Գյումրու մանկատան բակում հայտնաբերված երկվորյակ նորածինները դեռ որդեգրման ենթակա չեն

Գյումրու մանկատան բակում հայտնաբերված երկվորյակ նորածինները դեռ որդեգրման ենթակա չեն
Գյումրու «Ֆրիտյոֆ Նանսենի անվան երեխաների խնամքի պաշտպանության թիվ 2 գիշերօթիկ հաստատության» բակում հայտնաբերված երկվորյակ նորածինների [պատմությունը](https://www.hraparak.am/posts/5bc848465b5dd506a29bdcb4/%D5%A5%D6%80%D5%A5%D5%AD%D5%A1%D5%B5%D5%AB-%D5%B1%D5%A5%D5%BC%D6%84%D5%A8-%D5%A2%D5%BC%D5%B6%D5%A1%D5%AE-%D5%A2%D5%A5%D6%80%D5%A5%D5%AC-%D5%A5%D5%B6-%D5%A4%D5%A1%D6%80%D5%BA%D5%A1%D5%BD%D5%AB-%D5%B4%D5%B8%D5%BF-%D5%B8%D6%82-%D5%A9%D5%B8%D5%B2%D5%A5%D5%AC-%D5%A3%D5%B5%D5%B8%D6%82%D5%B4%D6%80%D5%AB%D5%B8%D6%82%D5%B4-%D5%B4%D5%A1%D5%B5%D6%80%D5%A8-%D5%B6%D5%B8%D6%80%D5%A1%D5%AE%D5%AB%D5%B6-%D5%BF%D5%B2%D5%A1%D5%B6%D5%A5%D6%80%D5%AB%D5%B6-%D5%A9%D5%B8%D5%B2%D5%A5%D5%AC-%D5%A7-%D5%B4%D5%A1%D5%B6%D5%AF%D5%A1%D5%BF%D5%A1%D5%B6-%D5%A2%D5%A1%D5%AF%D5%B8%D6%82%D5%B4?fbclid=IwAR2f3oLDaR449Kenx2ookdzyU0yX5irMUrb75Iqfci7fbLBfrQuT1Vq38GU) օրեր շարունակ քննարկվեց քաղաքում, ինչպես նաև համացանցում, որտեղ օգտատերերը հիմնականում բացասաբար էին արձագանքում փոքրիկներին լքած մոր մասին մինչև այն պահը, երբ պարզվեց, որ մի զոհ էլ նա է՝ 18-ամյա աղջիկ՝ բազմաթիվ հոգսերի մեջ մխրճված:



Մայրը հայտնվել է ու փորձել պաշտոնապես հրաժարվել երեխաներից՝ համարելով, որ այդպես նրանց համար ավելի լավ կլինի: Դեպքը թարմ է, բայց արդեն հայտնվել են հարյուրավոր մարդիկ, ովքեր ցանկություն են հայտնել որդեգրել փոքրիկներին: Շիրակի մարզպետարանի «Ընտանիքի, կանանց եւ երեխաների իրավունքների պաշտպանության» բաժնի պետ Լիլիթ Գորգինյանը hraparak.am-ի հետ զրույցում ասաց.



«Երեխաները դեռ որդեգրման ենթակա չեն, որովհետև հիմա մենք աշխատանքներ ենք տանում, որպեսզի նրանց վերադարձնենք մայրիկին: Կարծում եմ՝ անհնարին ոչինչ չկա, ուղղակի աշխատանքը պետք է ճիշտ տարվի, մասնագիտորեն, որպեսզի արդյունք ունենանք: Հիմա մենք հակված ենք դրան: Մենք ասելով՝ նկատի ունեմ ողջ Հանրապետությունը՝ նախարար Մանե Թանդիլյանի ղեկավարությամբ: Ուզում ենք, որ երեխաները կենսաբանական ընտանիքում մեծանան: Եթե դա չստացվի, ապա բնականաբար հաջորդ ընտանիքում ապրելու իրավունքը պիտի առաջ տարվի, դա որդեգրման տարբերակն է»,-նշեց մարզպետարանի պաշտոնյան: Լիլիթ Գորգինյանը բացատրեց նաև որդեգրման սկզբունքը. «Եթե որդեգրել ցանկացող ընտանիքը մեր մարզից է, նախ եւ առաջ պետք է հաշվառվեն Շիրակի մարզպետարանում, իսկ եթե այլ մարզից են կամ մայրաքաղաքից, պետք է ուղղորդել իրենց մարզ: Գործընթացի սկիզբը այդտեղից է: Անպայման պետք է հաշվառվեն, թույլտվություն ունենան, որ երբ երեխաները հայտարարվեն որդեգրման, ուշացած չլինեն»,-ասաց նա՝ ընդգծելով, որ ամեն դեպքում որդեգրման մասին խոսելը դեռ շատ վաղ է: Նշենք, որ երկվորյակ եղբայրների հարցով անհանգստացած ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանն այսօր փակ խորհրդակցություն է անցկացրել Շիրակի մարզպետարանում, որի ընթացքում նշել է, որ անելու է ամեն ինչ, որպեսզի փոքրիկներն ապրեն կենսաբանական մոր հետ:



Լուսանկարը՝ Լիլիթ Գորգինյանի ֆեյսբուքյան էջից



**Արևիկ Հակոբյան**