Սերժ Սարգսյանն ԱԺ ընդունած որ օրենքները չի ստորագրել

Սերժ Սարգսյանն ԱԺ ընդունած որ օրենքները չի ստորագրել
Ինչպե՞ս է վարվելու նախագահ Արմեն Սարգսյանը հոկտեմբերի 2-ին Ազգային ժողովի ընդունած վիճահարույց օրենքի հետ, որը փոփոխություններ է նախատեսում «ԱԺ կանոնակարգ» օրենքում։ Մի քանի օր առաջ նախագահը, պատասխանելով հարցին՝ մտադի՞ր է ստորագրել օրենքը, խոստացել էր պատասխանել մոտ օրերս։ «Այդ հարցին ես ժամանակը կգա՝ մոտ օրերին կպատասխանեմ»,- ասել էր նախագահը՝ շարունակելով․ «Այն հարցը, ինչ որ վերաբերում է Հայաստանում տեղի ունեցած իրադարձություններին՝ կապված Ազգային ժողովի հետ, ինչպես ես արտերկրում գտնվելիս հայտարարեցի, որ կարծում եմ՝ միակ ճանապարհը դա երկխոսության, բանակցությունների, պայմանավորվածությունների ճանապարհն է՝ օրենքի, օրինականության եւ, իհարկե, Սահմանադրության սահմաններում, եւ վերադառնալուց հետո սկսել եմ իմ հանդիպումները ե՛ւ վարչապետի հետ, ե՛ւ Ազգային ժողովի նախագահի, ե՛ւ ներկայացված կուսակցությունների հետ՝ այդ նպատակով, որպեսզի հասնենք նրան, ինչի մասին խոսում ենք, որպեսզի անցումը մեկ անգամ եւս տեղի ունենա Սահմանադրության եւ օրենքի սահմաններում»:



Հիշեցնենք՝ Ազգայի ժողովը հոկտեմբերի 2-ի երեկոյան կայացած արտահերթ նիստում ձեռքով քվեարկությամբ՝ 67 կողմ ձայներով, ընդունեց փոփոխությունները խորհրդարանի կանոնակարգի մասին օրենքում: Խորհրդարանական երեք ուժերի՝ Հանրապետականի, ՀՅ Դաշնակցության ու «Ծառուկյան դաշինքի» առաջարկած փոփոխությունների համաձայն, մասնավորապես, ԱԺ նիստը ոչ թե կհամարվի չկայացած, այլ՝ ընդհատված, եթե որեւէ հարցի քննարկում տեղի չունենա, օրինակ, արտակարգ իրավիճակի պատճառով, կամ խոչընդոտվի պատգամավորների մասնակցությունը նիստին: Այս փոփոխություններին կողմնակից պատգամավորներին եւ քաղաքական ուժերին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հակահեղափոխականներ անվանեց եւ մարդկանց կոչ արեց հավաքվել Ազգային ժողովի շենքի մոտ՝ խաղաղ ցույցի: Նա հայտարարեց կառավարությունում մյուս երկու կուսակցությունների ներկայացուցիչներին, այդ թվում՝ մարզպետներին, պաշտոնանկ անելու մասին:



Այդ օրերին աշխատանքային այցով ԱՄՆ-ում գտնվող Հայաստանի նախագահը հորդորեց զուսպ եւ հանդուրժողական լինել ու խոստացավ վիճահարույց օրինագծին անդրադառնալ Երեւան վերադառնալուն պես՝ նախաձեռնելով խորհրդակցություններ կառավարության եւ Ազգային ժողովի ղեկավարության հետ: Չնայած Արմեն Սարգսյանը խորհրդակցություններ ունեցավ, ինչի մասին հայտարարեցին նրա գրասենյակից, այդուհանդերձ, չի շտապում հայտնել իր դիրքորոշման մասին։ Նախօրեին նախագահի մամուլի խոսնակը մեր հարցին ի պատասխան հայտնեց, թե Արմեն Սարգսյանը մեկնել է Արցախ եւ այսօր (երեկ) վերադառնալուց հետո կխորհրդակցի այդ հարցով, սակայն երեկ խոսնակն այդպես էլ չպատասխանեց մեր զանգերին։



Նախագահը երեք տարբերակ ունի՝ կա՛մ պետք է ԱԺ-ի կողմից ընդունված օրենքը ստորագրի, դրա համար նա ունի առավելագույնը 21 օր ժամանակ, որպեսզի օրենքը մտնի ուժի մեջ, կա՛մ պետք է այն ուղարկի Սահմանադրական դատարան՝ նշելով, թե ինչ խնդիրներ է տեսնում եւ ինչն է վիճարկում, կա՛մ էլ կարող է այս երկու տարբերակներից եւ ոչ մեկն էլ չանել, եւ 21 օր հետո օրենքն իրավունքի ուժով սկսի գործել։ Օրենքն ընդունելու առաջին օրերին մեզ տեղեկություն էր հասել, որ Արմեն Սարգսյանը պատասխանատվությունն իր ուսերին չի վերցնի եւ կդիմի Սահմանադրական դատարան, որտեղ էլ մոտ երկու ամիս կպահանջվի՝ որոշելու փոփոխության սահմանադրականության հարցը։ Ի դեպ, հին Սահմանադրությամբ եւ օրենսդրությամբ նախագահը կարող էր օգտվել իր լիազորություններից եւ ԱԺ կողմից ընդունված օրենքները ստորագրելու փոխարեն վերադարձնել խորհրդարան՝ առարկությամբ կամ առաջարկներով։ ԱԺ-ից մեր հարցմանն ի պատասխան՝ վերջին տասը տարիների վիճակագրություն տրամադրեցին, որից պարզ է դառնում, որ քիչ չեն դեպքերը, երբ նախագահը հետ է ուղարկել, մերժել ընդունված օրենքը եւ փոփոխություններով է հանդես եկել։ Ի դեպ, կան տեղեկություններ, որ ՀՀԿ որոշ շրջանակներ Սերժ Սարգսյանին խնդրել են դիմել իր «բերած» նախագահին՝ հորդորելով չգնալ նման քայլի, սակայն Սերժ Սարգսյանը մերժել է կուսակիցների խնդրանքը։



Ինչեւէ, պաշտոնավարման տասը տարիների ընթացքում Սերժ Սարգսյանն ինքն էլ չի կարողացել խուսափել ԱԺ-ի կողմից ընդունված որոշ օրենքներ մերժելուց։ Օրինակ՝ ոչ այնքան հայտնի «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը 2012 թվականին վերադարձրեց ԱԺ այն բանից հետո, երբ բնապահպանները շաբաթներ շարունակ բողոքի ակցիաներ իրականացրին, բաց նամակով դիմեցին Սերժ Սարգսյանին՝ կասկածներ հայտնելով, որ սույն օրենքի կիրառումից հետո Հայաստանում թույլատրվելու է կատարել անսահմանափակ քանակով անտառահատումներ` առանց հասարակական լսումների եւ փորձաքննության անցկացման: Ակցիային միացել էր Ազգային ժողովում «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստյոպա Սաֆարյանը: Նա գտնում է, որ բնապահպանական ոլորտի օրենքները կապված են 2012 թվականի բյուջեի եկամուտների հետ: Եվ ոչ միայն։ «Մի անբացատրելի արագությամբ փորձեցին ուղղակի սղղացնել այս օրենքները, որովհետեւ եթե դա չանեին, ինչպես ասում էին, ապա բյուջեի կատարումը կդառնար արդեն իսկ ռիսկային...



Անգամ հայտարարվեց, որ օրենքի ընդունումը մեկ ռեժիմով պարտադիր էր, որպեսզի միջազգային կազմակերպությունները վարկ տրամադրեին»,- հայտարարել է Սաֆարյանը։ Օրենքը չստորագրվեց նախագահի կողմից, հետ ուղարկվեց ԱԺ, 2013 թվականի ընթացքում մշակեց, եւ կառավարությունը ներկայացրեց ՇՄԱԳ նոր օրինագիծը: Նախագահի առարկությամբ եւ առաջարկությամբ վերադարձված օրենքների շարքում է նաեւ «Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին» եւ «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մաuին» օրինագծերի փաթեթը։ Ազգային ժողովի կողմից 2013 թվականի դեկտեմբերի 12-ին ընդունված օրենքում Սերժ Սարգսյանն առաջարկում էր բարձրացնել միայն Սահմանադրական դատարանի դատավորների կենսաթոշակը, ինչը բողոքի ալիք բարձրացրեց դատավորների շրջանում, լրատվամիջոցներում հայտնվեցին անանուն նամակներ, որոնցում «մի խումբ» դատավորներ դժգոհում էին խտրական վերաբերմունքից։ Փոփոխված նախագիծն ԱԺ-ում քննարկվում էր 2014-ի այն ժամանակահատվածում, երբ ՍԴ-ում ընդդիմադիրները վիճարկում էին պարտադիր կուտակայինի մասին խնդրահարույց օրենքը։ Ընդդիմադիրները Սերժ Սարգսյանի վերոնշյալ առաջարկն իբրեւ հավելյալ «ճնշում» կամ «ժեստ» որակեցին՝ ուղղված ՍԴ դատավորներին։



Ուշագրավ է, որ ընտրական օրենսգրքերում փոփոխություններ ու առաջարկներ են ներկայացրել թե՛ Սերժ Սարգսյանը՝ 2010-ին, թե՛ Ռոբերտ Քոչարյանը՝ 2007-ին, որոնք ԱԺ-ի կողմից ընդունված օրենքները հետ են ուղարկել՝ սեփական առաջարկություններն անելով։



**Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ**