Հրազդանում մեկնարկեց քաղաքապետի ընտրությունների քարոզարշավը

Հրազդանում մեկնարկեց քաղաքապետի ընտրությունների քարոզարշավը
Հրազդանում այսօրվանից մեկնարկեց համայնքի ղեկավարի ընտրությունների քարոզարշավը: Հիշեցնենք, որ առաջադրվել էին 5 թեկնածուներ՝ «Քաղաքացիական Պայմանագիր» կուսակցության Հրազդանի տարածքային կառույցի ղեկավար Սեւակ Միքայելյանը, Լեւոն Ստեփանյանը, նախկին ԲՀԿ-ական, այժմ անկուսակցական Դավիթ Քոչարյանը, Մանվել Պողոսյանը եւ Գագիկ Աթասյանը:



Առաջադրված 5 թեկնածուներից՝ Մանվել Պողոսյանը հետ է վերցրել փաստաթղթերը, իսկ Գագիկ Աթասյանին մերժել են` փաստաթղթերը թերի լինելու պատճառով: Համայնքի ղեկավարի թեկնածուներից՝ Սեւակ Միքայելյանը քարոզարշավը սկսել է Հրազդան քաղաքի Կաքավաձոր թաղամասից հետեւյալ կարգախոսով. «Նո´ր իրողություններ, Նո´ր Հրազդան: Իսկ Լեւոն Ստեփանյանն էլ «Միասին կերտենք նո´ր Հրազդան» կարգախոսով, քարոզաշավը սկսել է Հրազդանի Երիտասարդական թաղամասից: Մինչ 2 երիտասարդներ քարոզարշավ էին անում, համայնքի ղեկավարի մյուս թեկնածու Դավիթ Քոչարյանը «անցել է ընդհատակ»:



Փորձեցիքն կապ հաստատել Դավիթ Քոչարյանի հետ, սակայն ապարդյուն: Հեռախոսին պատասխանեց այլ անձնավորություն եւ մեզ ասաց, որ տեղյակ չի Դավիթ Քոչարյանի քարոզարշավից: Ըստ շրջանառվող լուրերի, չի բացառվում, որ Դավիթ Քոչարյանը ինքնաբացարկ անի, եւ Հրազդանի համայնքի ղեկավարի պաշտոնի համար կպայքարեն 2 թեկնածուներ՝ երկուսն էլ 24 տարեկան: Լեւոն Ստեփանյանը ծառայել է հայոց բանակում, իսկ ԱԺ պատգանավոր Սասուն Միքայելյանի որդին՝ կարճատեսության պատճառով ազատվել զինվորական ծառայությունից:



Ի՞նչ կենսագրություն ունեն երիտասարդ թեկնածունները:



Լեւոն Ստեփանյան



Ծնվել է 1994թ.-ի ապրիլի 29-ին Հրազդան քաղաքում:



2010թ.-ին ավարտել է Հրազդանի թիվ 4 միջնակարգ դպրոցը:



2015թ.-ին ավարտել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի «Միջազգային տնտեսական հարաբերություններ» ֆակուլտետի բակալավրիատը:



2017թ.-ին ավարտել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի «Միջազգային տնտեսական հարաբերություններ» ֆակուլտետի մագիստրատուրան:



2012թ.-ից ծառայել է ՀՀ ԶՈւ-ում:



2014թ.-ին աշխատել է «Որդի Արմեն» ՍՊԸ-ում որպես պահեստապետի օգնական:



2015թ.-ին աշխատել է «Family network» կաբելային հեռուստատեսությունում որպես գիշերային օպերատոր:



2015թ.-ից «Օգնենք կարիքավոր ընտանիքներին» նախաձեռնության հրազդանյան ներկայացուցիչ:



2015թ.-ից «Մարքեթինգի հայկական ակումբ»-ի կազմակերպիչների խորհրդի անդամ:



2016թ.-ին հիմնադրել է «MYbookstore» առցանց գրախանութը:



2017թ.-ից հանդիսանում է «Մայ քորնըր» ՍՊԸ-ի տնօրեն: Ամեն Ամանորից առաջ կազմակերպում է գրքերի բարեգործական ցուցահանդես, որից ստացված ողջ հասույթը փոխանցվում է քաղցկեղով հիվանդ երեխաների բուժմամբ զբաղվող «FUND 100» բարեգործական հիմնադրամին:



Սևակ Միքայելյան



2000-2010թթ. սովորել և ավարտել է Հրազդանի Անանիա Շիրակացու N 6 միջնակարգ դպրոցը:



2010-2014թթ. սովորել և ավարտել է Երևանի պետական տնտեսագիտական Համալսարանի ֆինանսների ֆակուլտետի ապահովագրական գործ բաժինը: Ազատվել է զինվորական ծառայությունից կարճատեսության պատճառով:



2017 թվականից աշխատում է «Գազպրոմ Արմենա» ՓԲԸ Երևանի մասնաճյուղում որպես ճարտարագետ:



2008 թվականից ակտիվ մասնկացություն է ունեցել «Ազատություն Քաղբանտարկյալներին» ակցիային:



2015 թ. մասնակցել է էլեկտրաէներգիայի թանկացման դեմ պայքարի «Էլեկտրիկ Երևան»› ակցիային:



2017թ. մասնակցել է «Ոչ թանկացումներին» ակցիային:



2015 թվականից «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Հրազդանի տարածքային կառույցի ղեկավարն է:



2012 թվականից զբաղվում է լողով, ընկերական մրցաշարում առանց դադարի լողալով հաղթահարել է 6 կմ տարածությունը: Ամուսնացած չէ:



**Նելլի Կարապետյան**