեր նաեւ մինչ օրս քիչ արծարծված ու ընդհանրապես չշոշափված, առերեւույթ երկրորդական թվացող, սակայն էականում ֆունդամենտալ բնույթի հարցեր։



Մեր երկրում իշխանությունը ֆուտբոլի գնդակի պես քաղաքական ուժերի կողմից չլվում էր, իսկ այդ խաղերի պրոդյուսերները ժողովրդին տվել էին միայն болельщик-ի կարգավիճակ։ Հետո, երբ այդ ապաշնորհ խաղացողները մասնակցում էին միջազգային մրցույթների, տանուլ էին տալիս նույնիսկ այն մարզադաշտում, որտեղ չլոցի էին խաղացել։ Չունենք քաղաքական տաղանդ, մեր քաղաքական պարտությունները մենք մեզ միշտ մատուցել ենք որպես հաղթանակ ու աշխարհին մեղադրել ընկերադավության ու նենգության մեջ։



Մեր երկրում կատարվեց հեղափոխություն։ Մինչեւ նոր ընտրություններ կայանան, նոր Սահմանադրություն ընդունվի, ու վերանորոգվի մեր պետաիրավական համակարգը, մենք երկրի իշխանությունը փաստացի տվել ենք Նիկոլ Փաշինյանին։ Այսօր մենք՝ հեղափոխականներս, բզբզում ենք ամեն ինչ ու ստեղծում խառնաշփոթ մի մթնոլորտ, որում չգիտես թե ով ինչ է փնտրում։ Իսկ այն անհատներն ու ուժերը, որոնց համար քաղաքականությունը բիզնեսի մյուս երեսն է եղել, իսկ իշխանությունը՝ ձկնառատ պղտոր գետ, ժողովրդի ու նրա «ժամանակավոր» իշխանության միջեւ ցանկանում են գոյացնել ձայնամեկուսիչ շերտ, որն իրականանալու դեպքում, միեւնույն է, այն շատ փխրուն կլինի ու հուսախաբ կանի նրա վարպետներին։ Բոլոր նրանք, որոնց համար ափոյի մեռնելը լազաթ է տվել, ու պաշտոններ են ստացել, պետք է իմանան, որ այսօրվա բոլոր պետական կառույցները ժամանակավոր են, երբ պատերը լցոնվեցին ու պատրաստ եղան, դա ապամոնտաժվելու է։ Նրանց մնում է որակ ցուցաբերել, որպեսզի հետո նորից պետքատուի դեր ստանան։ Ժողովուրդը քաղաքական գործիչների համար դիրիժոր է, ոչ թե հանդիսատես կամ болельщик։ Սլուխ չունեցողները նվագախմբում տեղ չունեն, իսկ ֆալշ նվագողների համար ուրիշ գործեր կճարվեն։



Անհատներն ամբոխասույզ լինելու իրավունք չունեն, բայց նաեւ աթոռային գաղափարախոսությունն էլ պատվաբեր բան չէ։ Եկեք այնպես ապրենք ու գործենք, որ եթե մեզ հարց տանք, թե մենք ուր ենք գնում, «ջիպիէս»-ը չասի՝ Համզաչիման։ «Հրապարակ»-ի հոկտեմբերի 20-ի համարում «Իսկ հետո ի՞նչ է լինելու» վերնագրով մի հոդված կարդացի։ Ես չգիտեմ, թե հեղինակը որտեղացի է, բայց իր հարցադրումները հուշում են, որ նա էլ է Համզաչիմանի ճամփորդ։ Գրում է, որ Փաշինյանը բոլորին կանգնեցրել է խորհրդարանը ցրելու փաստի առջեւ, նրա ձեռագիրը հիշեցնում է միշտ ընտրություններից առաջ «հաղթած-պրծած» Սերժ Սարգսյանի ձեռագիրը, Փաշինյանինն են իշխանության բոլոր կառույցները եւ այլն։ Տողատակում խլրտում է այն միտքը, որ ժողովուրդն իբր էլի փայ չունի աշխարհից։ Ես նրան ու նրա նման մեր այսօրվա իրավիճակի մասին գեշ մտածողներին կասեի՝ սիրելի անհատներ, ախր վաղուց Նիկոլի անուն-ազգանունը փոխվել է, նա «Ժողովուրդ հայաստանյան» է կոչվում, իսկ այն հանգամանքը, որ որոշ մարդկանց քիչ բաժին է հասել կամ բան չի հասել էս աշխարհից՝ այս իշխանությունից, ես կմեկնաբանեի մի փոքրիկ պատմությունով։ Մի բիձա 30 հազար դոլարով գյուղից գնում է Թբիլիսի, որ կահույք գնի, ընկնում է 2 կինտոյի ձեռքը, սրանք բիձուց փողերը խլում են, բիձեն լացում ու մղկտում է, որ ինքն «աշխարհից փայ չունի»։ Կինտոների խիղճը չի տանում՝ բռնում են փողերն ախպերաբաժին են անում երեքի միջեւ։ Բիձեն իրեն բաժին ընկած 10 հազար դոլարը վերցնում է ու էլի սկսում է թնկթնկալ, թե քիչ է, կինտոներից մեկն ասում է՝ այ քեզ բա՜ն, շատ փող բերեիր՝ շատ տանեիր, մեր վրա խի՞ ես մուննաթ գալիս։ Հիմա ձերն է՝ Նիկոլի վեշմեշոկը ճակատագրական օրերին մեկս մի մետր չտարանք, բայց «տուր-տուր» ենք երգում։ Բա, իմ բախտակից եղբայր հոդվածագիր, քաղաքականությունը զոհեր է պահանջում։ Թողեք թող Նիկոլն իր յուղի մեջ տապակվի, ի՞նչ եք ուզում։ Գրել եք՝ իսկ ի՞նչ է լինելու հետո, ասենք՝ ընտրություններ եղան, ասենք՝ Նիկոլն ընտրվեց, ասենք՝ էլի 1000 ծանոթ գործի դրեց, ասենք… բա որ հետո՞…։ «Կիկոսի մահը» քաղաքական ավետարան դարձնելու փոխարեն գործ արեք։ Թե չէ՝ տուր, հա տուր։



**Վահան ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ**



_«Գրավիտոն» գիտական կենտրոն_