Եղել են դեպքեր, որ իմ հորդորից հետո ամուսնալուծության դիմումը հետ են վերցրել

Եղել են դեպքեր, որ իմ հորդորից հետո ամուսնալուծության դիմումը հետ են վերցրել
Կառավարության երեկվա նիստում քննարկվեց «Ընտանեկան օրենսգրքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որով կարգավորվում է ամուսնալուծությունների ընթացակարգը։



Եթե կարճ ձեւակերպենք, նախագծի էությունը հետեւյալն է․ այսուհետ, եթե ամուսինները չունեն վեճ, պետք է ամուսնալուծվեն միայն ՔԿԱԳ մարմնի միջոցով, իսկ դատարան կդիմեն, եթե որեւէ հարցում չգան համաձայնության։ Մինչ այս՝ օրենքը թույլ էր տալիս կա՛մ դիմել դատարան, եթե չկա վեճ, կա՛մ ՔԿԱԳ։ Օրենքի այս կարգավորմամբ նպատակ ունեն բեռնաթափել դատարանների ծանրաբեռնվածությունը, որ միայն կոնկրետ վեճերի դեպքում դիմեն դատական կարգով ամուսնալուծության։ Թեեւ, իրականում, հենց այդպես էլ արվում էր մինչ օրս։



Արդարադատության փոխնախարար Սուրեն Քրմոյանն այս առնչությամբ ասաց՝ փոփոխությունն ուշագրավ է նրանով, որ առաջին անգամ քաղաքացու կողմից առաջարկվող փոփոխություն է։ Այսինքն՝ քաղաքացիներից մեկն է նկատել օրենքում այս բացը եւ փոփոխության անհրաժեշտությունը, դիմել է իրենց, իրենք էլ որոշել են ընթացք տալ քաղաքացու առաջարկին։ «Տրամաբանություն չկա՝ գործերը քննել դատարանում եւ դատարանին ծանրաբեռնել, եթե երկու կողմը եկել են համաձայնության ամուսնալուծվելու, եւ որեւէ այլ վեճ չկա, օրինակ՝ երեխայի ալիմենտի, երեխայի բնակվելու վայրի, գույքը բաժանելու եւ այլն»,- բացատրեց Քրմոյանը՝ նշելով, որ քաղաքացիները շատ անգամ իրազեկվածության պակասից էին դիմում դատարան, նաեւ՝ ֆինանսական գործոնով պայմանավորված։ Դատարան դիմելու համար նրանք վճարում են 4 հազար դրամ պետտուրք, իսկ ՔԿԱԳ՝ 10 կամ 15 հազար։



Քաղաքացիական կացության ակտերի գրանցման Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների տարածքային բաժնի պետ Աննա Մկրտչյանը, (Արփինե Հովհաննիսյանի մայրը) ով երկարամյա փորձ ունի այս ոլորտում` 2006-ից սկսած, մեզ հետ զրույցում ասաց, որ ավելի շատ ՔԿԱԳ են դիմում ամուսնալուծության համար, որովհետեւ դատարաններում շատ են գործերը, եւ այդքան արագ չեն լինում։ «Իսկ մեզ մոտ երեք ամիս է սահմանված կարգով, բայց մեկ ամսից մենք ամուսնալուծում ենք՝ համատեղ դիմումների հիման վրա։ Համատեղ դիմումներով քաղաքացիների ամուսնալուծություններն ավելի շատ են, քան դատարանի վճռով, քանի որ դատարանը եթե վճիռ է կայացնում ամուսնալուծության վերաբերյալ, միեւնույն է, գալիս՝ ՔԿԱԳ-ում գրանցվում են, որ ստանան ամուսնալուծության վկայական»,-ասաց Աննա Մկրտչյանը։



**-Տիկին Մկրտչյան, մեկ տարվա կտրվածքով վիճակագրությունն ինչպիսի՞ն է, ամուսնալուծություննե՞րն են շատ, թե՞ ամուսնությունները, ի՞նչ միտում կա այս հարցում։**



-Ամուսնալուծությունները մի փոքր շատացել են։ 2017 թվականին 624 ամուսնություն ենք գրանցել, 2018 թվականին՝ մինչ այս պահը գրանցել ենք 451, բայց քանի որ դեռ երեք ամիս կա մինչեւ տարվա վերջ, կարծում եմ՝ կաճի էդ թիվը եւ գրեթե կհավասարվի։ Նույնն էլ ամուսնալուծությունը՝ 2017 թվականին իրականացվել է 170 ամուսնալուծության պետական գրանցում, իսկ 2018-ից մինչ այս պահը ամուսնալուծությունները 145-ն են։



**-Ինչո՞վ է պայմանավորված ամուսնալուծությունների աճը։ Ձեր հարցազրույցներից մեկում ասել էիք, որ ընտանիք քանդելը հեշտ է, այն ստեղծելն ու պահպանելն է դժվար։ Հիմա քանդելն ավելի՞ է հեշտացել, թե՞ կազմելն է բարդացել։**



-Պարզապես երիտասարդներն անհանդուրժող են դարձել, երկար չեն մտածում, ավելի ազատ, ավելի անկախ են ուզում ապրել։ Դա է միգուցե պատճառը՝ հանդուրժող չեն միմյանց նկատմամբ։



**-Իսկ որքա՞ն ժամանակ է պահանջվում ամուսնալուծության համար։**



-Մենք զույգեր ունենք, որ ամուսնալուծության դիմում են ներկայացնում, մեկ ամիս ժամկետ է նշանակվում, ամուսիններից մեկի ցանկությամբ կարող են երկարացնել ժամկետը, բայց երկարացնելը չի կարող գերազանցել երեք ամիսը։ Դրանից հետո իրենք կա՛մ ընդհանուր որոշման են գալիս՝ ամուսնալուծվել, կա՛մ հրաժարվում են եւ դիմումը հետ են վերցնում։ Դա կարծես հաշտության համար սահմանված ժամկետ լինի։ Էդպիսի դեպքեր էլ են եղել, որ եկել հետ են վերցրել, բայց շատ քիչ է եղել։



**-Իսկ ՔԿԱԳ-ն որեւէ բարոյական պարտավորություն կամ հստակ սահմանված գործառույթ ունի՞, որ ավելի շատ փորձի հաշտեցման տանել, կանխի ամուսնալուծությունները։**



-Մենք ավելի շատ հոգեբանական գործողություններ ենք իրականացնում, բայց էդպիսի՝ հստակ դրված իրավական կամ բարոյական որոշում չկա։ Մենք ուղղակի մարդկայնորեն, եթե տեսնում ենք, որ մի կողմը համաձայն չէ, կամ ինչ-որ էմոցիոնալ արդյունքում են եկել էստեղ, իհարկե, համոզում եմ, հորդորում եմ, որ ավելի լավ մտածեն, էդ ասածներս կյանքի կոչեն, որ ընտանիք ստեղծելն ավելի դժվար է, քան քանդելը, որը վայրկյանների հարց է։ Եվ եղել են դեպքեր, որ իմ հորդորից հետո իրենք դիմումը հետ են վերցրել կամ ասել են՝ լավ, կմտածենք, կգանք, ու էդպես էլ չեն եկել։



**-Քիչ չեն դեպքերը, որ երիտասարդ զույգն ամուսնությունից մեկ տարի անց ամուսնալուծվում է։ Դրանք ի՞նչ տոկոս են կազմում։**



-Մենք ունենք դեպքեր, երբ ամուսնությունը գրանցելուց մեկ ամիս հետո էլ եկել են եւ ասել, որ այլեւս չենք ուզում միասին ապրել, հիասթափվել ենք կամ նոր ենք իրար ճանաչել… էդպիսի դեպքեր էլ են լինում, բայց շատ քիչ տոկոս են կազմում։



**-Իսկ որո՞նք են ամուսնալուծության հիմնական պատճառները։**



-Պատճառները հիմնականում անհաշտությունն է, ամուսնու արտագնա աշխատանքը, երբ կինն այլեւս չի ուզում միայնակ մնալ, իհարկե, ընտանիքն արդեն համատեղելի չէ, ընդհանուր կյանք չեն վարում։ Իհարկե, նաեւ սոցիալական վիճակը, որը հանգեցնում է նաեւ արտագնա աշխատանքի։



**-Իսկ դավաճանությո՞ւնը, թեպետ սա մի փոքր նուրբ հարց է…**



-Նուրբ հարց է, բայց երբեմն արտահայտվում են, նաեւ դիմումներում նշում են, որ դավաճանությունն է պատճառը, բայց էլի շատ քիչ են դեպքերը։ Իրենք գրում են «անհաշտություն», եթե հարցնում ենք ամուսնալուծության պատճառը… ի վերջո, բոլոր վեճերը կամ անհասկանալի իրավիճակները բերում են անհանդուրժողականության եւ անհաշտության։ Դա է հիմնականում։



**Վահե ՄԱԿԱՐՅԱՆ**