Կադրային ջարդ չի լինելու, բայց որոշ մարդիկ կփոխվեն․ Գեղարքունիքի նոր մարզպետ

Կադրային ջարդ չի լինելու, բայց որոշ մարդիկ կփոխվեն․ Գեղարքունիքի նոր մարզպետ
Բնապահպանության նախարարի արդեն նախկին տեղակալ Գնել Սանոսյանն այսօր նշանակվեց Գեղարքունիքի մարզպետ։ Նա նշեց, որ Սևանի խնդիրներին ի պաշտոնե մանրամասն տեղյակ է եղել, և դա հիմա իրեն ավելի կօգնի արդեն մարզպետի կարգավիճակով նաև նպաստել այդ խնդիրների լուծմանը։ **Hraparak.am**-ի դիտարկմանը, թե Գեղարքունիքը Հայաստանի ամենամեծ մարզն է ու նաև արտագնա աշխատանքի և արտագաղթի բավականին բարձր ցուցանիշ ունի, մոտավոր պատկերացում ունի՞, թե ինչ է անելու այս ցուցանիշները նվազեցնելու ուղղությամբ։



«Գեղարքունիքը, ամենամեծ մարզը լինելով հանդերձ, նաև ամենամեծ խնդիրներն ունի, նաև շրջանից շրջան տարբերություններն են շատ մեծ։ Այն շրջաններում, որտեղ արտագնա աշխատանք կա, բնակչությւոնը բավականին բարեկեցիկ կյանքով է ապրում, ի հակադրություն դրա՝ այն շրջանները, օրինակ՝ Ճամբարակի շրջան, Վարդենիսի շրջան, Սևանի որոշակի հատվածներ, որոնք ավելի քիչ են դուրս գալիս երկրից արտագնա աշխատանքով, աղքատության ավելի բարձր ցուցանիշ կա։ Իհարկե, արտագնա աշխատանքը երկակի ազդեցություն ունի, տնտեսական առումով ձեռնտու է, բայց մյուս կողմցի ամիսներ շարունակ մարդիկ կտրվում են իրենց ընտանիքներից։ Մենք ունենք մարզի համաչափ զարգացման խնդիր, և դա կփորձենք լուծել»,-ասաց նորանշանակ մարզպետը։



Նա խոսքով՝ իրենց մարզի բնակիչների կողմից արտագնա աշխատանքի մեջ մի դրական բան կա՝ գնացողների առնվազն 90 տոկոսը հետ է գալիս մարզ, և իրենց աշխատած գումարների մեծ մասն է հետ գալիս մարզ։ Hraparak.am-ը նկատեց՝ մի շարք մարզպետներ նշանակումից հետո սկսեցին կադրային խիստ քաղաքականություն վարել, մամուլում անգամ գվեց, որ համոզում, բանակցում կամ ճնշում են գործադրում գյուղապետերի վրա, որ հրաժարական տան, ինքն ի՞նչ մոտեցում է ցուցաբերելու այս հարցում։ Մարզպետը նախ շատ կարճ ձևակերպեց՝ կադրային ջարդ չի լինելու, բայց որոշ մարդիկ կփոխվեն։ Մասնավորապես նշեց, որ հավանաբար կփոխվեն փոխմարզպետները։ Իսկ գյուղապետերի մասով էլ ասաց․ «Գյուղապետերի հետ բանակցել, համոզել կամ ճնշել են համայնքի բնակիչները»։ Իր կողմից վստահեցրեց, որ նման բան չի լինելու։



**Վահե ՄԱԿԱՐՅԱՆ**