Ձեզ դիվանագետ ասողի…

Ձեզ դիվանագետ ասողի…
ՀՀ ԱԳՆ-ն բացառիկ անպետքության է վերածվել: Պետք է փակել կոտոշներ եւ սմբակներ մթերող այդ կանտորան եւ վրան գրել. «Գրասենյակը մեռավ»: Եթե արտգործնախարար ենք պահում միայն այն բանի համար, որ նա ժամանակ առ ժամանակ նկարվի Մամեդյարովի հետ, ապա դա միանգամայն ավելորդ ծախս է, որովհետեւ կարելի է մեր հարեւան Շմավոնին էլ սիրուն հագցնել ու նկարել Մամեդյարովի ֆոնին: Այլ խոսքով` ՀՀ ԱԳՆ-ն «հեղափոխությունից» այսկողմ գործում է ՀՀ-ի եւ ՀՀ քաղաքացու դեմ եւ ավելի վտանգավոր է, քան մեր հարեւան Շմավոնը:



Ես չգիտեմ, թե ինչ միջատ է կծել ՀՀ ԱԳՆ-ին, բայց սույն կանտորան դիմել է Հայաստանի դեսպանընկալ բոլոր երկրների ղեկավարներին եւ խնդրել անվավեր ճանաչել (չեղարկել) ՀՀ մոտ 300 քաղաքացիների դիվանագիտական անձնագրերը: Եթե որեւէ մեկը գիտի, թե ինչու է ԱԳՆ-ն դիմել այս քայլին, խնդրում եմ մեկնաբանել` գուցե այդ 300 մարդը լրտեսությա՞մբ էր զբաղված կամ չէ՞ր կարողանում Հայաստանը ներկայացնել ուրիշ երկրներում: ԱԳՆ-ից հնչած միակ բացատրությունը կապված է Անգլիայի ֆուտբոլի պրեմիեր լիգայում Հայաստանը ներկայացնող Հենրիխ Մխիթարյանից դիվանագիտական անձնագիրն առգրավելու հետ: ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը բարեհաճել է ասել․ «Դա անձնական տվյալ է, չեմ կարծում, որ հրապարակման ենթակա է, միայն կարող եմ ասել, որ այս պահի դրությամբ 254 դիվանագիտական անձնագիր չեղարկվել է»: Բալայան Տիգրանը, այ քեզ բան, հոնքը սարքելու տեղ աչքն է հանում: Ի՞նչ է նշանակում «անձնական», եթե դու 254 դիվանագիտական (այս դեպքում` ոչ անձնական) անձնագիր ես չեղարկել: Ստացվում է, որ այս անհասկանալի միջոցառումը մարդկանց անձով է պայմանավորված, եւ ես հիմա սկսում եմ մտածել, որ մենք օտար պետություններում 254 «անցանկալի անձ»` persona non grata ենք ունեցել, որոնց սխալմամբ դիվանագիտական անձնագրեր ենք տվել:



«Հրապարակը» նոր մանրամասներ էր ներկայացրել այս խայտառակությունից: Պարզվում է, որ անձնագրերի չեղարկման որոշումը եղել է մոտ 2 ամիս առաջ, իսկ օրերս էլ ՀՀ ԱԳՆ-ից նման բովանդակությամբ գրություններ են հղվել ՀՀ դիվանագիտական ծառայություններին․ «Խնդրում ենք դեսպանընկալ երկրների համապատասխան մարմիններին, ինչպես նաեւ դեսպանընկալ երկրում տեղակայված եւ համատեղության կարգով ՀՀ-ում հավատարմագրված պետությունների դեսպանություններին տեղեկացնել, որ կից ներկայացվող ՀՀ դիվանագիտական անձնագրերը ճանաչվել են անվավեր»: Խնդիրը «կյանքի ու մահու» հարց լուծող այդ թղթի կտորը չէ, այլ այն, որ ՀՀ ԱԳՆ-ն իր չմտածված քայլով օտար պետությունների համապատասխան մարմինների (ԱԳՆ, անվտանգության ծառայություններ, այլ գերատեսչություններ) ուշադրությունն է հրավիրել ՀՀ 254 քաղաքացու վրա, որոնց՝ դիվանագիտական անձնագիր ունենալն ու անձեռնմխելի լինելն այդ պետություններում, ըստ էության, ցանկալի չէ:



Կա նաեւ այս մեդալի հակառակ երեսը: Դիցուք` ես երբեք դիվանագիտական անձնագիր չեմ ունեցել եւ արտասահմանյան երկրներ մեկնել եմ իմ կապույտ անձնագրով: Ոչ մի օտարերկրյա սահմանապահ ինձ հատուկ չի տնտղել` վստահելի՞ եմ ես, թե՞ ոչ: Իսկ հիմա պատկերացրեք, որ ես նախկինում դիվանագիտական անձնագիր ունեցած լինեի, եւ, օրինակ, Վրաստանի իշխանություններն իմանային, որ Հայաստանում իմ դիվանագիտական անձնագիրը «խլել» են: Բնականաբար, կսկսեին ինձ ավելի շատ տնտղել, շուռումուռ տալ կապույտ անձնագիրս, ես էլ պետք է սրտնեղեի ու հիշեի հայ ժողովրդական բանահյուսության գոհարները, որոնք մեր հարեւան երկրի սահմանապահները մեզնից լավ գիտեն:



Քանի որ ՀՀ ԱԳՆ-ն չի ցանկանում (չի կարողանում) բացատրել այս «նոու հաուն», փորձենք ինքներս հասկանալ: Նիկոլ Փաշինյանը, երբ դեռ վարչապետ էլ չէր, օտար երկրներին հայտարարում էր, որ «նոր» Հայաստանը հավատարիմ է մնալու ՀՀ կնքած ու ստորագրած բոլոր միջազգային փաստաթղթերին ու պայմանագրերին: Ընդունենք, որ այդպես էլ կա, եւ Փաշինյանը նոր արտաքին քաղաքականություն չի մոգոնել ու չի մոգոնելու: Բայց… պարոն Փաշինյան, մի՞թե այս ամենն արել եք այն բանի համար, որ արտասահմանում կարողանան Հայաստանը ներկայացնել միայն Ձեր ստորագրությամբ տրված դիվանագիտական անձնագիր ունեցող մարդիկ: Դա, ախր, ծիծաղելի է: 254 մարդու ձեռքից խլել եք դիվանագիտական անձնագրերը: Մի հարց կարելի՞ է` պաշտոն ստացած իդիոտներիցդ քանիսի՞ անունն է առկա այդ ցանկում: Հանկարծ կպարզվի, որ այս ընթացքում վարչապետ Փաշինյանը դիվանագիտական անձնագրեր է շռայլել այն բոլոր «թրաշամանուկներին», որոնք հասցրել են մի քանի ամսում հարյուրավոր անպտուղ գործուղումների մեկնել Հայաստանի դեսպանընկալ եւ ոչ այնքան դեսպանընկալ երկրներ` ընդհուպ հարբեցողության պատճառով նույնիսկ Լոնդոնի ինքնաթիռից ուշանալով: Իսկ ո՞վ է ասել, որ կառավարությունում կարճ ժամանակով պաշտոն ստացած Փաշինյանների ընտանեկան վարսահարդար-իմիջմեյքերը չի հասցրել դիվանագիտական անձնագիր ստանալ նոր Հայաստանի վարչապետից: Մի զարմացեք, քանզի դիվանագիտական անձնագիր կարող է տրամադրվել ցանկացած անձի՝ ՀՀ վարչապետի որոշմամբ: Ըստ երեւույթին, հենց վարչապետի որոշմամբ էլ դիվանագիտական անձնագրից կարող է զրկվել ցանկացած անձ, որն այս կամ այն չափով «հաճելի» չէ վարչապետին, կամ էլ գույնը մի քիչ այն չէ:



Այսքանից հետո մնում է պարզել մի հարց` ի՞նչ պետք է անեին ՀՀ ԱԳՆ-ն եւ արհեստավարժ արտգործնախարարն այս «սիտուացիայում»: Թերեւս կարող էին խոսել վարչապետի հետ եւ, որպես դրսերում հաճախ եղած մարդիկ, բացատրեին, որ դիվանագիտական անձնագրերը մարդկանցից կարելի էր «խլել» նաեւ սուսուփուս, արժանապատվություն ունեցող պետությանը հարիր մոտեցմամբ, առանց աշխարհին ծանուցելու այդ մասին:



Չենք կարծում, որ այդ դեպքում 254 մարդ Հայաստանում, որոնք մինչ այս դիվանագիտական անձնագիր ունեին, այնպիսի աղմուկ բարձրացնեին, ինչպես ԱԳՆ-ն ու ԱԱԾ-ն, որոնք համատեղ ջանքերով, ի ցույց աշխարհի, դիվանագիտական անձնագրից զրկեցին աշխարհահռչակ հայ ֆուտբոլիստին:



ՀԳ. Ի դեպ, աշխարհի երկրները միմյանց հետ մրցում են, թե որ երկրի անձնագիրն է ամենաանցողիկը, այսինքն` ավելի մեծ թվով երկրներում հարգված եւ ընդունված: Առաջին տեղում ԱՄՆ-ն է, մնացածին չեմ հիշում: Հայաստանն այս ցանկում չկա օբյեկտիվ մի շարք պատճառներով: Դե, հետխորհրդային երկիր ենք, մեր առաջին նախագահն էլ այստեղ-այնտեղ միշտ հայտարարել է, որ գործող իշխանությունները լեգիտիմ չեն, հիմա Նիկոլն է այնպես անում, որ եղած մի քանի երկրներն էլ կասկածեն հայաստանցիներին: Այսքանից հետո մենք չէինք կարող առաջատար լինել վստահելի երկրների մեջ: Պատկերացրեք, որ Թրամփը գար ու Օբամայի կողմնակիցների ձեռքից հավաքեր անձնագրերը: Ճիշտն ասած, չգիտեմ էլ՝ ԱՄՆ քաղաքացիները դիվանագիտական անձնագիր ունե՞ն, թե՞ ԱՄՆ քաղաքացիությունն ինքնին դիվանագիտական աստիճան է ողջ աշխարհում:



Այսքան բան:



**Էդիկ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ**