Աննա Հակոբյանը քննադատել է ռուսական լրատվամիջոցներին

Աննա Հակոբյանը քննադատել է ռուսական լրատվամիջոցներին
«Կանայք հանուն խաղաղության» ծրագրի մասնակիցների հետ Արցախ այցելած Աննա Հակոբյանը եղել է առաջնագծի դիրքերից մեկում։ Իր խոսքի մեջ ՀՀ վարչապետի տիկինը անդրադարձել է նաեւ այն հանգամանքին, որ ռուսական լրատվամիջոցները, որոնք հրավիրվել էին լուսաբանելու այցը, իրենց ներկայացուցիչներին չեն ուղարկել։



«Զարմանալի է, որ «Միր» հեռուստաընկերությունը, «Սպուտնիկ» լրատվական գործակալությունը թույլ չեն տվել, որպեսզի իրենց ներկայացուցիչները գան ու լուսաբանեն այս այցը։ Առհասարակ որեւէ ռուսական լրատվամիջոց չի արձագանքել, այն դեպքում, երբ ռուսական հասարակության մեջ հայտնի կանանց ուղերձը մեկն է՝ խաղաղություն»,- ասել է Աննա Հակոբյանը` հիշեցնելով, որ Ապրիլյան պատերազմի ժամանակ լուսաբանել են նույն այս տարածքում տեղի ունեցած պատերազմը բոլոր լրատվամիջոցները՝ հայաստանյան, ռուսաստանյան, միջազգային ու թե ադրբեջանական, իսկ պատերազմը կանխելու ուղերձ ունեցող միջոցառումը հետաքրքրություն չի առաջացրել։



«Ես իհարկե հասկանում եմ, որ նոր պատերազմի հավանականությունը իր հետեւից կբերի նոր սենսացիոն նյութեր՝ զոհեր, գլխատված մարմիններ, դիակներ, եւ լրատվամիջոցները կատաղի պայքար կսկսեն դրանք առաջինը ցուցադրելու համար դեպքի վայրից։ Ես սակայն ուզում եմ հիշեցնել բոլորին, որ սենսացիոն եւ էքսկլյուզիվ ամեն մի նյութի հետեւում մարդկային ճակատագրեր են, խեղված կյանքեր, դժբախտ մայրեր եւ երեխաներ»,- ասել է Աննա Հակոբյանը։