Մարդ-կուսակցությունները դժգոհ են ընտրագրավի չափից եւ անցողիկ շեմից

Մարդ-կուսակցությունները դժգոհ են ընտրագրավի չափից եւ անցողիկ շեմից
Ընտրական օրենսգրքի բարեփոխումների հանձնաժողովը երեկ նիստ էր հրավիրել՝ քննարկելու արդեն պատրաստի փոփոխությունների նախագծի հայեցակարգը։ Այն արդեն ուղարկվել է Վենետիկի հանձնաժողով` եզրակացություն ստանալու, բայց Հայաստանում դեռ քննարկում են։ Բարեփոխումների հանձնաժողովի քարտուղար Դանիել Իոաննիսյանն ասաց, որ կարեւոր չէ՝ ուղարկել են, թե ոչ՝ նորից կարող են փոփոխություններ անել նախագծում, եթե լինեն առաջարկներ։ Նշենք, որ նախագծում ներառված հիմնական փոփոխություններով առաջարկվում է վերացնել ռեյտինգային ընտրակարգն ու անցնել 100 տոկոս համամասնական ընտրակարգին, իջեցնել անցողիկ շեմը՝ կուսակցությունների դեպքում դարձնելով 4 տոկոս, դաշինքների դեպքում՝ 6, նվազեցնել ընտրագրավը՝ 10 մլն դրամից հասցնելով 7.5 մլն-ի։ Նախագծով սահմանվել է նաեւ, որ խորհրդարան պետք է անցնի ոչ թե 3, այլ առնվազն 4 ուժ՝ անկախ անցողիկ շեմից։ Այսինքն, եթե նույնիսկ 4-րդ ուժը չի հավաքել բավարար ձայներ, որ անցնի, ձայները կբաշխվեն այնպես, որ այդ ուժը եւս ներկայացված լինի խորհրդարանում։ Իսկ կոալիցիա կազմելու ժամկետը 6-ից դարձել է 10 օր։



Քննարկմանը ներկա էին բազմաթիվ անհայտ կամ կիսահայտնի մանր ու միջին կուսակցություններ, այդ թվում՝ մարդ-կուսակցություններ, որոնք չունեն մարդկային եւ ֆինանսական ռեսուրս, բայց ունեն մեծ ցանկություն խորհրդարան անցնելու։ Դրա համար նրանց հիմնական կռիվն ընտրագրավի եւ անցողիկ շեմի շուրջ էր։ «Ազգային ժողովրդավարների դաշինք» կուսակցության նախագահ Արշակ Սադոյանն ու մյուս՝ միայն անվանապես գոյություն ունեցող կուսակցությունների որոշ ներկայացուցիչներ մի քանի ժամ շարունակ բանավիճում էին նույն հարցի շուրջ, որ պետք է իջեցնել անցողիկ շեմը, օրինակ՝ դարձնել 1 տոկոս, եւ պետք է իջեցնել կամ ընդհանրապես հանել ընտրագրավը, որ իրենք կարողանան մասնակցել։



«Նորից հարուստների ընտրությո՞ւն եք ուզում անցկացնել»,-դժգոհեց Արշակ Սադոյանը 7.5 մլն դրամ գրավի չափից։ Նրա խոսքով՝ հարուստ, օլիգարխիկ կուսակցությունները կարող են հեշտությամբ վճարել այդ գրավը, նաեւ կարող են մեծ փողեր ծախսել եւ գնել գովազդային եթերաժամանակ ու իրենց գովազդել, արանքում մյուս ուժերը կտուժեն, որոնք չունեն մեծ ռեսուրսներ։



Դանիել Իոաննիսյանը չցանկացավ Սադոյանի հետ այս հարցով վեճի մեջ մտնել, միայն գրանցեց դա որպես առաջարկ։ Բայց նույն առաջարկը կրկնվեց մի քանի անգամ՝ տարբեր ձեւակերպումներով ու հիմնավորումներով։ «Արդարություն» կուսակցության ներկայացուցիչ Արեգ Սավգուլյանն էլ իր հերթին առաջարկեց ընդհանրապես հանել ընտրագրավը, իսկ անցողիկ շեմը սահմանել 1 տոկոս։ Նա նշեց, որ ինքը Երեւանի ավագանու ընտրություններին իր ձայնը տվել է «Իմ քայլը» դաշինքին, բայց իր համար մտահոգիչ է այն, որ «Իմ քայլը» դաշինքը հավաքել է մոտ 81 տոկոս ձայն։



Իոաննիսյանն էլ նկատեց, որ եթե հանեն ընտրագրավը, ընտրություններին կարող է մասնակցել, ասենք, 60 կուսակցություն, որը կարող է բազմաթիվ բարդություններ առաջացնել ընտրությունների ընթացքում՝ սկսած 60 քվեաթերթիկով ընտրություններ անցկացնելուց մինչեւ հեռուստաբանավեճերը 60 թեկնածուի մասնակցությամբ։ Այստեղ հարց հնչեց՝ եթե 60 կուսակցությունն էլ մուծի 7.5 մլն դրամ գրավը, ինչպե՞ս են անելու։ Իոաննիսյանն էլ ենթադրեց․ «Դե, հաշվարկն էն ա, որ էդ 7.5 միլիոնը 60-ն էլ դժվար մուծեն»։



Խոսք եղավ նաեւ կանանց քվոտավորման մասով, որն իջավ-հասավ կանանց շպարի մասին էժանագին դատողություններին։ Դանիել Իոաննիսյանն էլ սկսեց փիլիսոփայել, որ մենք երկար տարիներ եղել ենք իսլամական պետությունների լծի տակ, որտեղ կանանց դերն այդքան մեծ չէր, եւ հիմա դրանից է գալիս մեր հասարակությունում կանանց հանդեպ նման վերաբերմունքը, որ տղամարդիկ առավելություններ ունեն, քաղաքականության մեջ տղամարդկանց հանդեպ վստահությունն ավելի մեծ է, եւ այս բնույթի տարատեսակ այլ մտքեր։ Հիշեցնենք՝ նոր Ընտրական օրենսգրքով խորհրդարանում ամեն երրորդը պետք է կին լինի, նախկինում յուրաքանչյուր չորրորդն էր։



Նախորդ ընտրություններին մասնակցած ու խորհրդարան չանցած ուժերից «Ազատ դեմոկրատներ» կուսակցության փոխնախագահ Անժելա Խաչատրյանն էլ ասաց, որ իրենք մի քանի առաջարկություն էին ներկայացրել, որոնք ընդունվել են հանձնաժողովի կողմից եւ կան նոր ԸՕ նախագծում։ Խաչատրյանը մեզ հետ զրույցում ասաց, որ իրենց կարեւորագույն առաջարկներից մեկը եղել է կոալիցիաներ ձեւավորելու խոչընդոտի վերացումը, որն ընդունել է կառավարությունը։ «Գործող օրենսգրքում հստակ նշված է, որ 3 ուժից ավելի ուժ չկարողանա կոալիցիա կազմել։ Այսինքն՝ կոալիցիա կազմելու համար արհեստական խոչընդոտներ էին դրված նախորդ օրենսգրքով։ Եվ էն ժամանակ՝ դեռեւս 2016-ին, երբ այս օրենսգիրքը քննարկվում էր, մենք այն ժամանակ էլ դա առաջարկեցինք, բայց նախորդ իշխանությունների կողմից մեկնաբանվեց, որ եթե իրենք հանեն այդ արգելքը, ապա, ենթադրենք, մի 5 կուսակցություն՝ շատ փոքր տոկոսներ հավաքած, բայց ԱԺ անցած, կարող են կոալիցիա կազմել եւ ունենալ մեծամասնություն էդ դեպքում։ Բայց դա չի լինի կայուն մեծամասնություն, դա փխրուն մեծամասնություն է, որովհետեւ, ենթադրենք, 5 ուժից է բաղկացած»,- ասաց Անժելա Խաչատրյանը։



Նրանք նաեւ առաջարկել են երկարացնել ընտրություններից հետո կոալիցիա կազմելու 6-օրյա ժամկետը, որը եւս ընդունվել է՝ դառնալով 10 օր։ Հարցին՝ իրենք որոշում ունե՞ն, մասնակցելո՞ւ են առաջիկա արտահերթ ընտրություններին, Անժելա Խաչատրյանն ասաց՝ մասնակցելու են, բայց առաջիկայում, երբ հստակեցվի ընտրությունների օրը, իրենք կուսակցության վարչության նիստ կանեն եւ հստակ որոշում կկայացնեն, թե ինչ ձեւաչափով են մասնակցելու։