Մենք այսօր ունենք լեգալ, բայց ոչ լեգիտիմ խորհրդարան

Մենք այսօր ունենք լեգալ, բայց ոչ լեգիտիմ խորհրդարան
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր **Վահան Հարությունյանը** դեմ չէ Նիկոլ Փաշինյանի դեմ թեկնածու չներկայացնելուն, քանզի կարծում է, որ պետք չէ այսօր գնալ իրադարձությունների սրացման։ Բայց նաեւ ճիշտ չի համարում արտահերթ խորհրդարանական ընտրությունները դեկտեմբերին անցկացնելը, քանզի դրանում էլ վտանգներ է տեսնում։



«Իրականում անսովոր իրավիճակ է ստեղծել ոչ թե Ազգային ժողովում, այլ՝ Հայաստանի Հանրապետությունում։ Իրավիճակի անսովորությունը կայանում է հենց նրանում, որ մենք այսօր ունենք լեգալ, բայց ոչ լեգիտիմ խորհրդարան։ Խորհրդարանն ինքը լեգալ է, բոլորի կողմից ճանաչվել են ընտրության արդյունքները, բայց, այսօրվա դրությամբ, ինքը լեգիտիմ չէ, որովհետեւ ինքը չի արտահայտում ժողովրդի կարծիքը»,- մեզ հետ զրույցում ասաց Վահան Հարությունյանը։



Ինչ վերաբերում է նրան, որ ՀՀԿ խմբակցությունից 16 պատգամավոր միացել է դեկտեմբերին արտահերթ ընտրություններ անցկացնելու վերաբերյալ ստորագրահավաք-հայտարարությանը, պարոն Հարությունյանն ասաց․ «Ես չգիտեմ՝ ինչի համար է արվում այդ ստորագրահավաքը, բայց այնտեղ երկու կարեւոր կետ կա, որ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի դեպքում նշված պատգամավորներն այլ թեկնածուի առաջադրմանը չեն աջակցի, եւ երկրորդ կարեւոր կետը, որ ընտրությունները պետք է լինեն դեկտեմբերին։ Երկրորդ կետի հետ ես այդքան էլ համաձայն չեմ։ Ես համաձայն չեմ, որ դեկտեմբեր ամիսը լավագույն ժամանակն է արտահերթ ընտրություններ կազմակերպելու համար։ Ինչ խոսք, Հայաստանում արտահերթ ընտրություններ պետք են, բայց ես չեմ գտնում, որ դեկտեմբեր ամիսը լավագույն ժամանակն է դրա համար, որովհետեւ, եթե մենք ունենք դեկտեմբերին արտահերթ ընտրություններ, դրանք կանցնեն հետհեղափոխական էյֆորիայի ֆոնի վրա, եւ մենք կունենանք միակուսակցական Ազգային ժողով, ինչպիսինի դեմ պայքարում էր Նիկոլ Փաշինյանը»։



Թե ինչ որոշում կա ՀՀԿ խմբակցությունում, արդյոք կառաջադրե՞ն վարչապետի իրենց թեկնածուն, Հարությունյանն ասաց, որ նմանատիպ քննարկում չի եղել, բայց եթե լինի, ինքը, բնականաբար, կարտահայտի իր «դեմ» կարծիքը։ «Ես գտնում եմ, որ չի կարելի գնալ իրադարձությունների սրացման, անթույլատրելի եմ դա համարում։ Նիկոլ Փաշինյանի վարչապետ դառնալուն այլընտրանք այս պահին ես չեմ տեսնում։ Դա հանրային պահանջ է, որը ձեւավորվել է, եւ դա ամուր հանրային պահանջ է, դրա դեմ գնալ չի կարելի։ Ես չեմ գտնում, որ ՀՀԿ-ն պետք է առաջադրի վարչապետի թեկնածու։ Համոզված եմ, որ ֆրակցիայում շատերն են ինձ հետ համակարծիք»։



**- Իսկ Դուք անձամբ ի՞նչ դիրքորոշում ունեք, ունե՞ք մշակված տարբերակներ, թե իրադարձությունների ինչ հունով զարգացման դեպքում Դուք ինչ դիրք կբռնեք, օրինակ՝ դուրս կգա՞ք խմբակցությունից եւ կուսակցությունից, թե՞ կմնաք թիմի ներսում եւ կպայքարեք մինչեւ վերջ։**



- Կարելի է դուրս գալ ֆրակցիայից, կարելի է դուրս չգալ։ Դրանով չէ պայմանավորված։ Դրանով չէ պայմանավորված քո քվեարկությունը։ Դու արտահայտում ես քո կարծիքը։



**- Իսկ կուսակցությունից դուրս գա՞լ։ Թիմը լքելու մասին է այսօր խոսվում, դրա անունը դնում են առնետավազք…**



- Ինչի՞ համար։ Գիտե՞ք, ես չեմ տեսնում անհրաժեշտությունը թիմը լքելու, ես չեմ տեսնում, որ թիմն անում է այնպիսի սխալներ, որ դու պետք է թիմը լքես։ Այլակարծութունն էսօր, չգիտես ինչու, ժողովրդի մեջ շատ վատ է ընկալվում, դա ընկալվում է որպես հակահեղափոխություն։ Հակահեղափոխություն չկա եւ չի էլ կարող լինել։ Կա հստակ հանրային պահանջ, որ Նիկոլ Փաշինյանը պետք է լինի վարչապետ։